Աստվածաշունչը փոխում է փողոցային կյանքով ապրող տղաներին

Եթովպիայում գտնվող «Փարոս» տունը, որ նախատեսված է փողոցներում ապաստանող տղաների համար, իր գոյության 13 տարվա ընթացքում օգնել է 6 հազար անապաստան տղայի. այս մասին հայտնում է CNL-NEWS-ը:

Աստվածաշնչյան միության կողմից «Փարոս»-ը ստացել է տպագիր և աուդիո  տարբերակով Աստվածաշնչեր: Հարմարավետ կացարանում ապաստանելու հետ մեկտեղ տղաները ապահովվում են սննդով, ստանում ուսում և դաստիարակվում աստվածաշնչյան սկզբունքներով: «Փարոս»-ի  տնօրենի խոսքերով`  սա այն է, ինչ անհրաժեշտ է յուրաքանչյուր պատանու:

Վերջերս տեղի ունեցած հավաքույթի ժամանակ ներկաները լսել են 17-ամյա Տասֆենի կյանքի պատմությունը: Նրա վկայությամբ` Աստվածաշնչի շնորհիվ իր կյանքն ամբողջովին փոխվել է: Մինչ «Փարոս»-ում հայտնվելը, տղան շուրջ վեց ամիս եղել է հիվանդանոցում:  Նոր կացարանում նա լսել է Աստվածաշնչի մասին, և կյանքը հիմնովին փոխվել է:

«Փողոցային կյանքն  ամենավատ բանն է. մարդիկ տառապում են, մրսում, քաղցած ժամանակ աղբամաններից ուտում… Հիմա եմ հասկանում, որ Աստված ծրագիր ուներ իմ կյանքում, ես երջանիկ եմ, որ Նա գտել է ինձ: Հիմա ես ունեմ Մեկին, Ում վստահում եմ ողջ կյանքս»,- պատմում է նոր կյանքով լցված Տասֆեն:

Աստվածաշունչը այս երիտասարդ տղաներին ապագայի հույս է  տալիս: Նրանք Աստծո Խոսքի շնորհիվ վերագտնում են իրենց և նոր հույսով առաջ ընթանում: