Մարդկանց 10 տեսակ, որոնց անհնար է օգնել

IMG_3693-681x325Արդեն ավելի քան 30 տարի է, ինչ ես հովիվ եմ և ցանկություն ունեմ օգնելու մարդկանց: Այնուամենայնիվ, մեծ ջանքերի շնորհիվ գիտակցեցի ու հասկացա, որ ես չեմ կարող օգնել ամեն մեկին, ով գալիս է եկեղեցի, կամ դիմում ինձ խորհրդի համար:

Ես կնկարագրեմ մարդկանց 10  տեսակ, ովքեր այնքան արմատացած են իրենց սովորությունների և մտածելակերպի մեջ, որ նրանց համար անհնար է անցնել հաջորդ մակարդակ: Դրա համար նախ անհրաժեշտ է, որ նրանք փոփոխություններ կատարեն իրենց վերաբերմունքի և վարքի մեջ:

Ես, որպես հովիվ, չեմ կարող օգնել այսպիսի մարդկանց՝

1. Նրանց, ովքեր պատասխանատվություն չեն վերցնում սեփական անձերի համար:

Կատարելագործման ճանապարհի առաջին քայլը արդարացումներից հրաժարվելն է անհաջողությունների ու միջակության համար: Նրանք, ովքեր իրենց անհաջողությունների մեջ մեղադրում են ուրիշներին, չեն կարող հաջորդ մակարդակ անցնել:

2. Նրանց, ում սիրտը չի փնտրում Աստծուն:

Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ «Աստծո երկյուղը իմաստության սկիզբն է» (Առակաց 9.10): Նրանք, ովքեր բավական հարգանք չունեն Աստծո հանդեպ, որ փնտրեն Նրա երեսը և ուսումնասիրեն Նրա Խոսքը, որպեսզի իմաստուն որոշումներ կայացնեն իրենց կյանքերի համար, խախտում են Աստծո խոսքը (Հեսու 1.8-9), և նրանց ոչ ես, ոչ մեկ այլ ավագ կամ ծառայող օգնել չեն կարող: Նրանք, ովքեր չեն հնազանդվում հաջողակ կյանքի համար Աստծո պահանջներին, որոշել են ինքնագլուխ հաջողության հասնել՝ առանց աստվածային օրհնությունների:

3. Նրանց, ովքեր չեն ցանկանում առաջնորդ ունենալ, չեն ընդունում որևէ ավագի, չեն սիրում «ստորադասի» դիրքում լինել:

Շատ մարդիկ մի եկեղեցուց մյուսն են անցնում, որովհետև զգուշանում են մտերիմ հարաբերությունների մեջ լինել ավագի հետ, որպեսզի ստիպված չլինեն հնազանդվել կամ հաշվետու լինել իրենց հոգևոր կյանքի համար: Վախ է դա, թե՝ ըմբոստություն, չեմ կարող հստակ մեկնաբանել, բայց նման կերպ ապրողները վատնում են իրենց կյանքը և չեն կարողանա հաղթահարել իրենց պոտենցիալ տարիքի ու զարգացման առաջին (մանկական) ժամանակաշրջանը:

4. Նրանց, ովքեր պահպանում են վատատեսական հայացք կյանքի նկատմամբ:

Կան մարդիկ, ովքեր հրաժարվում են մարզվել Աստծո հավատքի մեջ կամ լավատեսորեն մտածել, ինչպես հորդորում է մեզ Աստծո Խոսքը Փիլիպեցիների 4.8-ում: Դա կատարվում է այն պատճառով, որ որոշները այնքան մեծ հակվածություն ունեն կյանքից վատագույնը սպասելու, որ չեն վերապրում հիասթափություն ոչ մի առիթով: Առակաց 23.7-ը սովորեցնում է մեզ, որ ինչպիսին մարդու մտքերն են հոգու մեջ, այնպիսին էլ ինքն է: Ես չեմ կարող ոգեշնչել ու քաջալերել մի մարդու, ով հրաժարվում է մտածել իր ու իր կյանքի մասին Աստծո հայացքներին համապատասխան:

5. Նրանց, ովքեր հրաժարվում են ապագայի տեսիլքից:

Ես գիտեմ բազում տաղանդավոր ու օծյալ մարդկանց, ովքեր օրեցօր սպառում են իրենց կայնքը առանց որևէ ռազմավարական ծրագրի կամ տեսիլքի: Հաջողակ մարդիկ ունեն ներսում տեսիլք, որը ամեն օր բարձրացնում է նրանց ու սնուցում իրենց հոգիները ավելի, քան փող վաստակելու ցանկությունը: Ամեն քրիստոնյայի ներսում ապրում է Աստծուց տրված տեսիլք իր ապագայի համար: Եթե մարդը հրաժարվում է միանալ այդ տեսիլքին՝ որպես իր ուղեցույց լույսի, և հրաժարվում է գնահատել այն՝ որպես իր հաջողության չափանիշի, ապա իմ զրույցները, չեմ կարծում, որ մի բան կփոխեն:

