Ուսուցման ու ճշմարիտ վարդապետության կարևորությունը

Ուսուցման ու ճշմարիտ վարդապետության կարևորությունը«Բայց եպիսկոպոսին պետք է անարատ լինել, մեկ կնկան մարդ, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, սովորեցնելու հարմար» (Ա Տիմոթեոս 3.2):

«Սովորեցնելու հարմար», կամ ինչպես անգլերեն թարգմանության մեջ է ասվում՝ «Կարող՝ սովորեցնելու»:

Սա նման է մի փայլատակող կայծակի, որ զատում է եպիսկոպոսության ձգտողներին սարկավագներից: Սա մի որակավորում է հովվական ծառայության համար, որը նրանց առանձնացնում է այն ամենից, ինչ Նոր Կտակարանը ակնկալում է բոլոր քրիստոնյաներից:

Ա Տիմոթեոս 3.1-7-ը տալիս է որակավորման ցուցակ եպիսկոպոսության ձգտողների համար, իսկ 8-13 խոսքերը՝ սարկավագների, և այս ողջ հատվածում առանձնանում է մեկ հատկանիշ՝ «սովորեցնելու հարմար»:

Հովվական ծառայության սրտում վարդապետությունն է

Հովվական ծառայության սրտում վարդապետությունն է, որը Նոր Կտակարանի էությամբ է ներծծված: Այն, ինչ առաջարկում են քրիստոնյա հովիվները, հիմնականում, մարդկանց մեծ ամբոխները զվարճացնելու կարողությունը չէ:

Նրանք Աստծո Խոսքի տնտեսներ են` Աստծո Խոսքը մատուցողներ և վարդապետներ, այսինքն՝ ուսուցիչներ: Աստված Իր եկեղեցուն տվել է «հովիվ-ուսուցիչներ»՝ որպես մարդիկ, ովքեր կարողություն ունեն ընդունելու, հասկանալու, ներգրավվելու, հասնելու,  պաշտպանելու և արդյունավետորեն փոխանցելու խոսք իրենց ժողովրդին և աշխարհին:

Հովիվների ազդեցությունը կապված է եկեղեցում իշխանության ճշմարիտ աղբյուրի՝ Քրիստոսի հետ: Քրիստոսն է եկեղեցու գլուխը, Նրանն է վերջին խոսքը, և Նա նշանակել է առաքյալների՝ հեղինակությամբ խոսելու Իր Խոսքը եկեղեցու առաջին սերնդում: Եկեղեցու հեղինակության հարատև աղբյուրն այսօր նրանց գրի առնված Խոսքն է: Ահա թե ինչու «ուսուցում» բառը այդքան կարևոր է քրիստոնեության մեջ՝ եկեղեցում:

Հավատարիմ հովիվները հավատարիմ եկեղեցիներում ունեն իշխանություն այն չափով, որքան հավատարմորեն սովորեցնում են առաքյալների խոսքը, որն էլ հենց Աստծո Խոսքն է:

Ուսուցման կենտրոնական սկզբունքը

Անխուսափելիորեն, մեր եկեղեցիները կկորցնեն ժամանակի ընթացքում իրենց ճանապարհը, եթե կորցնեն կապը Նոր Կտակարանի վարդապետության կարևորության հետ:

Որպես հիմք առնելով Հովվական Թղթերը (Ա ու Բ Տիմոթեոս և Տիտոս)՝ ուսուցումը, այսինքն՝ վարդապետությունը, ավելի կենտրոնական դեր ունի եկեղեցու կյանքում և առողջ լինելու մեջ, քան շատերը կարող են կարծել 21-րդ դարում:

Խորհեք այս 7 պնդումների շուրջ.

  1. Աստծո հեղինակությունը բխում է այն ամենից, ինչ եկեղեցին է սովորեցնում:

«Աստծո անունը և վարդապետությունը» (Ա Տիմոթեոս 6.1) գնում են միասին՝ կամ լինելով մեծարված, կամ անարգված: Մեր քաղաքներում Աստծո անունն ու պատիվը կախված է հենց այն ամենից, ինչ եկեղեցին է սովորեցնում:

  1. Առաքյալների համար գլխավոր նշանակություն էր կրում վարդապետներ լինելը:

Քրիստոնեական հավատքի էությունը՝ սրտում վարդապետություն ունենալն է, իսկ սա նշանակում է, որ առաքյալների համար կարևոր էր ուսուցիչ, այլ ոչ միայն պարզապես որոշում կայացնողներ լինելը: Երկու անգամ Պողոս առաքյալը հիշատակում է, որ ինքը պարզապես առաքյալ չէ, այլ նաև վարդապետ է (Ա Տիմոթեոս 2.7):

  1. Եկեղեցու առաքելությունը պահանջում է ուսուցում:

Քրիստոնեական աշակերտությունը պահանջում է վարդապետություն: Աշակերտ բառը ենթադրում է «սովորող» մարդու առկայությունը: Եվ այսպես, Մեծ Հանձնարարականի կատարման համար անհրաժեշտ է ուսուցանել: Աշակերտ լինելը ենթադրում է հետևել մեկ ուրիշի վարապետությանը (Բ Տիմոթեոս 3.10), և աշակերտության ընթացքի համար կարևորը ոչ թե պարզապես նոր քրիստոնյաներ կրթելն է, այլ պատրաստելը «հավատարիմ մարդկանց, ովքեր կարող կլինեն ուրիշներին սովորեցնել» (Բ Տիմոթեոս 2.2):

  1. Աստված նախասահմանել է, որ Իր Խոսքը պետք է ուսուցանվի:

Աստծո Խոսքը, որ խոսվել է առաջին ուխտի մարգարեների և նոր ուխտի առաքյալների բերանով, պարզապես լսելու համար չէ, այլ ուսուցանվելու. «Ամեն գիրք… օգտակար է վարդապետության» (Բ Տիմոթեոս 3.16): Եկեղեցու առաջնորդները պատվեր ունեն, ինչպես Տիմոթեոսը. «Խոսքը քարոզիր. վրա հասիր՝ թե ժամանակին լինի, թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամեն երկայնմտությունով և վարդապետությունով» (Բ Տիմոթեոս 4.2): Ինչպես տեսնում ենք՝ վարդապետությունը գնում է ձեռք ձեռքի եկեղեցում ճշմարիտ իշխանության հետ:

  1. Սխալը տարածվում է «կեղծ ուսուցիչների» միջոցով:

Սխալ ուսմունքը եկեղեցում տարածվում է կրկին վարդապետության միջոցով. (Ա Տիմոթեոս 1.3-7, Տիտոս 1.11): Ի՞նչ են անում սխալ ուսուցիչները: Սովորեցնում են: Եվ սա զգոնության ազդանշան է՝ դառնալու եկեղեցում ուսուցման կարևորությանը՝ բարու և չարի զանազանության համար:

  1. Առաջնորդները շտկում են սխալը ճշմարիտ վարդապետության միջոցով:

Ճշմարիտի և ստի միջև պայքարը տարվում է ուսուցիչների միջև, ոչ թե հմտությունների միջև: Հավատարիմ առաջնորդները քարոզում են «Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերը և աստվածապաշտության համեմատ վարդապետությունը», մինչդեռ ովքեր ախտոտում են եկեղեցին՝ «ուրիշ կերպ բան են սովորեցնում» (Ա Տիմոթեոս 6.3): Երբ գալիս է ժամանակը, որ այդ թափառող հոգիները այլևս «չեն համբերում ողջամիտ վարդապետությանը» (Բ Տիմոթեոս 4.3), նրանք «իրենց հատուկ ցանկությունների համեմատ վարդապետներ կդիզեն իրենց վրա, իրենց լսելիքների մարմաջելու պես»: Այստեղ կարևորն այն չէ, թե կունենա՞ք արդյոք ուսուցիչներ, այլ թե ովքեր կլինեն նրանք:

  1. Ավագ հովիվները եկեղեցում ուսուցիչներն են:

Տեղական եկեղեցում առաջնորդները իրենց նվիրում են վարդապետությանը (Ա Տիմոթեոս 4.13): Կեղծ վարդապետությանը պետք է պատասխանել ճշմարիտ վարդապետությամբ: Վարդապետությունը եկեղեցում ընտրության ենթակա չէ, այն գլխավոր է:

Եկեղեցում առաջնորդները չեն որոշակիացվում՝ որպես որոշում կայացնողներ կամ փորձառու գործարարներ, այլ որպես «խոսքով և վարդապետությամբ աշխատողներ» (Ա Տիմոթեոս 5.17):

Այսօր մշակութային ճնշումը արտասովոր ձևով մեծ է հովիվների և եպիսկոպոսների վրա՝ լինելու փորձառու մասնագետ ամեն ինչում՝ վարդապետությունից զատ: Բայց եթե մենք հավատարիմ ենք Աստվածաշնչի վարդապետությանը, Աստծո Խոսքին, մեր նկատմամբ, մենք կանցնենք ու կճեղքենք այդ ամեն ճնշումները:

Մենք որակավորում չենք հանձնում մարդկանց, այլ կերակրում ենք քաղացած հոգիները: Եվ այդ ընթացքը հաջողությամբ չենք անցնի առանց փորձառու, նվիրյալ ուսուցիչների, ովքեր միասին են աշխատում՝ հովվելու հոտը:

Դեյվիդ Մեթիս