Ներելով ընկերոջդ հասցրած վերքերը

«Ես մտածում էի՝ մենք ընկերներ ենք». այս խոսքերի մեջ թաքնված ցավը կարող է ստվեր գցել կյանքով, սիրով ու բազում հիշողություններով լի տարիների վրա: Բոլոր լավ ժամանակները կորցնում են իրենց պայծառությունը, երբ ընկերության մեջ դավաճանություն է լինում: Ներդրումը կորչում ու անհետանում է: Վստահությունը խախտվում է: Սերը դրվում է հարցականի տակ:

Ընկերները խոցում են ընկերներին: Սա անխուսափելի է, որովհետև ամեն ընկեր ինքնին մեղավոր մարդ է, և մեղավորները, միևնույնն է, մեղք են գործելու իրար դեմ ու ցավ պատճառելու իրար՝ մտածված կամ չմտածված կերպով: Եվ միշտ էլ ավելի դժվար է վերականգնվել, երբ քեզ ընկերդ է ցավ պատճառել:

Եթե դա հանդիմանության ցավ է, որ գալիս է ընկերոջդ աստվածային հանդիմանությունից, ով սիրով ճշմարտությունն է ասել քեզ, ուրեմն մեծ պարգև է (Առակաց 27.6): Բայց ի՞նչ անել, երբ դու մեկն ես, ում դեմ մեղք են գործել, և դու վիրավոր ես չար խոսքերից, դավաճանությունից կամ չարաշահվելուց մեկի կողմից, ում մի ժամանակ ընկեր էիր համարում: Ինչպե՞ս դու հետագայում կվարվես ընկերոջդ հետ և ինչպես կանցնես ցավի այդ ընթացքով՝ գնալով դեպի հաշտեցում:

Ներողամիտ եղիր քեզ հասցված վիրավորանքի հարցում

Այդ ցավի մեջ վստահիր Տիրոջը՝ հավատալով, որ նա աշխատանք է տանում ձեր փոխհարաբերություններում՝ երկուսիդ էլ աճեցնելու Քրիստոսի շնորհի ու ճանաչողության մեջ. «Հուսացեք նրան ամեն ժամանակ, ով ժողովուրդներ» (Սաղմոս 62.8):

«Մարդիս… փառքը հանցանք ներելն է» (Առակաց 19.11): Սա պահանջում է համբերություն, հասունություն և իմաստություն: Ներողամիտ լինելով և խոշորացույցով չնայելով քեզ դեմ գործած հանցանքին՝ դու կզարդարես այն Ավետարանը, որին հետևում ես, և սիրով լի արձագանքը ցույց կտա, որ դու իրապես Քրիստոսի աշակերտն ես (Հովհաննես 13.35):

Մեկ զգուշացում միայն. հանցանքի հանդեպ ներողամտությունը իրավունք չի տալիս քեզ օգտագործելու լռությունը որպես զենք կամ վիրավորանքը թաքցնել այնպես, որ մեկ օր այն ջրի երես դուրս գա ավելի փոթորկուն ձևով: Փոխարենը ունեցիր մաքուր խղճմտանք Աստծո առջև և որոշում կայացրու «ներել ու մոռանալ»: Ավելի հեշտ է ու ավելի ճիշտ է շահել ընկերոջդ, քան շահել վեճը:

Եթե հասցված վիրավորանքի նկատմամբ ներողամիտ լինել հնարավոր չէ…

Որոշակի դեպքերում հնարավոր չէ մատների արանքով նայել քեզ հասցված վիրավորանքին: Եթե քո առաջին միտքը հետևյալն է՝ «կարիք կա նրան ասելու», դա կարող է քո ինքնաարդարացումը խոսել, այլ ոչ՝ Հոգին: Մեր նպատակը պետք է լինի հարաբերությունների վերականգնումը, որը գործում է սիրով:

Այնուամենայնիվ, լինում են ժամանակներ, երբ մենք լիիրավ ենք լուծելու մեր ցավի հարցերը: Մենք կարող ենք փորձել շտկել դրությունը, բայց հիշեք, որ վրեժխնդրությունն Աստծունն է, և Նա հատուցումը կտա (Հռոմեացիս 12.19): Եվ սա կոչ չէ՝ բուռն արձագանքելու և պայքարելու: Սա սիրով լի կոչ է՝ աստվածաշնչյան հանդիմանության:

Հիսուսն ասում է. «Եթե քո եղբայրը մեղանչի քեզ դեմ, հանդիմանիր նրան. և եթե ապաշխարի, ներիր նրան։ Եվ եթե օրը յոթն անգամ քեզ դեմ մեղանչի և յոթն անգամ քեզ մոտ դառնա և ասի՝ ապաշխարում եմ, ներիր նրան» (Ղուկաս 17.3-4):

Հանդիմանելը անկեղծորեն հարց պարզելն է քո հարևանի հետ. «քո դրացուն անպատճառ հանդիմանես, որ նրա համար մեղք չկրես» (Ղևտացիս 19.17), «Եթե քո եղբայրը քեզ դեմ մեղանչի, գնա նրան հանդիմանիր՝ երբ որ դու և նա մենակ լինեք» (Մաթևոս 18.15)՝ և այս ամենն անելը «հեզության հոգով» (Գաղատացիս 6.1)՝ հույսով, որ քո ընկերը կապաշխարի:

Հիսուսի վարդապետությունը, սակայն, ավելի հեռուն է գնում՝ ասելով, որ մեզ կարող են նորից վիրավորել, և մենք պետք է պատրաստ լինենք նորից ներելու: Ներումը կարող է անհնար թվալ, եթե մոռանում ենք Քրիստոսին:

Ինչպես աղոթել նման իրավիճակում

Եթե քո ընկերը վիրավորել է քեզ, թափիր քո սիրտը աղոթքով՝ իմաստության, ներման և հաշտեցման համար (Սաղմոս 62.8): Առաջարկում եմ աղոթքի մի քանի կետ, որ կօգնեն քեզ ճիշտ լուծել վիրավորանքի հարցերը՝ իմաստությամբ և շնորհով.

  • Աղոթիր Աստծուն քո վիրավոր սիրտը քննելու համար (Սաղմոս23): Գուցե վիրավորվել ես, որովհետև քո մեղքն է ջրի երես հանվել: Գուցե չափից դուրս զգայուն ես ասվածի նկատմամբ: Գուցե հոգնած ես:
  • Աղոթիր շնորհի համար՝ մտածելու «ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինություն է, և թե գովություն է» (Փիլիպպեցիս 4.8):
  • Աղոթիր զանազանության համար. ո՞րն է Աստծո կամքը կոնկրետ այդ իրավիճակի համար. որ պարզապես ներողամի՞տ լինես՝ թողնելով դա, թե՞ պարզաբանես:
  • Եթե ցանկանում ես պարզաբանել, ապա աղոթիր, որ դու լինես ազնիվ և գթասիրտ քո ընկերոջ հետ քո վիրավորանքի մասին խոսելիս, և որ նա պատասխանի նույն կերպ:
  • Աղոթիր, որ սիրես քո ընկերոջը ամեն ժամանակ, անգամ դժվար ժամանակներում (Հռոմեացիս 12.16):

Աստծո շնորհը փայլում է մեզ վրա

Արժե թողնել վիրավորանքը, քանզի կա Աստծուն վստահելու տարբերակը, որ Նա աշխատանք է կատարում դիմացինի սրտում: Միաժամանակ անհրաժեշտ է աղոթել իմաստության, սիրո և հաշտեցման, մեղմ հանդիմանության համար և պատրաստ լինելու՝ ներման:

Քրիստոսը սովորեցնում է, որ «ոչ ով նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնի իր բարեկամների համար» (Հովհաննես 15.13): Հետո Նա Իր աշակերտներին բարեկամ է կոչում (Հովհաննես 15.14-15) և մի քիչ ժամանակ անց իր կյանքը դնում նրանց համար:

Եթե Հիսուսը արեց նման մեծ զոհաբերություն իր ընկերների համար, ընկերների, ովքեր կասկածում և ուրանում են իրեն, անշուշտ մենք էլ կարող ենք աշխատել վերականգնել մեր կոտրված ընկերությունը: Աստվածային ընկերությունները վկայություն են աշխարհի համար: Դրանցում մենք դրսևորում ենք սեր Քրիստոսի և մեկս մյուսի նկատմամբ:

Քրիստի Անյաբուայլ