Ողբերգությունը զրկեց նրան ոտքերից, սակայն ոչ պարելուց

Այս կնոջ պատմությունը ցավ է առաջացնում յուրաքանչյուրի սրտում, բայց այն համառությունը և հաստատակամությունը, որ նա ունի, լցնում են հրաշքների հանդեպ հավատքով: Ուժեղ և նուրբ Ելենա Չինկան ազգությամբ ուկրաինացի սպորտսմենուհի և հասարակական գործիչ է, միջազգային կարգի սպորտի վարպետ, շարժասայլակների վրա սպորտային պարերի Ուկրաինայի հավաքականի անդամ, «Гордість країни» (Ուկրաինայի հպարտությունը) ազգային մրցանակի դափնեկիր՝ «անձնական ձեռքբերում» անվանակարգում, ինչպես նաև «III հազարամյակի կին» համաուկրաինական մրցանակի դափնեկիր:

«Клуб LIFE» ակումբի հետ զրույցի շրջանակներում Ելենա Չինկան կիսվել է իր կյանքի վառ ու տարբերվող պատմությամբ և կյանքից առած իր դասերով:

«Ես 22 տարեկան էի: Վերադառնում էի Սիմֆերոպոլում անցկացրած հանգստից, երբ ընկա գնացքի տակ՝ կորցնելով երկու ոտքերս: Կարելի է ասել, որ այս վթարից հետո իմ կյանքը երկու մասի բաժանվեց, և սկսվեց լիովին այլ կյանք: Այդժամ ես, իհարկե, ոչինչ չէի հասկանում:

Երբ արթնացա, տեսա հիվանդանոցի սպիտակ պատերը, հասկացա, որ ինչ-որ բան կատարվել է, բայց աշխատեցի չմտածել այդ մասին: Ինձ անհանգստացնում էր իմ տուն վերադառնալը. ստուդիայում ինձ իմ աշակերտներն էին սպասում, ում հետ պարապել էր պետք: Ես վախենում էի, որ նրանք կցրվեն, անհանգստանում էի, որ պետք է ծնողների հետ խոսեմ: Մտածում էի, թե կհաղթահարեմ ամեն բան: Գլխավորը՝ ոչ ոքի ցույց չտալն էր, որ ինձ համար ծանր ժամանակ էր:

Աստված վերցրեց ինձ ձեռքերի վրա, վեր բարձրացրեց ու տարավ: Ես պարզապես Նրա ձեռքերում էի, և Նա անում էր ամեն բան, որ ինձ մոտ ամեն բան ստացվի:

Իմ ընտանիքը աջակցում էր ինձ, ընկերներս ՝ նույնպես: Եվ ես երջանիկ էի, միայն թե ծանր էր տանել ֆիզիկական ցավերը: Այն ժամանակ ընդունվել էի թատերական համալսարան, և մենք զբոսնում էինք փողոցում ու խոսում այն մասին, որ ես սովորելու եմ:

Աստծո մոտ ոչինչ պատահական չի լինում: Գուցե ինձ պետք էր անցնել դրա միջով: Բայց ես հանգիստ եմ նայում դրան:

Առաջին անգամ պրոթեզիստը եկավ ինձ մոտ, երբ ես դեռ հիվանդանոցում էի: Առաջինը այն ոտքիս պրոթեզ դրեցին, որի ծունկը պահպանվել էր: Ես սովորում էի դրա վրա կանգնել, որովհետև հետ էի սովորել քայլելուց: Սկզբում մի րոպե էի կարողանում ոտքի վրա մնալ, և դա այնքա՜ն մեծ ուրախություն էր:

Դեպքը աշնանն էր պատահել: Երբ գարնանը վերադարձա համալսարան, ինձ ասացին, որ նորից քննություն հանձնեմ: Իսկ ես չհամաձայնեցի, որովհետև գիտեի՝ ընդունվելու համար պետք է երգել, պարել, ու ասացի, որ արդեն ընդունվել եմ: Իսկ նրանք կանչեցին դասախոսին ու հարցրեցին, թե ինչ անեն ինձ հետ, որովհետև ես կաղում եմ: Այդ օրը արցունքները խեղդում էին ինձ:

Բայց նրանք չէին հասկանում, որ իրենց առջև կանգնած աղջիկը ոչ թե կաղում է, այլ երկու պրոթեզների վրա է կանգնած:

Ես հասկացա, որ չեմ շարունակելու սովորել այդտեղ, բայց որոշեցի, որ առաջ եմ գնալու, և այդ ԲՈՒՀ-ը կզղջա, որ ինձ չի պահել:

Կարծում եք, որ ինձ մոտ պատահակա՞ն է պարելու գաղափարը ծագել: Ես, իրականում, ապրում եմ՝ պարելով:

Ինձ համար անսահմանափակ կյանքն այն է, որ չես վախենում գործելուց:

Երբ չես սպասում հարմարավետ պահի, որպեսզի անես ինչ-որ բան, երբ չես վախենում սխալվելուց: Չես վախենում ցույց տալ, որ ինչ-որ բան չգիտես և կարող ես սովորել: Առաջ շարժվել, խորը շունչ քաշել և ապրել այստեղ ու հիմա՝ չմտածելով անցյալի ու հոգս չանելով ապագայի մասին: Ապրել այսօր:

Որպես կանոն՝ Աստված կանչում է մեզ և անցկացնում վշտի ու սգի ձորով:

Երբ մարդու մոտ ամեն բան լավ է, նա հազվադեպ է հիշում Աստծո մասին, չի գոհանում Նրանից: Ես այս վթարից հետո ձեռք բերեցի մտերմություն Աստծո հետ: Աղոթում եմ, որ Նա միշտ իմ կողքին լինի, և որ ես էլ երբեք չհեռանամ Նրանից:

Աստված թևեր է տալիս: Պարզապես պետք է հավատալ ու անել գերագույնն այն ամենի, ինչ դու կարող ես այս կյանքում ՝ հանուն Աստծո փառքի և հանուն մարդկանց բարօրության:

Ի՞նչն է ինձ ամենից առավել ուրախություն պարգևում: Օրինակ, վարժանքների ընթացքում ես հասկանում եմ, որ երջանիկ եմ, որովհետև զբաղվում եմ մի գործով, որն ինձ դուր է գալիս:

Գիտեք, թե ինչպես ես գիտակցում, որ երջանիկ ես: Պարզապես մի պահի հասկանում ես, որ երջանիկ ես: Եվ ես մտածում եմ. «Տե՛ր, շնորհակալություն Քեզ: Ես զբաղվում եմ սիրելի գործով: Ես կանգնում եմ տաճարում, երգում եմ»:

Նաև «Սպորտի և արվեստի աջակցության և զարագման «Єдина країна» հիմնադրամ» հասարակական կազմակերպության տնօրենն եմ: Մենք զբաղվում ենք սոցիալական վերականգնման հարցերով: Մենք տարբեր նախագծեր ենք իրականացնում, օգնում հաշմանդամություն ունեցող մարդկանց դրսևորել իրենց, տալիս ենք հնարավորություն նրանց ցույց տալու, թե ինչով են իրենք զբաղվում: Արվեստի օգնությամբ ցույց ենք տալիս մարդկանց, ովքեր արդեն ինքնակայացել են, և օգնում նրանց, ովքեր նոր են այդ վիճակում հայտնվել՝ գտնել իրենց: Այդ պատճառով, երբ ասում են «հաշմանդամներ», ես ուղղում եմ՝ «Հաշմանդամություն ունեցող մարդիկ»: Մենք պարզապես մարդիկ ենք՝ առանձնահատկություններով:

Շարժասայլակների վրա պարողները, լսողության, տեսողության խնդիր ունեցողները, նրանց բոլորին արվեստը միավորում է, իսկ բեմը թույլ է տալիս հաշմանդամությունը ցույց տալ ոչ որպես արատ, այլ որպես արժանիք:

Վերջերս ընկերուհուս հետ խոսում էինք ցավի մասին:

Նա ինձ ասաց. «Լե՛նա, ինչպե՞ս սա ախր պատահեց»:

Ես պատասխանեցի. «Փառք Աստծուն: Այո՛, ինձ մոտ այստեղ է ցավում, այնտեղ է ցավում, բայց ես ապրում եմ: ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ: Աստված թողեց ինձ ապրել: Եվ ես ունեմ հնարավորություն՝ խոսելու քեզ հետ, սիրելու ձեզ: Նա ինձ շնորհել է դա, շնորհակալություն Նրան դրա համար»:

Որովհետև բաժակը կիսով չափ լիքն է, ոչ թե կիսով չափ դատարկ:

Իմ ժամանակը գնում է, և կարևորը՝ Աստծո հետ մնալն է»: