Երբ նժարի մի կողմում խոստումն է, մյուս կողմում՝ Աստծո ներկայությունը. Ջոն Բիվեր

«Քո երեսի առաջին ուրախությունների լիություն կա» (Սաղմոս 16.11):

Ցանկացած լավ նպատակ վտանգավոր է դառնում, երբ այն փոխարինում է մեր սրտերում Աստծուն ճանաչելու և պատվելու ցանկությանը:

Հավատքի ամենամեծ փորձություններից մեկը, որը, հիմնականում, անվնաս է թվում՝ ճանապարհը շրջանցելը կամ կարճ ուղիով գնալն է:

Մովսեսին ընձեռվեց անապատում իր ճանապարհը շրջանցելու հնարավորություն: Նա անցել էր Եգիպտոսից մինչև Սինա սարը՝ տրտնջացող և ապստամբ ժողովրդի հետ, և խոստման երկիր մուտք գործելու հեռանկարը պետք է որ շատ գրավիչ լիներ նրա համար: Այնուամենայնիվ, մի՞թե Մովսեսը կհամաձայներ խոստմանը՝ թողնելով Աստծո ներկայությունը:

Հազարավոր տարիներ անց Հիսուսը նույնպես Իր ճանապարհը շրջանցելու հնարավորության հանդիպեց անապատում: Երբ Հիսուսը նոր պետք է սկսեր Իր ծառայությունը, սատանան հնարավորություն տվեց Նրան՝ շրջանցելու Իր առջև դրված դժվարությունը և իշխանություն ստանալու բոլոր ազգերի վրա: Հիսուսը պետք է ընդամենը երկրպագեր նրան: Մի՞ թե Հիսուսը փոխզիջման կգնար և հեշտորեն կստանար այն, ինչ Աստված տալու էր չարչարանքների միջոցով:

Այն, որ սատանան փորձեց իր մարտավարությունն Աստծո Որդու հետ, շատ բան է խոսում դրա արդյունավետության մասին: Հիսուսը միակը չէր, ով հաջողությամբ դիմակայեց սատանայի խորամանկ հնարին: Անապատում Աստծո հետ մնալը Մովսեսը համեմատեց առանց Նրա խոստման երկիր մտնելու հետ և ընտրեց անապատը: Ինչո՞ւ նա այդպես վարվեց: Պատճառն այն է, որ նա գիտեր, թե ինչից էր զրկվելու:

Իմ ընկեր, ես ցանկանում եմ, որ դու այն աստիճան փափագես մտերիմ լինել Աստծո հետ, որ ոչ մի շրջանցում կամ կարճ ուղի չհրապուրի քեզ: Իսկ նման ձգտում առաջանում է միայն, երբ մարդն անձամբ է վերապրում Աստծո ներկայությունը:

Հակոբոսը գրում է. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4.8): Մոտենալ նշանակում է՝ ժամանակ հատկացնել աղոթելու, երկրպագելու և Աստծո Խոսքը կարդալու համար՝ համարելով դա ոչ թե հանձնարարված առաջադրանք, այլ՝ հարաբերություններ կառուցելու միջոց: Փնտրելով Աստծուն այսօր՝ դու ճիշտ որոշումներ կկայացնես կյանքի խաչմերուկներին, որոնց դեռ հանդիպելու ես: