Ջոն Ուիկլիֆ. Ռեֆորմացիայի «վաղորդյան աստղը»

Ջոն Ուիկլիֆ. Ռեֆորմացիայի «վաղորդյան աստղը»«Աստվածաշունչն է ողջ քրիստոնեական դոկտրինայի հիմքը, և յուրաքանչյուր մարդ պետք է իրավունք ունենա իմանալու Աստծո Խոսքը». սրանք Ջոն Ուիկլիֆի (1320-1384 թթ.) խոսքերն են՝  համալսարանի դասախոսի ու աստվածաբանի, ով դրել է ռեֆորմացիայի վարդապետության հիմքը՝ ճանապարհ բացելով դրա առաջին քայլերի համար:

Ջոն Ուիկլիֆին կոչում են «ռեֆորմացիայի վաղորդյան աստղ»: Ժամանակի հետ նրա կյանքից քիչ բան է փոխանցվել, մինչդեռ կա նրա գործը: Նրա սկզբունքը կայանում էր այս խոսքերում. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է»:

Ջոն Ուիկլիֆը ծնվել է ոչ այնքան հարուստ ազնվականի ընտանիքում, ով Յորքշիրում մի փոքրիկ կալվածքի տեր էր:

16 տարեկանում ընդունվելով Օքսֆորդի համալսարան՝ Ուիկլիֆը 15 տարի շարունակ ուսանում է այնտեղ՝ սկզբում ստանալով աստվածաբանության բակալավրի, իսկ հետո աստվածաբանության դոկտորի կոչում, վերջում էլ դառնում է համալսարանի ռեկտորը:

Նրան միշտ առաջ էր շարժում ճշմարտության ծարավը, ու հենց այդ ծարավն էլ բերում է Աստվածաշնչի ուսումնասիրությանը, քանի որ սովորական գիտությունները չէին կարող պատասխանել նրա հարցերին:

Մասնավորապես ժանտախտի էպիդեմիան, որ Ուիկլիֆի օրերում մոլեգնում էր ողջ Անգլիայով, վերջինիս ստիպում է պատասխաններ որոնել Աստվածաշնչում, ինչն էլ օգնում է նրան հաղթել անհանգստությունը և վախը՝ այն հավատքով, որ վերջին խոսքն Աստծունն է:

XIV հարյուրամյակում ծաղկում էին ճգնավորական միաբանությունները: Խնդիրը նրանում էր, որ ճգնավորները իշխանություն ունեին խոստովանություն ընդունելու ու մեղքեր ներելու, ինչի միջոցով էլ առատորեն լցնում էին սեփական գրպանները՝ վաճառելով ինդուլգենցիաներ և  խրախուսելով բոլորին հեշտությամբ գնել սեփական «ներումը»՝ անկախ կատարած հանցանքից:

Այս միաբանությունները մեծ տարածում ու հայտնիություն ունեին, այնպես որ՝ երիտասարդ տղաները ամեն բան թողնում էին՝ հեշտ կյանքի սպասումով: Նման իրադրությունը երկրում առաջացնում էր բացասական արձագանք ժողովրդի և Ջոն Ուիկլիֆի կողմից, ով կարող էր տեսնել ստացված իրադրության արմատը: Դրա հիմքում Պապական օրենքներն էին, որոնց լռակյաց հետևել Ուիկլիֆը չէր կարող:

Ուիկլիֆը կազմում է հասարակ նվիրյալ մարդկանց խմբեր, ովքեր կարող էին ճամփորդել ողջ Անգլիայով մեկ և սովորեցնել աղքատ մարդկանց Աստվածային ճշմարտություններ՝ ճանապարհի խաչմերուկներում և շուկայական հրապարակներում: Նրա սրտում վառվում էր Աստվածային ճշմարտությունը իր ուսանողներին հասցնելու փափագը, այնպես որ ուսանողներն անվանում էին նրան «Ավետարանի դոկտոր»:

Նա գնում է առաջ՝ Աստծո Խոսքը ժողովրդի մեծ զանգվածների հասցնելու փափագը սրտում, ինչն էլ հանգեցնում է Աստվածաշնչի թարգմանությանը անգլերեն լեզվի:

Աշխատանքի արժեքը որոշվում է հետագա սերունդների վրա գործած ազդեցությամբ: Այդպես Ջոն Ուիկլիֆը կատարում է հասարակ ժողովրդի համար Աստվածաշնչի թարգմանություն: Լատիներեն լեզվի փոխարեն նա բոլոր տեղացի բնակիչներին առաջարկում է անգլերեն տարբերակ: Այդպես էլ հաստատվում է հիմքերի հիմքը, այնպես որ Ջոն Ուիկլիֆը, ում հետագայում անվանում են «ռեֆորմացիայի վադորդյան աստղ», անցում է կատարում անհասկանալի կանոնակարգերից դեպի քրիստոնեական հավատքի սիրտը՝ Աստծո Խոսքը մարդկանց հասցնելը:

Հիմա նման լուրը հեշտությամբ է ընկալվում, բայց այդ ժամանակներում դա նման էր հեղաշրջման, պայքար եկեղեցու բոլոր հաստատված կանոնների դեմ:

Հենց Ուիկլիֆն է առաջինը բացահայտ հանդես գալիս Պապական ավանդույթների և կանոնների դեմ(այստեղ էին ներառվում նաև ինդուլգենցիաների, եկեղեցու գլխավորների անսխալականության և այլնի հետ կապված հարցերը):

Ջոն Ուիկլիֆ. Ռեֆորմացիայի «վաղորդյան աստղը»Ջոն Ուիկլիֆի հետապնդումներն ու հիվանդությունը.

Ջոն Ուիկլիֆը իր հայացքների և պայքարի պատճառով չի մնում աննկատ Պապական իշխանության կողմից, նրան մեղադրում են հերետիկոսության մեջ և սպառնում մահապատժով, սական Հռոմի Պապ Գրիգոր XI-ի մահը շեղում է ուշադրությունը նրանից:

Տարբեր ուղղություններով ջանասեր աշխատանքը, միևնույն ժամանակ, հանգեցնում է հիվանդության: Թշնամիները հետաքրքրությամբ տեղեկանում էին հիվանդի առողջությունից՝ ասես իրենց հաղթանակը նշելով, և հանկարծ մի հետաքրքիր դեպք է տեղի ունենում:

Կատարվում է հրաշք. Ուիկլիֆը ապաքինվում է և շարունակում իր աշխատանքը, թեկուզ ոչ նախկին ուժով, բայց հաստատակամ ու համառորեն: Միայն Աստծո ձեռքը կարող էր այդպես աջակցել նրան և զորություն տալ՝ առաջ գնալու:

Ուիկլիֆի աշխատանքները անգին են անգլիացի ժողովրդի համար: Ուիկլիֆը քարոզում էր փրկություն՝ հավատքի միջոցով: Փողոցներում քարոզող նրա թիմը ճշմարտությունը հասցնում է մինչև քաղաքի բոլոր ծայրերը, և բնակչության կեսից ավելին ընդունում է նոր հավատքը:

Անգամ դատարանի առջև կանգնելով՝ նա հիմնվում է Աստծո Խոսքի ճշմարտության վրա, պահպանում իր հավատքը՝ չնայելով՝ արդյոք հանձնվո՞ւմ են իր հետևորդները, թե՞ ոչ: Նրա ճառերը լցված էին հավատքի կրակով: Եվ այս անգամ նրան բաց են թողնում՝ չնայած մեղադրանքներն ուղղված էին եկեղեցու իշխանության չարաշահմանը: Իսկ հերետիկոսության մեղադրանքները հանվում են:

Նրա կոչերից մեկը հետևյալն էր. «Ի՞նչ եք կարծում, ո՞ւմ դեմ եք դուք պայքարում: Մի ծեր մարդու հետ, ով մահվան շեմի՞ն է կանգնած: Ո՛չ: Դուք պայքարում եք Ճշմարտության դեմ, բայց Ճշմարտությունը ձեզնից զորավոր է, և այն կհաղթի»: Նման խոսքերին դժվար էր հակառակվել:

Հաջորդ անգամ նրան սպառնում էր Պապական տրիբունալը, որտեղ իր կյանքի համար ամենավտանգավոր այդ վայրում և իրավիճակում նա խոսել չի կարողանում կաթվածի պատճառով: Սակայն այդ վիճակում էլ Ուիկլիֆը չի համաձայնում լռել, և այս անգամ նա գրավոր կերպով է դիմում Հռոմի Պապին. «Նախևառաջ, ես մտածում եմ, որ Քրիստոսի Ավետարանը Աստծո օրենքի էությունն է… և քանի որ Հռոմի եպիսկոպոսը Քրիստոսի փոխանորդն է երկրի վրա, ապա նա պետք է հնազանդվի Ավետարանի օրենքներին ավելի, քան մնացած բոլոր մարդիկ: Քանզի Քրիստոսի աշակերտների մեծությունը կայանում էր ոչ թե աշխարհիկ փառքի և պատվի, այլ Քրիստոսին մոտ լինելու և Նրան ճշմարտությամբ հետևելու մեջ: Քրիստոսն իր երկրային կյանքում չուներ աշխարհիկ իշխանություն և փառք»:

