Աղոթքի երեք դաս Պողոսից

Պողոսի նամակները՝ ուղղված առաջին եկեղեցիներին, սկսվում են ջերմեռանդ աղոթքներով:

Մեջբերում եմ երեք օրինակ Պողոսի աղոթքի կյանքից, որոնք մենք կարող ենք օգտագործել մեր աղոթքներում.

  1. Ամենից առաջ գոհացեք

«Չեմ դադարում ձեզ համար գոհություն տալուց՝ ձեզ իմ աղոթքներումը հիշելով» (Եփեսացիս 1.16):

«Գոհանում եմ Աստվածանից՝ ամեն ժամանակ հիշելով քեզ իմ աղոթքներում» (Փիլիպպեցիս 1.4):

Անկախ իր գրելու նպատակից՝ քաջալերելու, ոգեշնչելու, հանդիմանելու կամ տեղեկացնելու, Պողոսը ցույց էր տալիս, թե որքան շնորհակալ է նրանց համար և ինչպես է հայտնում իր գոհությունը Տիրոջը աղոթքով:

Գոհությունը մեր հայացքը շեղում է մեր խնդիրներից և ուղղում առ Աստված և այն բարի գործերի վրա, որ Նա է արարում: Հեշտ է մոռանալը, թե ինչպես է Նա հոգում մեր մասին, երբ մենք ցավի կամ խնդիրների մեջ ենք: Գոհութունը բացում է մեր աչքերը Նրա բարության հանդեպ՝ մեր խնդիրների մեջ:

  1. Անդադար աղոթք արեք

«Գոհանում ենք Աստվածանից ամեն ժամանակ ձեր ամենի համար՝ ձեզ հիշելով մեր աղոթքներումը» (Ա Թեսաղոնիկեցիս 1.3):

«Նրա համար մենք էլ այն օրիցը հետո որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթք անելուց և խնդրվածք մատուցանելուց» (Կողոսացիս 1.9):

Պողոսը կրկնում է, որ ինքն անդադար աղոթում է եկեղեցու համար:

Նախկինում զարմանում էի, թե ինչպես է նա ասում, որ անդադար աղոթք է անում: Հետո երբ մեկ անգամ ընկերներիցս մեկի հետ հարաբերություններում խնդիր ունեցա, խորհում էի այդ մասին ու հասկացա, որ ներսի խոսակցությունը, որը կատարվում է իմ գլխում, կարող է նաև աղոթք լինել: Սկսեցի ներսումս խոսել Աստծո հետ: Ես հաճախ մեքենա եմ վարում՝ չմիացնելով ռադիոն, և այդպես կարողանում եմ վայելել լռությունը՝ ուղղելով իմ մտքերն առ Աստված, կամ աղոթք եմ անում իմ ընտանիքի անդամներից մեկի համար, երբ լվացք եմ անում կամ ափսե լվանում:

  1. Կենտրոնացեք Հիսուսի վրա

«Որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը տա ձեզ իմաստության և հայտնության հոգի՝ իր գիտությունովը» (Եփեսացիս 1.17):

«Որ ամեն ժամանակ իմ ամեն աղաչանքներումը ձեր ամենի համար աղոթք եմ անում ուրախությունով. ձեր ավետարանին հաղորդ լինելու համար այն առաջի օրիցը մինչև հիմա» (Փիլիպպեցիս 1.4-5):

Պողոսի աղոթքները մշտապես կենտրոցած էին Քրիստոսի և Հոր զորության վրա, Ով գործում է Հիսուսի և Սուրբ Հոգու միջոցով: Պողոսի աղոթքները արտահայտում էին նրա ցանկությունն այն մասին, որ մարդիկ ավելի շատ ճանաչեն Քրիստոսին և տեսնեն Հոր զորությունը, որ մարմնավորում է Հոր կամքը՝ հավատացյալների կյանքի միջոցով: Նա չէր կենտրոնանում այն բանի վրա, թե մարդկանց կյանքում կա՞ հաջողություն կամ խնդիր: Փոխարենը նրա աղոթքները կենտրոնանում էին այն ցանկության վրա, որ մարդիկ ճանաչեն Քրիստոսին ողջ լիությամբ և ապրեն Նրան արժանավայել կյանքով ամեն իրավիճակում, հատկապես փորձությունների ժամանակ:

Աղոթքն այն չէ, ինչ մենք անում ենք՝ պարզապես հոգևոր կյանքի մեր գրացուցակում նիշ դնելու համար: Դա հնարավորություն է՝ անձնապես հաղորդակցվելու Աստծո հետ: Տվեք ձեր հարցերը, խնդիրները և ամենօրյա կյանքը Աստծուն: Վերապրեք հանգստությունը, որը բխում է ձեր բեռը Նրա ոտքերի մոտ հանձնելուց:

Մի անհանգստացեք այն մասին, թե ինչպես ճիշտ խոսքեր ասել: Եվ եթե չգիտեք՝ ինչպես սկսել, սկսեք Պողոսի խոսքերով:

Ամելիա Ռոդես