Երանի թե ինձ օրհնես… Հովիվ Նոդար Թադևոսյան

Երանի թե ինձ օրհնես… Հովիվ Նոդար ԹադևոսյանՄեր կյանքում հաճախ լինում են և՛ դրական, և՛ բացասական իրավիճակներ: Ցանկացած պարագայում մենք միշտ Տիրոջ կարիքն ունենք, այլապես կյանքը մեզ համար կլինի վերջացած:

Ամեն մեկս ունենք մեր առօրյա ընթացքը, գործը, ծառայությունները, բայց ամեն տեղ լինում են խանգարող բաներ, որոնք մեզ հուսահատեցնում են երբեմն, ու մենք արագ կորցնում ենք մեզ ու շփոթվում ենք: Ուշադիր լինենք՝ Աստված միշտ սովորեցնելու բան ունի մեզ:

Մենք կարող ենք շատ ծառայություններ ունենալ, շատ լավ պատգամներ տալ, սակայն կա մի բան, որի մեջ յուրաքանչյուրս թերանում ենք. դա աղոթքի կյանքն է: Չի կարող լինել օրհնություն ու առաջընթաց առանց աղոթքի կյանքի: Աստծո մարդու կյանքում աղոթքը երբեք չպետք է դադարի:

«Եվ Գաբեսը փառավոր էր իր եղբայրներից, և նրա մայրը նրա անունը Գաբես դրավ, ասելով, թե՝ Ցավով ծնեցի։ Եվ Գաբեսը կանչեց Իսրայելի Աստծուն ասելով. Ոհ եթէ ինձ օրհնեիր և իմ սահմանը մեծացնեիր և ձեռքդ ինձ հետ լիներ, և ինձ չարիցն ազատեիր, որ ինձ տրտմություն չլիներ։ Եվ Աստված բերավ նրա վրա նրա խնդրածը» (Ա Մնացորդաց 4.9-10):

Գաբեսն աղաղակեց Աստծուն, ու Նա լսեց:  Առանց Աստծո մեր կյանքը կլինի ցավ ու տառապանք, ու առանց աղոթքի կյանքի մենք չենք կարող օրհնության պատճառ լինել մյուսների համար էլ: Գաբեսը հավատաց Աստծուն ու աղաղակեց, Նա հավատում էր, որ Աստված լսում է և պատասխանում: Ի՞նչ խնդրեց Գաբեսը՝ Երանի թե ինձ օրհնես…  Գաբեսն օրհնության կարիք ուներ ամեն կողմից. Աստված Ինքն էլ ուզում է մեզ օրհնել ամեն կողմից:

Նա խնդրում էր ընդարձակել իր տարածքները, և խնդրում էր Աստծո ձեռքը միշտ լինի իր հետ: Աստծո ձեռքը Նրա ներկայությունն է, որի կարիքը մենք միշտ ունենք: Եթե այսօր ուզում ես Աստծո հետ ապրել, միշտ ձգտիր տեսնել Աստծո ներկայությունը քո կյանքում ոչ միայն խոսքով, այլ նաև գործով: Նա խնդրում է նաև չարից ազատվի, որպեսզի այլևս տրտմություն չլինի: Եթե դու Աստծո հետ չես քայլում, դու միշտ ցավ ու վիշտ կլինես, ու կվշտացնես մարդկանց: Մենք կարիք ունենք Աստծո ողորմությամբ ու ներկայությամբ բժշկվենք ու օգտակար լինենք մարդկանց: Գաբեսը հավատաց իր աղոթքի զորությանը, և Տերը լսեց նրան:

Հավատա՛ քո աղոթքի զորությանն ու կտեսնես պատասխանը: Ուզո՞ւմ ես փառավոր կյանքի մեջ ապրել, դա Աստծո ներկայության կյանքն է, ոչ թե հարստությունը, ճոխությունը կամ մեկ ուրիշ բան, այլ Աստծո ներկայությունը քո կյանքում: