Եվ դժոխքի դռները չեն հաղթի…

Անցել են դարեր… սկզբնավորվել և փլուզվել են կայսրություններ, կործանվել քաղաքակրթություններ, ռազմական, քաղաքական և սոցիալական հեղաշրջումները փոխել են երկրի ինքնին կերպարանքը, բայց Եկեղեցին, որ հիմնվել է Հիսուս Նազովրեցու կողմից, վեր է հառնում, ինչպես մի ժայռ մոլեգնող ծովի մեջ:

Հավատքը, որն առաջին օրերին դավանում էր ընդամենը մի քանի տասնյակ մարդ, այսօր առաջնորդում է մոլորակի միլիոնավոր բնակիչների, ովքեր խոսում են տարբեր լեզուներով և ստեղծել են մշակույթների անթիվ ձևեր:

Երբ ավետարանական քարոզը, նման թարմ քամու, ներխուժում է անտիկ աշխարհի մեջ, այն բերում է հույս, նոր ուժ ու կյանք՝ անհույսներին ու կորուսյալներին: Քրիստոնեությունը միաբանում է Աթենքի իմաստությունը և Արևելքի ձգտումները Հռոմի՝ ընդհանուր «համաձայնության» երազանքի հետ. այն դատապարտում է բռնակալներին, բարձրացնում կնոջը, նպաստում ստրկության վերացմանը:

Ավելի ուշ Արևմուտքի բարբարոսական երկրներում այն դառնում է մարդասիրության և լուսավորության հիմք՝ ստիպելով բիրտ ուժին ընդունելու հոգևոր և բարոյական հեղինակությունը: Հետզհետե քրիստոնեական «խմորումը» Եվրոպայում և Նոր Աշխարհում դառնում է զարգացման աղբյուր, որը մարդու ողջ 50 հազար տարիների գոյությունը դեռևս չգիտեր:

Քրիստոնեությունն իր գիրկն էր տանում մարդկանց, ովքեր առաջին հայացքից ոչ մի ընդհանրություն չունեին միմյանց հետ. սկսած Հռոմի ստրուկներից մինչև Դանթեն, Դոստոևսկուց մինչ աֆրիկացի հովիվները: Այն զորացնում էր Կոլիզեի նահատակներին և ուժ տալիս 20-րդ դարում այն դավանողներին:

Ամեն դարաշրջանում Նոր Կտակարանը բացահայտում էր իր մեջ թաքնված ստեղծագործելու անսպառ ազդակները: Եթե Հիսուսի առաջին աշակերտները հասարակ գալիլեացիներ էին, ապա հետագայում Քրիստոսի խաչի առջև խոնարհվում են բոլոր ժողովուրդների մեծագույն մտածողները: Նրա Հայտնությունը լուսավորում է Օգոստինոսին ու Պասկալին, Նրա հանդեպ սերը ոգեշնչում պոետների, կյանքի կոչում սիմֆոնիայի հզոր մեղեդիներ:

Աստվածամարդու կերպարը անմահացրել են իրենց աշխատանքներում Միքելանջելոն, Ռեմբրանդտը, Վերածնունդի մեծագույն նկարիչները, Անգրեյ Ռուբլյովը, 3-րդ հազարամյակի շեմին Քրիստոսի մասին պատմող Ավետարանը թարգմանվում է անթիվ լեզուներով և տարածվում ողջ աշխարհով մեկ՝ չզիջելով մարդկային հանճարի փառաբանված ստեղծագործություններին:

Անգամ երբ շատ քրիստոնայներ մոռանում էին, թե «ինչ հոգուց էին իրենք», իսկ Փրկչի Ուխտի իրենց ուրացումը տրամադրում էր Եկեղեցու դեմ բազում թշնամիների, Ավետարանը առավել քան երբևէ շարունակում էր ազդել մարդկանց վրա: Արդարության, եղբայրության, ազատության, անձնուրաց ծառայության, բարու վերջնական հաղթանակի հանդեպ հավատքի և մարդկային անհատականության արժեքի իդեալները, մի խոսքով ամենը, ինչ ընդդիմանում է բռնակալությանն ու ստին, կենդանի ջրով «ոռոգվում» է Ավետարանի «աղբյուրից»:

