Սեպտեմբերի 20-ը` քրիստոնեության պատմության մեջ

Սեպտեմբերի 20-ը` քրիստոնեության պատմության մեջ1921 թ-ի այս օրը` սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյան, Ուիլյամ Քիրքփեթրիքի աշխատասենյակի լույսը դեռ վառ էր: Ինչպես միշտ նա երաժշտություն էր գրում, ցավոք, այդ օրը վերջին անգամ….

Ուիլյամ Քիրքփեթրիքը ծնվել էր 1838թ-ին Փենսիլվանիայում: Մանուկ հասակից նա տիրապետում էր մի քանի երաժշտական գործիքի: 21 տարեկանում արդեն լույս է տեսնում նրա օրհներգերի առաջին ժողովածուն:

Հետագայում Ուիլյամը երաժշտությանը նվիրված շուրջ 50 գիրք է հրատարակում: Նրա սիրված օրհներգերից են` «Մենք լսել ենք ուրախության ձայնը», «Քաղցր է հավատալ Հիսուսին», «Փրկված եմ. որքա՜ն եմ սիրում հռչակել այդ մասին» , «Նա պահում է իմ հոգին» և այլն:

«Տե´ր, գալիս եմ տուն» երգի և´ խոսքերի, և´ երաժշտության հեղինակը Ուիլյամն է: Այս երգի հետ կապված մի հետաքրքիր պատմություն է հայտնի. ճամբարային հանդիպումներից մեկի ժամանակ Ուիլյամը նկատում է, որ մենակատարներից մեկը, ով ձայնային մեծ տվյալներ ուներ, չէր մասնակցում քարոզներին. քրիստոնյա չէր: Ուիլյամը տխրելով մտնում է իր վրանը և ծնկաչոք աղոթք անում այդ երիտասարդի համար: Շատ չանցած` նրա մտքում սկսում են ձևավորվել «Տե´ր, գալիս եմ տուն» երգի բառերը, և նա անմիջապես գրի է առնում դրանք.

Աստծուց շատ հեռու երկար թափառած`

Դեպի տուն եմ դառնում ես հիմա:

Մեղքի ուղիով եմ քայլել շատ երկար,

Տե´ր, տուն եմ դառնում ես հիմա:

Գալիս եմ տուն. ետդարձի ճամփա այլևս չկա,

Դեպի լայն բացած Քո գիրկը սիրո,

Տե´ր, տուն եմ դառնում ես հիմա:

Ուիլյամը այս տողերը հանձնում է մենակատարին: Հուզված կատարելով երգը` երիտասարդը հավաքույթի ավարտին մոտենում է խորանին. այդ գիշեր նա իր սիրտը նվիրում է Քրիստոսին: Այս երգը հետագայում մեծ հռչակ է ձեռք բերում` շատերին դարձի բերելով դեպի Քրիստոս:

Աղբյուր` christianity.com