Երբ քո աղոթքներն անպատասխան են մնում…

Երբ քո աղոթքներն անպատասխան են մնում…«Ահա մեր Աստվածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցիցը. և քո ձեռքիցն էլ, ով թագավոր, նա մեզ կազատի։

Եվ եթե ոչ, թող քեզ հայտնի լինի, ով թագավոր, որ քո աստծուն մենք չենք պաշտում և քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անում» (Դանիել 3.17,18):

Երբևէ եղե՞լ եք հիասթափված, երբ Աստված չի պատասխանել ձեր աղոթքին այն ճանապարհով, որով սպասում էիք կամ ակնկալում: Ես համոզված եմ, որ բոլորիս հետ է եղել: Բանն այն է, որ Աստված սովորաբար ունի այլ առաջնահերթություններ, քան մենք ունենք:

Մենք խնդրում ենք, որ Նա ազատի մեզ փորձությունից, մինչդեռ Աստված գուցե ցանկանում է, որ մենք անցնենք դրա միջով: Մենք ուզում ենք, որ մեր աղոթքները պատասխանվեն, մինչդեռ Աստված ցանկանում է, որ մենք աճենք՝ սպասելու միջոցով:

Մենք խնդրում ենք, որ զերծ մնանք տառապանքից, երբ Աստված գիտի, որ մեր այժմյան թեթև նեղությունը ամենագերազանց հավիտենական փառքի մեծություն է գործում մեզ համար (Բ Կորնթացիս 4.17):

Չպատասխանված աղոթքը բացահայտում է մեր սիրտը: Եթե մենք բարկանում ենք Աստծո վրա, դա ցուցանիշ է այն բանի, որ կյանքի այդ բնագավառում Աստված չէ մեր կենտրոնը, այլ մենք և մեր կամքը: Եթե Աստված է կենտրոնում, ուրեմն անկախ նրանից, թե Աստված մեզ դուրս կբերի, թե ոչ (Եբրայեցիս 11.35), մենք կարող ենք մնալ խաղաղ ու անդրդվելի մեր հավատքի մեջ:

Աստծուն չի վրդովեցնում մեր բարկությունը: Նա մեզ լավ գիտի: Բայց Նա իրապես ցանկանում է, որ մենք հասունություն ապրենք և ավելի նմանվենք Իր Որդուն՝ առաջնորդվելով հնազանդության նույն հոգով. «Եթե կարելի է, թող այս բաժակն ինձանից անցնի: Սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու» (Մաթևոս 26.39):

Աստված ձգտում է, որ հասցնի մեզ Իրեն հանձնվելու կետին:

Գուցե այն, ինչը չպատասխանված աղոթք ենք համարում, ինքնին Աստծո պատասխա՞նն է մեր աղոթքներին, որոնք աղոթել ենք ժամանակին՝ խնդրելով Նրան տանել մեզ ավելի խորը հավատքի մեջ: Մեր ներկայիս իրավիճակները կարող են հենց այն գործիքները լինել, որոնք Աստված օգտագործում է մեզ օգնելու համար, որ հասնենք ավելի խորը հավատքի ու ընթացքի:

Վերջիվերջո, եթե մենք չենք կարողանում հասկանալ ու սովորել Նրա ճանապարհները, ապա կարող ենք սովորել վստահել Նրան ու Նրա սրտին:

Կոլին Սքոթ