Ինչո՞ւ են երաժշտությունն ու հեռուստացույցը ստիպում մեզ չափից շատ ուտել

Եթե դուք սովորել եք ուտել ու նայել հեռուստացույց միաժամանակ, ապա եկել է այդ սովորությանը վերջ դնելու պահը: Գիտնականները ապացուցել են, որ նման վարքը նպաստում է չափից շատ ուտելուն. գրում է lifehacker.ru-ն:

Շատերը մեզնից նախաճաշում են, ճաշում և ընթրում՝ հեռուստացույց կամ համակարգիչ դիտելով: Գտնել սրճարան կամ ռեստորան, որտեղ չի լինի երաժշտություն, գործնականում անհնար է: Եվ դա պատահականություն չէ:

Բրիգամ Յանգի անվան համալսարանի և Կոլորադո նահանգի համալսարանի միացյալ գիտական խումբը հայտնաբերել է, որ ցանկացած աղմուկ կերակուրի ընդունման ժամանակ կարող է ազդել մեր կերածի քանակության վրա:

Այդպիսի կախվածությունը ստացել է «խրթխրթոցի էֆեկտ» (crunch effect) անվանումը:

Պարզվում է՝ եթե լսենք այն ձայները, որոնք մենք արձակում ենք ուտելու ժամանակ (ծամելը, խրթխրթոցը), ապա մենք ավելի քիչ կուտենք: Երաժշտությունը կամ հեռուստատեսային ծրագրեըը խլացնում են այդ ձայները՝ դրանով էլ նպաստելով չափից շատ ուտելուն:

Բրիգամ Յանգի անվան համալսարանի մարքեթինգի ամբիոնի դոցենտ Ջինա Մորի խոսքերով՝ ձայնը, որ ուղեկցում է մեր ուտելուն, կարևոր ազդանշան է ուղեղի համար:

Այս պարզելու համար գիտնականները երեք փորձ են անցկացրել, և առավել հետաքրքիր է հետևյալ փորձը. մասնակիցներին տրվել են ականջակալներ, որոնցում կամ կար բարձր երաժշտություն, կամ ցածր աղմուկ: Ընդ որում՝ ամեն մեկին տրվել է նույն քանակության կերակուր: Արդյունքում, նրանք, ովքեր բարձր երաժշտություն էին լսում, կերել են ավելի շատ, քան նրանք, ովքեր ցածր էին լսում:

Այս հետազոտության հեղինակները հաստատում են. երաժշտության և հեռուստացույցի ձայները կերակուրի ընդունման ժամանակ հանգեցնում են այն բանին, որ ուղեղին ուղարկվող ազդանշանները հասնում են ուշացումով: Իհարկե, դրան չի կարելի վերագրել շատակերության բոլոր դեպքերը, բայց շատերի համար ընդունվող կերակուրի 15-20%-ով նվազումը կարող է բավականին էական լինել: Բացի այդ, չարժե մոռանալ «աղմուկի էֆեկտի» մասին: Հավանաբար այն ազդում է մեզ վրա ողջ կյանքի ընթացքում:

Ամենը, ինչ մենք անում ենք, պետք է գիտակցված լինի: Ուտելու հարցում դա արտահայտվում է ոչ միայն քանակության, այլև ընդունվող կերակուրի որակի ու համի մեջ: Հաջորդ անգամ ուտելիս փորձեք չդիտել հեռուստացույց և կնկատեք, որ սկսում եք ավելի քիչ ուտել:

Մի խաբեք սեփական օրգանիզմը, տվեք նրան հնարավորություն՝ ինքնակարգավորվելու: