Աստվածավախության օրհնությունը

Աստվածավախության օրհնությունը1. Առանց աստվածավախության հավատացյալը նման է ցավի ազդակները կորցրած մարդու: Այս վիճակը մեծ աղետների կարող է հանգեցնել և, չբուժվելու պարագայում, անգամ կարող է փրկությունը կորցնելու պատճառ դառնալ:

2. Մարդկային վախերի ու զգուշավորության վրա կառուցված աստվածավախությունը վերածվում է կրոնավորության և նման է արտաքին մաքրության վրա շեղված հոգեբանական խնդրի: Այս վիճակը հոգնեցնող է, խլում է մարդու ուժերն ու կենսախնդությունը և, ի վերջո, կարող է հանգեցնել աստվածավախության կորստի, որի հետևանքների մասին գրված է 1-ին կետում:

3. Սիրո և ակնածանքի վրա կառուցված աստվածավախությունը խոսում է հոգևոր առողջության մասին: Այն երբեք չի վերջանում, քանի որ սերը վերջ չունի: Սերը չի հոգնում: Հավատացյալը աստվածավախ է իր վարքում և խոսքի մեջ, քանի որ չի ապրում իր համար ու իր հաճույքների բավարարման փափագով, այլ ապրում է այն Մեկի համար, Ում սիրում է: Այս վիճակն անխուսափելիորեն հանգեցնելու է սրբության կյանքի, առանց որի ոչ ոք Աստծուն չի տեսնի:

Արման Մանուկյան