Սեպտեմբերի 13-ը` քրիստոնեության պատմության մեջ

Սեպտեմբերի 13-ը` քրիստոնեության պատմության մեջՈւիլյամ Ուոլֆորդը կույր էր, բայց կուրությունը նրան անգործունակ չէր դարձրել: Ե´վ նրա ձեռքերն էին աշխատում, և´ նրա միտքը:

Քարոզներ նախապատրաստելով իր մտքում՝ նա երբեմն քարոզում էր գյուղական անգլիական եկեղեցում: Նա Աստվածաշնչի մեծ մասն անգիր էր հիշում և բառացիորեն գործածում էր դրանք իր քարոզներում:

Բնիկ նյույորքցի Թոմաս Սելմոնը, որոշ ժամանակ Անգլիայում ապրելով, ծանոթանում է Ուիլյամի հետ: Ահա թե ինչ է նա պատմում. «Նա անդադար կրկնում էր իր հորինած ստեղծագործության երկու-երեք հատվածը և քանի որ մենակյաց էր և իր հորինվածքները գրի առնող ու թղթին հանձնող չուներ,  իր մտքում էր պահեստավորում դրանք: Հետո ինքն իրեն հարցնում` արդյոք այդպես լա՞վ է: Այդպես կրկնելով որոշ մասեր՝ նա նաև իրեն քննադատության էր ենթարկում: Ես արագորեն մատիտով գրի առա նրա մտքերը և ուղարկեցի հրատարակչին` տպագրելու»:

Հրատարակչությունը  տպագրում է այն 1845թ-ի այս օրը` սեպտեմբերի 13-ին, ինչը դառնում է  սիրված օրհներգ:

Ահա դրանից մի հատված.

Աղոթքի քաղցր ժամ,

Որ կանչում է ինձ հոգսերի աշխարհից,

Հրավիրում դեպի Հորս գահը

Եվ հայտնի դարձնում սրտիս երազը:

Բացի նրա կույր լինելու փաստից և Թոմաս Սելմոնի արձանագրած մի քանի այլ մանրամասներից, նրա մասին այլ տեղեկություններ չկան: Բայց նրա օրհներգը հուզում է հարյուրհազարավոր մարդկանց` աղոթքով արտահայտելով Ուիլյամի գտած իրական ուրախությունը:

Աղբյուր` christianity.com