Այս օրը պատմության մեջ. Ջեքսոն Քեմպեր

Այս օրը պատմության մեջ. Ջեքսոն Քեմպեր1835 թ. այս օրը` սեպտեմբերի 25-ին, ավագ եպիսկոպոս Ուիլյամ Ուայթը, Ջորջ Վաշինգթոն Դոանը և ևս մի քանի եպիսկոպոսներ ձեռնադրում են Ջեքսոն Քեմպերին` ամերիկյան սահմանային շրջաններում աշխատելու համար:

Նախկինում Ջեքսոնն արդեն մեծ հետաքրքրություն էր ցուցաբերել արևմուտքի նկատմամբ՝ մի շարք միսիոներական ուղևորություններ կատարելով դեպի Փենսիլվանիա, Օհայո և Վիրջինիա:

Իր եռանդուն և անձնազոհ ծառայության ընթացքում նա հեռու էր տնից, ընտանիքից, երեխաներից:

Ջեքսոնը կոչ էր անում իր եկեղեցու ընկերներին ավելի մեծ ջանքեր գործադրել. «Եղբայրնե՛ր, հնարավոր է մեր պարտականությունը չէ վերափոխել աշխարհը, սակայն արդյոք մենք պատրա՞ստ ենք կատարելու մեզ վստահված պարտականությունների գոնե մեկ տասներորդը…»: Նա կոչ էր անում ավելի կենտրոնանալ ինքնակարգապահության, ինքնազոհության վրա և անձամբ օրինակ էր ծառայում` նվիրաբերելով իր համեստ եկամտի երկու երրորդը:

Երբ Ջեքսոնը նկատում է, որ արևելքից եկած իր օգնականները դժվարությամբ են հարմարվում արևմուտքի պայմաններին, դպրոց է հիմնում, որպեսզի ծառայողներ պատրաստի հենց արևմուտքի տղամարդկանցից: Սակայն, շատ չանցած, այդ դպրոցը փակվում է ֆինանսական դժվարությունների պատճառով: Հետագայում նա հիմնում է ևս երկու ուսումնական հաստատություն, որոնք հաջողություններ են ունենում:

Նա ստեղծում է նաև 8 թեմեր՝ Կալիֆորնիայում, Ինդիանայում, Այովայում, Կանզասում, Մինեսոտայում, Միսսուրիում, Նեբրասկայում և Վիսկոնսինում, և երեք այլ դպրոցներ: Բացի այս, Քեմպերն իր աջակցությունն է ցուցաբերում մի շարք առաքելությունների աշխատանքներին:

Պատկառելի տարիքում միայն, երբ արդեն վատառողջ էր, Ջեքսոնը տուն է վերադառնում:

Նա մահացել է 1870 թ. մայիսի 24-ին: Սրանք էին նրա վերջին խոսքերը. «Հույս ունեմ, որ հավատարիմ եմ եղել, հույս ունեմ, որ հավատս պահեցի»:

Աղբյուր` christianity.com