«Նա բացահայտեց Աստվածաշնչի Աստծուն». նախկին աթեիստի վկայությունը

Մի ժամանակ աթեիստ Էլվիսը հումանիստական փիլիսոփայության խանդավառ ուսանող էր, որն ուներ խորը համոզմունքներ քրիստոնեական հավատքի դեմ:

«Երբ իմ կինը տուն էր վերադառնում աղոթքի հավաքույթներից, ես ծաղրում էի նրան՝ տալով բազում փիլիսոփայական հարցեր,- հիշում է նա:- Ես նպատակ ունեի համոզել նրան, որ Աստված գոյություն չունի, և իր հավատքը ոչ ոքի պետք չէ»:

Այս խոսքերը հաճախ ստիպում էին նրա կնոջը արտասվել, բայց ոչինչ հետ չէր պահում նրան իր ամուսնու համար աղոթելուց:

Որպես ուսուցիչ վերապատրաստվելուց հետո Էլվիսն իր համար ակադեմիական նոր ծրագրեր ուներ: Սակայն դրանք խոչընդոտվում են ֆինանսներ չլինելու պատճառով: Նրա ճանապարհին այդ «արգելքը», որ հայտնվում է ասես պատասխան կնոջ աղոթքներին, շրջադարձային է դառնում նրա կյանքում: Էլվիսը որոշում է հնարավորություններ փնտրել՝ օգտագործելու իր ստացած գիտելիքները տեղական համայնքում: Նա անգամ  մոտենում է տեղական եկեղեցու հովվին և առաջարկում՝ սկսել եկեղեցում գրագիտության դասեր:

Հովիվը խրախուսում է նրան և առաջարկում դասավանդելու փոխարեն անցնել թարգմանության վերապատրաստման դասընթաց, որն անցկացնում էին թարգմանական աշխատանքներում փորձ ունեցող քրիստոնյաներ: Այս վերապատրաստման նպատակը Աստվածաշունչը տեղացիների լեզվով թարգմանելն էր, որն էլ հենց Էլվիսի մայրենի լեզուն է, և այդ լեզվով խոսում է ավելի քան 200 հազար մարդ Բոսանգոայում՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության քաղաքներից մեկում:

«Ես գաղափար անգամ չունեի այն ժամանակ, որ դա կարող էր Աստծո ծրագիրը լինել ինձ համար»,- ասում է Էլվիսը:

Սկզբում Էլվիսը նայում է թարգմանությանը՝ զուտ որպես իրեն մարտահրավեր նետող ինտելեկտուալ վարժություն: Բայց այդ ընթացքում, երբ որոնում էր Սուրբ Գրքի յուրաքանչյուր հատված և ջանում լավագույնս արտահայտել այն իր մայրենի լեզվով, նա սկսում է բացահայտել Աստվածաշնչի Աստծուն:

«Երբ սկսեցի խորանալ Աստծո Խոսքի մեջ, սկսեցի հասկանալ այն աննկարագրելի սերը և շնորհը, որ Նա անվճար տալիս է մեզնից յուրաքանչյուրին,- հիշում Էլվիսը:- Ես անգամ պատկերացնել չէի կարող, թե ինչու է Աստված ցանկանում հարաբերություններ ունենալ ինձ հետ: Իմ խորը մտերմությունն Աստծո հետ մեկն է ամենազարմանահրաշ բաներից, որ ես ստանում եմ իմ այս ծառայությունից»:

Շուտով Էլվիսը թարգմանական այդ թիմում պարզապես թարգմանիչ լինելուց դառնում է թարգմանական և գրական նախագծերի կոորդիանատոր՝ ողջ Բոսանգոայի տարածաշրջանում:

«Այն օրից, ինչ Հիսուսին ընդունեցի՝ որպես Իմ Փրկիչ, իմ ողջ կյանքը դարձել է հավատքի արկածային ճամփորդություն»:

Այսօր արդեն տարիներ են անցել, ինչ Էլվիսը ներգրավվել է Աստվածաշնչի թարգմանության աշխատանքներում, և ներկայումս նա զբաղվում է թարգմանական և գրագիտությանը վերաբերող նախագծերով ողջ երկրով մեկ:

«Աստված ընտրել է նրան՝ Իր համար աշխատելու՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը,- ասում է Էլվիսի ավագ եղբայրը:- Իմ աղոթքն է, որ նրա աշխատանքը լինի անուշահոտ զոհաբերություն Տիրոջ առջև»:

Աղբյուր՝ Charisma Magazine