Մոլեգնող ալիքներից այն կողմ կա հավիտենական ափ

1952թ-ին Ֆլորենցիա Չադվիկը փորձում է լողալով անցնել Կատալինա կղզուց մինչև Կալիֆոռնիայի ափերն ընկած տարածությունը: 15 ժամվա ընթացքում նա պայքարում է ծովի ալիքների, շնաձկների հնարավոր հարձակման և ուժեղ հոգնածության հետ: Հետո թանձր մառախուղ է իջնում, և նա, վերջիվերջո, հանձնվում է ու հետ լողում:

Երկու ամիս անց նա նոր փորձ է ձեռնարկում: Այդ անգամ, չնայած թանձր մառախուղին, նա հասնում է իր նպատակին: Երբ նրան հարցնում են, թե ինչն էր փոխվել այս անգամ, որ մառախուղը չխանգարեց իրեն հասնելու նպատակին, նա պատասխանում է. «Նախորդ անգամ ես տեսնում էի միայն մառախուղը: Երկրորդ անգամ ես մտքումս պահում էի ափը և ուղղությունը, որով սկզբից սկսել էի ընթանալ»:

Ինձ համար Չադվիկի այս խոսքերը հիասքանչ պատկերն են այն բանի, թե ինչ դերակատարություն երկինքը պետք է ունենա մեր կյանքում, երբ հետևում ենք Հիսուսին: Որպեսզի համառենք կյանքի այս մառախուղի և հոգնածության մեջ, մեզ պետք է մեր մտքում պահել հավիտենական ափի պատկերը, դեպի որը մենք ընթանում ենք:

Մտածեք երկնքի այն հատկանիշների մասին, որոնց մասին այսօր հաճախ մոռանում ենք:

Երկնքում յուրաքանչյուրը կունենա կատարյալ մարմին՝ հարության մեջ. Մատթևոս 22.30. «Երկնքումն Աստծո հրեշտակների նման են»:

Երկրային տրտմությունը երկինք չի մտնելու: Հիշեք Հայտնություն 21.4-ը. «Եվ կջնջի Աստված բոլոր արտասուքը նրանց աչքերիցը. և մահն այլևս չի լինի,  ոչ սուգ, և ոչ աղաղակ. և ոչ ցավ այլևս չի լինի, որովհետև առաջիններն անցան»:

Երկնքում բոլոր սուրբերը ընկերներ են. պատկերացրեք, որ մի օր երկնքում զբոսնելիս կհանդիպեք Չարլզ Սպերջենին կամ Մովսեսին կամ էլ Ջոնի Էրիկսոն Թադային (ով արդեն կարողանալու է քայլել ու վազել):

Եվ վերջապես, երկնքում մենք կտեսնենք Հիսուսին: Որքա՜ն զարմանահրաշ է լինելու մեր աչքերով տեսնելը հարություն առած Քրիստոսին Իր ողջ փառքի մեջ. «…Նրա երեսը կտեսնեն» (Հայտնություն 22.4): Եվ մենք դա չենք տեսնի մեր ֆիզիկական աչքերով, այլ հոգու աչքերով, այսինքն՝ Քրիստոսին կտեսնենք Իր աստվածային էությամբ. երանություն, որ գերազանցում է քաղցրությունն այն բանի, ինչ մենք կարող ենք տեսնել մեր ֆիզիկական աչքերով:

Այդ հավիտենական ափը

Երկնային այդ ափի հեռավոր ուրվագծերը փոխվում են՝ մինչ մենք գնում ենք դեպի նրանց: Դեռևս մենք պայքարում ենք մոլեգնող ալիքների, հոգնածության և թանձր մառախուղի հետ: Բայց շուտով կգա այն օրը, երբ թվացյալ այդ վերջը չունեցող ալիքները կզիջեն իրենց տեղը հեռավոր երկնային ափի ուրվագծերին:

Իմանալը, թե ինչ վարձք ունի սրբության և Աստծուն հավատարմության պայքարը, և ինչ է մեզ սպասվում այդ հավիտենական ափում, կօգնի մեզ շարունակել մոլեգնող ալիքների դեմ պայքարը, անկախ նրանից, թե որքան ուժգին են դրանք:

Գևին Օռթլունդ