Կայծակներն ու փոթորիկները անցնում էին Եկեղեցու վրայով, արտաքին և ներքին վտանգները սպառնում էին նրան: Առաջնորդների իշխանատենչությունը և ամբոխի անսանձ հեթանոսությունը, աշխարհային գայթակղություները, բացահայտ թշնամու ճնշումը և քրիստոնյաների մեղքերը, բաժանումներն ու վեճերը երբեմն, թվում է, թե հարցի տակ էին դնում Եկեղեցու ինքնին գոյությունը: Բայց այն դիմանում է ու անցնում բոլոր պատմական պայքարների ու ճգնաժամերի միջով:

Եկեղեցու անխորտակելիության գաղտնիքը Մարդու Որդու մեջ է, Ով, առաքյալի խոսքերով՝ «երեկ, այսօր և հավիտյան նույնն է», այն Հոգու պարգևների մեջ, որը հանգչում է Իրեն հավատարիմների վրա:

Մարդու չլուսավորված գիտակցությունը փնտրում է արտաքին մեծություն, երկրպագում է տեսանելի զորությանը, բայց Ավետարանը դա չէ, որ տալիս է. «Մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսը՝ հրեաներին գայթակղություն և հույներին հիմարություն»: «Այս դարի» աչքերում անտեսված Աստվածը ներկայանում է աշխարհին և փրկում է այն:

Ամեն հոգին, որ ունի Հիսուս Քրիստոսին, այսօրվանից գիտի, որ մարդը միայնակ թափառական չէ, ում համար չկա մեկը, որին նա կարող լինի կանչել անսահման տիեզերական անապատում, գիտի նաև, որ Աստծո զավակը աստվածային ծրագրերի մասնակիցն է: Քրիստոսի շնորհիվ անհասանելի Արարիչը մեզ մոտ դարձավ, և դա լցնում է մեր կյանքը ուրախությամբ, գեղեցկությամբ, իմաստով:

Ահա ինչու ամեն անգամ, երբ քրիստոնեությունը համարում էին արդեն «մահացած», այն, ինչպես Խաչյալն ու Հարություն առածը, գերեզմանից հառնում էր՝ ավետելով խոստմունքի ճշմարտությունը. «Դու ես Պետրոս, և այդ Վեմի վրա կկառուցեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չեն հաղթի նրան»:

Ոչ թե դոկտրինները կամ տեսությունները, այլ Ինքը Քրիստոսն է հավիտենապես նորոգում քրիստոնեությունը և տանում դեպի հավիտենություն:

Հարյուրամյակները, որ անցել են Հրեաստանում զատկական առավոտից՝ ոչ ավելին են, քան Եկեղեցու լիության նախաբանը, սկիզբն այն բանի, ինչ խոստացվել է Քրիստոսի կողմից: Բարի Լուրի կրոնը ապագայի կրոնն է: Բայց Աստծո Արքայությունը արդեն գոյություն ունի աշխարհի գեղեցկության մեջ և այնտեղ, որտեղ մարդկանց մեջ հաղթում է բարին, Աստծո ճշմարիտ աշակերտների մեջ, նրանց մեջ, ովքեր հոժար են հետևելու Նրան, ովքեր չեն լքել Քրիստոսին Իր Եկեղեցու ծանր փորձությունների ժամին….

«Տո՛ւր մեզ, աստվածայի՛ն Ուսուցիչ, նրանց հավատքի զորությունը, նրանց հույսի անխախտելիությունը և Քո հանդեպ նրանց սիրո կրակը: Երբ կյանքի ճանապարհին մոլորվելով՝ մենք կկանգնենք՝ չիմանալով ուր գնալ, թույլ տուր մեզ տեսնել խավարի մեջ Քո կերպարանքը:

Տեխնիկական դարաշրջանի մռնչյունի մեջ, որն այնքան զորավոր է և, միևնույն ժամանակ, այնքան աղքատ ու անզոր, սովորեցրու մեզ լսել հավիտենության լռությունը և թույլ տուր լսել Քո ձայնը, Քո խիզախություն տվող խոսքերը. «Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր՝ մինչև աշխարհի վերջը»:

Ալեքսանդր Մեն՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ավագ քահանա, աստվածաբան, քարոզիչ