Այս օրը պատմության մեջ. Շառլոթ Էլիոթ

Այս օրը պատմության մեջ. Շառլոթ ԷլիոթՇվեյցարացի ավետարանիչ և հոգևոր հիմների հեղինակ Ցեզար Մալանը միշտ սիրում էր խոսել Քրիստոսի մասին: Մեկ օր` Անգլիա այցելության ժամանակ, նա զրուցում է մի երիտասարդ կնոջ հետ, պատմում Հիսուսի ու Նրա անսահման սիրո մասին և հարցնում, թե նա կցանկանա՞ր արդյոք ընդունել Հիսուսին՝ որպես Տեր ու Փրկիչ: Այդ կինը Շառլոթ Էլիոթն էր. նրան վրդովեցնում է Մալանի հարցը: Ավետարանիչը ներողություն է խնդրում իր հարցի համար ու հեռանում:

Նրա խոսքերը, այնուամենայնիվ, շրջադարձային են լինում Շառլոթի համար: Երեք շաբաթ անընդհատ հիշելով դրանք՝ ի վերջո, նա հանդիպում է Մալանին և պատմում, որ այն պահից, ինչ նա խոսել է իր հետ, ինքը փորձում է գտնել Հիսուսին: Նա հարցնում է, թե ինչպե՞ս կարող է գալ Աստծո մոտ: «Դու ոչ մի արժեքավոր բան չունես Աստծո առջև բերելու: Պետք է գաս այնպիսին, ինչպիսին կաս»,- պատասխանում է ծառայողը: Ուրախանալով՝ Շառլոթը հենց այդպես էլ անում է:

33 տարեկանից սկսած՝ Շառլոթն անցնում է շատ հարձակումների միջով. «Իմ երկնային Հայրը գիտի, և միայն Նա գիտի, թե ինչ է նշանակում օր օրի և ժամ առ ժամ պայքարել ամենատարբեր զգացմունքների դեմ: Եվ Նա ինձ ուժ է տալիս ոչ թե տեղի տալու ընկճվածությանը, նյարդային վիճակին, ինչպես մարմինն է ինձ թելադրում, այլև ամեն առավոտ վեր կենալ հաստատ որոշմամբ` ապրելու այս կարգախոսով. «Եթե մեկը ցանկանում է Իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա և իր խաչն առնի ու իմ հետևից գա»:

Շառլոթի՝ տարիներ անց գրած հիմնը շատերին է ոգեշնչել և դրել քրիստոնեական ճշմարիտ ուղու վրա. այդ հիմնը մեծ տեղ է գրավում հոգևոր հիմների պատմության մեջ.

«Այնպիսին, ինչպիսին կամ,
Չկա պատճառ արդարացման,
Բայց Քո արյունը թափվեց ինձ համար,
Եվ Դու հրավիրում ես ինձ Քեզ մոտ գալ,
Օ˜, Գառն Աստծո, ես գալիս եմ, գալիս եմ»:

Շատ պատմություններ կան մարդկանց մասին, որոնց կյանքերը փոխվել են այս խոսքերի շնորհիվ: Բիլլի Գրեհեմը օգտագործել է այս խոսքերը՝ իր արշավներին մարդկանց հրավիրելու համար:

Այս օրը՝ սեպտեմբերի 22-ին, 82 տարեկան հասակում, Շառլոթ Էլիոթը կնքում է իր մահկանացուն: Մահից հետո հազարավոր նամակներ են հայտնաբերվում նրա թղթերի մեջ, որտեղ մարդիկ գրել էին, թե որքան էր նրա հիմնը փոխել իրենց կյանքերը:

Հ.Գ. Ինչե՜ր կարող են անել մեր արած արտահայտությունները… Սիրելի քրիստոնյա, վկայի՜ր, խոսի՜ր Հիսուս Քրիստոսի ու նրա գործի մասին, պատմի՜ր մարդկանց Ավետարանի Բարի Լուրի մասին: Գուցե քեզ մերժեն այսօր, չընդունեն, հակառակվեն, իսկ վաղն այդ խոսքերը նրանց համար կյանքի աղբյուր դառնան…

Աղբյուր` christianity.com