Օքսֆորդի ներկայացուցիչների քննադատությունը ստիպում է Ուիկլիֆին թողնել հասարակական գործունեությունը, որին նա երկար ժամանակ էր ընծայել, այն դեպքում, երբ Օքսֆորդը նույնանում էր Ուիկլիֆի անվան հետ: Արդեն հարազատ դարձած վայրից այս բաժանման ընթացքը դառնում է սկզբնակետ նոր գործունեության համար. նա հանձն է առնում Աստվածաշնչի թարգմանությունը անգլերեն լեզվի, ինչն իր հերթին մեկընդմիշտ փոխում է Անգլիայի կյանքը:

Ջոն Ուիկլիֆ. Ռեֆորմացիայի «վաղորդյան աստղը»Կյանքի նպատակը.

Ջոն Ուիկլիֆի կյանքի նպատակը կատարվում է, երբ ավարտվում է անգլերեն լեզվով Աստվածաշնչի թարգմանությունը, ինչը բոլոր առումներով հաղթանակ է դառնում իր և ողջ ազգի համար:

Մինչ այդ գոյություն չուներ անգլերեն լեզվով Աստվածաշունչ, կար միայն լատիներեն լեզվով, ինչը Աստվածաշունչը անհասանելի էր դարձնում մարդկանց ու պարուրում առեղծվածով: Իսկ մարդկանց մեծ մասը չուներ կրթություն, այդ պատճառով թարգմանության միտքը վեր էր մարդկային որոշումներից ու հասկացողություններից. դա Աստծո առաջնորդությունն էր, Ով ամեն բան ի սկզբանե գիտեր:

Ուիկլիֆի գործը անգամ վերջինիս մահից հետո էլ հանգիստ չի տալիս կաթոլիկ իշխանություններին: Նրա ոսկորները 40 տարի անց հանում են գերեզմանից և այրում, իսկ մոխիրը գցում մոտակա գետը:

Ուիկլիֆը առանձնացնում է Աստվածաշնչի ուսումնասիրության 5 կանոն.

  1. Ունենալ արժանահավատ տեքստ,
  2. Հասկանալ Սուրբ Գրքի տրամաբանությունը,
  3. Աստվածաշնչի տարբեր հատվածները համեմատել իրար մեջ,
  4. Խոնարհաբար փնտրել պատասխանը,
  5. Առաջնորդվել Սուրբ Հոգով:

Սա առաջնորդում է Աստծո հետ անձնական հանդիպման՝ անկախ դասակարգից, հասցնում ճշմարիտ Աստվածային սերը բոլորին: Այո՛, նա չտեսավ իր աշխատանքնեի արդյունքը, բայց սերն ու հավատքը ամեն բան հաղթում են: Սերը հասարակ ժողովրդի նկատմամբ. ահա Քրիստոսի օրինակը, որն ապրում էր ռեֆորմատորի սրտում:

Իերոնիմ Պրահացին՝ չեխ ռեֆորմատորն ու Յան Հուսի ընկերը, սովորելով Օսֆորդում, Ուիկլիֆի աշխատանքները բերում է Բոհեմիա՝ Յան Հուսի հայրենիք, ինչով էլ շարունակում և օգնում է տարածել ճշմարտությունը մի ռեֆորմատորից մյուսը:

Չկան անսխալ մարդիկ, անհրաժեշտ է ոչ թե կառավարել մադրկանց, այլ «բերել նրանց Քրիստոսին».- այսպես էր մտածում մեծ ռեֆորմատորը:

Մտքեր.

«Քարոզը պետք է ճշմարտացիորեն, հասարակ ձևով բխի հավատարիմ ու անկեղծ սրտից»:

«Եվ այդ օրենքը հավատքն է, որի մեջ մարդը պետք է ջանասեր լինի: Քրիստոսը պահանջում է, որ մարդը տեսնի ոչ թե աշխարհի ունայնությունն ու զուր լինելը, մարդկային ապականացու օրենքները, քանզի այդ ամենը վնասում է մարդուն, այլ տեսնի Քրիստոսի օրենքը, որն էլ Կյանքի Գիրքն է և Աստծո՝ Հիսուս Քրիստոսի, Խոսքը»:

Պատրաստեց Սուսաննա Օհանյանը