6. Նրանց, ովքեր ապրում են ինքնախաբեության մեջ:

Շատ մարդիկ ապրում են՝ մերժելով որոշ ճշմարտություններ իրենց արտաքին ու ներքին կյանքի վերաբերյալ: Եվ մերժումը առաջին քայլն է դեպի ինքնախաբեությունը, որում նրանք ստեղծում են այլ՝ երևակայական իրականություն: Եվ այդ երևակայական իրականությունը մշտապես նրանց մտքերն ու էմոցիաները սնուցում է հենց այն ամենով, ինչ իրենք ցանկանում են լսել ու տեսնել: Դա կտրում է նրանց Աստծուց Խոսք ստանալու հնարավորությունից: Նման մարդիկ բաց չեն՝ լսելու հանդիմանություն ուրիշներից՝ համարելով, որ իրենք արժանի չեն դրան: Ես չեմ կարող օգնել նրանց, եթե միայն Աստված չխառնվի ու ազատ չարձակի նրանց սատանայական գայթակղությունից ու խաբեությունից (Բ Տիմոթեոս 2.23-25):

7. Նրանց, ովքեր չեն ցանկանում գին վճարել հաջողության համար:

Եկեղեցում կան նման մարդիկ, ովքեր ցանկանում են ճաշակել հաջողության բոլոր բարիքները ու արտոնությունները, բայց չեն ցանկանում գին վճարել հաջողության համար:

Ես բացահայտել եմ, որ չեմ կարող ոգեշնչել մարդուն ու օգնել նրան մտնել իր կոչման լիության մեջ, եթե նա չի ցանկանում ջանքեր թափել ու աշխատանք կատարել ինքն իրեն փոխելու համար:

8. Նրանց, ովքեր կենտրոնացած են սեփական նպատակների վրա, ոչ թե Աստծո Արքայության:

Կան մարդիկ, որոնց օրակարգում կան միայն իրենց անձնական առաջնահերթունները և վերջ: Նրանք չեն ցանկանում աշխատել թիմում ու լինել տեղական եկեղեցու աշխատանքների մասնակիցը: Նրանք ցանկանում են, որ ես իմ ժամանակը ներդնեմ իրենց կյանքի մեջ, բայց իրենք հազիվ թե ցանկանան ստացածը ներդնել եկեղեցու կամ Աստծո Արքայության մեջ: Ես հասկացել եմ, որ նրանք, ովքեր ցանկանում են օգտագործել եկեղեցին ու Աստծուն՝ սեփական շահի համար, խիստ սահմանափակում են սեփական կյանքը: Այդ պատճառով, նման մարդկանց ես հանգիստ եմ թողնում, մինչև իրենք չփոխվեն: Բոլորս կանչված ենք մեռնելու մեր անձերի համար ու փնտրելու նախ Աստծո Արքայությունը: Դա ավելի մեծ պտուղ կբերի մեր նախասահմանության իրականացման մեջ, քան եթե կենտրոնանանք միայն սեփական նպատակների կատարման վրա:

9. Նրանց, ովքեր հրաժարվում են ուխտը պահելուց:

Ես ստիպված եմ եղել հեռանալ բազում տաղանդավոր մարդկանցից այն պատճառով, որ նրանք չեն կարողացել հավատարիմ մնալ իրենց պարտավորությունների մեջ, կամ, որովհետև նրանք կորցրել են իմ վստահությունը՝ բամբասելով ուրիշների մասին: Սաղմոս 14.3-4-ում գրված է, որ իր մերձավորին բամբասողը  չի կարող Աստծո խորանում կենալ:

10. Նրանց, ովքեր չունեն թափանցիկություն, խոնարհություն և ողջախոհություն:

Աստվածաշունչը սովորեցնում է խոստովանել մեր սխալները իրար ու աղոթել իրար համար, որ մենք լինենք բժշկված (Հակոբոս 5.16): Նա, ով չի խոստովանում իր մեղքերը, չի կարող անհատական աճի համար անհրաժեշտ հարաբերությունների մեջ լինել իր ավագի հետ: Մարդը, ով թաքցնում է իր մեղքերը, ինձ զրկում է բացահայտ կերպով խոսել իր կյանքի և իրեն օգնելու հնարավորությունից: Իրենց հոգևոր զարգացման մեջ առաջընթաց ցանկացողները պետք է սովորեն մեղքերի խոստովանության հոգևոր կարգուկանոնը: (Առակաց 28.13):

Ջոզեֆ Մատերա