Ճապոնական թարմ ձկներն ու փոքրիկ շնաձկները

Ճապոնացիները միշտ սիրել են թարմ ձուկ, սակայն Ճապոնիայի մոտ ջրերն այդքան շատ ձուկ չէին բերում այդ երկիր: Որպեսզի կարողանան գնալ ավելի հեռուն, ձկնորսներն իրենց նավակներն ավելի են մեծացնում:

Դրանցով նրանք ավելի հեռու էին կարողանում գնալ, սակայն ձուկը բերելն էլ ավելի երկար էր տևում: Երբ ձուկը բռնելուց մի քանի օր անց բերում հասցնում էին ափ, այն այլևս թարմ չէր լինում, և ճապոնացիներին դուր չէր գալիս դրանց համը:

Այս խնդիրը լուծելու համար ձկնորսական ընկերությունները նավակների մեջ սառցարաններ տեղադրեցին: Նրանք պետք է բռնեին ձուկը և սառեցնեին հենց ծովում: Սառցարանների օգնությամբ նավակներն ավելի հեռու էին գնում, իսկ ձկները՝ երկար պահպանվում, սակայն ճապոնացիները տարբերում էին թարմ ու սառեցված ձկների համը և սառեցված ձուկ չէին սիրում:

Ձկնորսական ընկերությունները հարցը փորձեցին լուծել ակվարիումների միջոցով, նրանք ձուկը բռնում էին և լցնում ակվարիումների մեջ: Սակայն սա էլ չօգնեց: Մի քանի օր անց ակվարիումների մեջ ձկները կամ սատկում էին, կամ էլ դառնում դանդաղաշարժ ու ոչ ակտիվ:

Եվ պատկերացրեք՝ ճապոնացիները կարողանում էին տարբերել նաև այս ձկներին ու հրաժարվում էին վճարել դրանց դիմաց: Նրանք սիրում էին թարմ, առույգ ձկների, ոչ թե տկար և դանդաղաշարժ:

Իսկ ինչպե՞ս հաջողվեց ճապոնացիներին, այնուամենայնիվ, ունենալ թարմ, ակտիվ ու արագաշարժ ձկներ, ինչպիսին որ հաճախորդներն էին ցանկանում:

Ճապոնիայի ձկնորսական ընկերությունները կրկին ձկները լցնում են ակվարիումների մեջ, բայց այժմ նրանք յուրաքանչյուր ակվարիումի մեջ նաև փոքրիկ շնաձուկ են դնում: Հետդարձի ճանապարհին շնաձուկն ուտում է որոշներին, բայց ձկների մեծ մասը կենդանի է մնում: Նրանք աշխույժ էին, արագ էին լողում և ավելի դիմացկուն էին: Հենց այսպիսի ձկներ էին նախընտրում ճապոնացիները:

Հ.Գ. Մեզնից շատերն էլ ապրում են լճակում, բայց որոշները ժամանակի ընթացքում հոգնում են, թուլանում, ձանձրանում, հանձնվում: Մեր կյանքում ևս երբեմն պետք են փոքրիկ «շնաձկներ», որպեսզի մեզ արթուն պահեն, ստիպեն լինել շարժման մեջ և չկորցնել զգոնությունը:

«Սերմնացան» ամսագիր