Պատմություն մեռնող մեծահարուստի և նրա ստրուկի մասին

Վերջերս կարդում էի մի անօրեն մեծահարուստի մասին, ով ապրել էր ԱՄՆ-ի հարավային նահանգներից մեկում՝ ստրկավաճառության ժամանակաշրջանում: Այս հարուստ մարդու մոտ շատ ստրուկներ կային, և նա շատ էր տարվում ձիարշավներով:

Չնայած որ նա բավական կրոնավոր մարդ էր, նրա կյանքը լի էր չարությամբ, հոռետեսությամբ և այլ մեղքերով:

Մեկ օր նա ծանր հիվանդանում է, և մի որոշ ժամանակ անց բոլորը հասկանում են, որ նրա օրերը հաշված են:

Արցունքներն աչքերին կինը և ընկերները կանգնած էին նրա անկողնու մոտ և մտածում էին, թե ինչպես գտնել մեկին, ով կաղոթի մահացողի հոգու համար մահից առաջ:

«Սիրելի՛ս,- ասում է հուզված կինը,- գուցե կանչե՞մ մեր քահանային, որ գա և աղոթի Աստծուն քեզ համար, չէ՞ որ քո վիճակը գնալով վատանում է»:

«Ո՛չ,- ասում է նա,- ես բավականին լավ գիտեմ նրան և բացառապես չեմ վստահում: Ես շատ անգամ եմ տեսել նրան ձիարշավներին, այնտեղ մենք ընկերներ էինք: Բայց հիմա չեմ ցանկանում տեսնել նրան»:

«Իսկ ո՞ւմ կանչեմ»,- շարունակում է կինը:

«Կանչիր իմ ստրուկներից մեկին՝ Թոմին,- պատասխանում է ամուսինը:- Նրան ես շատ եմ նեղացրել: Ես հաճախ եմ թաքուն լսել, թե ինչպես է նա աղոթում, և գիտեմ, որ կարող է աղոթել: Նաև հետևել եմ նրա կյանքին և վարքին ու չեմ տեսել մի բան, որ համապատասխան չլինի քրիստոնեական բնավորությանը: Կանչի՛ր նրան: Ես ուրախ կլինեմ, եթե նա աղոթի ինձ համար»:

Թոմը ներս է մտնում, համեստորեն հանում գլխարկը դռան մոտ և դանդաղորեն առաջանալով՝ նայում իր մահամերձ տիրոջը:

«Թո՛մ,- ասում է նա,- գիտե՞ս արդյոք, թե ինչպես աղոթել, կարո՞ղ ես աղոթել մահվան մահճում գտնվող քո տիրոջ համար և ներել նրան ամեն ինչ»:

«Այո՛, Տե՛ր իմ, ողջ սրտովս ներում եմ»,- ասում է Թոմն ու ծնկի իջնում՝ Տիրոջը բարձրացնելով աղոթք մահամերձի համար:

Հ.Գ. Կյանքի ճգնաժամային պահին այս հարուստ հոռետեսը իմանում է, թե ում է պետք դիմել՝ իրական քրիստոնյային, ում սիրտը լիովին հանձնված էր Աստծուն: Նրա մեջ ապրում էր իրական քրիստոնեությունը:

Երբ քրիստոնյաները հրաժարվում են փոխզիջման գնալ աշխարհի հետ, նրանց նվաստացնում են ու ծաղրում, բայց ճգնաժամային պահերին, որոնց առջև աշխարհն անօգնական է, հենց այդպիսի քրիստոնյաներն են դառնում գործիք ամենակարող Աստծո ձեռքում՝ խնդիրների լուծման համար: Իրական քրիստոնեությունը երբեք չի հիասթափեցնում ու չի վրիպում:

Անհույս պահին այն չի լքում հարազատներին ու միայնակներին:

Ամենը, ինչ անհրաժեշտ է քրիստոնյային, իրական լինելն է, որովհետև աշխարհը կարիք ունի իրական քրիստոնյաների:

Ֆրեդերիկ Անկայ Թեյլոր