Ինչպես պահպանել ընտանիքը, եթե ամուսինը անհավատ է

Դու արտասվում ես: Դու աղոթում ես: Դու ցանկանում ես իմանալ, թե դեռ որքան պետք է համբերես: Դու պայքարում ես մեղավորության զգացումի և միայնակության հետ: Դու նայում ես այլ քրիստոնեական ընտանիքների ու գրեթե լցվում փափագով՝ նույնպիսի ընտանիք ունենալու:

Եթե դու հավատացյալ ես, ապա ամեն նոր օրը իր հետ բերում է նոր մարտահրավերներ, երբ քո ամուսինն անհավատ է:

Եվ անկախ քո կողակցի հոգևոր վիճակից, կան այլ բաներ, որոնցով դու կարող ես գոհանալ. շփում, մտերմություն, երեխաներ և այլն: Սակայն նման պահերի կարիք կա հիշեցնելու ճշմարտությունը ամուսնության մասին:

Դու գուցե հավատացած ես, որ այն ընտանիքները, որտեղ երկու ամուսիններն էլ քրիստոնյա են, պակաս խնդիրներ ունեն, կամ եթե քո ամուսինը քրիստոնյա դառնար, ամեն բան լավ կլիներ: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Ոչ մի ամուսնություն, անգամ քրիստոնեականը, խնդիրներից զուրկ չէ, պարզապես խնդիրներն են տարբեր:

Քո մարտահրավերները, գուցե, յուրատեսակ են: Ինչպե՞ս ես ամուսնուդ հետ ապրում, երբ նա չի կիսում քո հավատքը: Ինչպե՞ս ես հավասարակշռություն գտնում սկզբունքների առաջնահերթության մեջ: Արդյոք արժե՞ շարունակել աղոթել, եթե չկա փոփոխություն:

Պողոսը քաջալերում է յուրաքանչյուրին, ում ամուսինը կամ կինը անհավատ է մնալու ամուսնության մեջ, եթե կողակիցը համաձայն է (Ա Կորնթացիս 7.12-14). «Եթե մի եղբայր անհավատ կին ունի, և նա հաճի նրա հետ բնակվել՝ թող նրան չթողի։ Եվ մի կին՝ որ անհավատ մարդ ունի, և նա հաճի նրա հետ բնակվել՝ թող նրան չթողի»:

Աստված կարող է օգտագործել քեզ՝ ամուսնուդ կամ կնոջդ իրեն մոտեցնելու համար:

Սակայն ի՞նչ անել ընտանիքը պահպանելու համար և «օգնելու» Աստծուն՝ քո անհավատ ամուսնուն կամ կնոջը Նրա Արքայության մեջ բերելու.

Կա մի քանի բանալի.

  1. Մի կատարիր «կրտսեր» Սուրբ Հոգու դերը:

Աստված ձեզ չէ, որ հանձնարարել է ձեր ամուսնուն «փոխելու» կամ «փրկելու» առաքելությունը: Դա Իր աշխատանքն է: Ոչ մի մարդ չպետք է իր վրա վերցնի Սուրբ Հոգու պաշտոնը մեկի կյանքում, այդ թվում՝ ամուսնու/կնոջ: Աստված հարգում է ձեր կողակցի ազատ կամքը, և դուք էլ պետք է հարգեք: Դա նշանակում է՝ չտրտնջալ, չնվաստացնել նրան, չլինել գոռոզ, Աստծո Խոսքը չօգտագործել՝ որպես զենք ամուսնուդ/կնոջդ դեմ: Դրեք ձեզ նրա տեղում: Օգտագործելով ճշմարտությունը՝ որպես զենք, կամ ցուցադրաբար «ճիշտ» վարվելով՝ անհնար է գրավել կողակցի սիրտը Քրիստոսի համար:

  1. Եղիր Աստծո Արքայության «քայլող գովազդ»:

Եթե ապրեիք ձեր պես մի մարդու հետ, ինչպե՞ս կցանկանայիք, որ դա երևար: Եթե դուք լինեիք անհավատ, կցանկանայի՞ք միանալ այն հավատքին, որի օրինակը դուք ցույց եք տալիս ձեր կյանքով: Բոլորս Քրիստոսի կերպարանափոխող շնորհի կարիքն ունենք: Կախված նրանից, թե այդ կերպարանափոխությունը ինչպես կարտահայտվի ձեր խոսքերով, գործերով ու սիրո մեջ՝ ձեր կյանքը կլինի կամ արգելք, կամ էլ առաջ մղող զորություն դեպի Աստծո Արքայությունը՝ ձեր ամուսնու համար: Թող ձեր խորհրդատուն լինի Աստծո սերը, իսկ եթե սխալվել եք, ապա կարող եղեք ներողություն խնդրել:

  1. Շարունակեք «սնվել» Աստծո Խոսքով:

Ամուսնությունը նման է մարաթոնի, ոչ թե արագ սպրինտերական վազքի: Այդ պատճառով կարևոր է, որ դուք սնուցեք ձեր հոգին և շունչը: Հիսուսը, երբ երկրի վրա էր, կարիք ուներ Հոր հետ առանձնանալու, նույնը և ձեր դեպքում է: Ներդրեք ժամանակ Աստծո Խոսքի ու աղոթքի մեջ:

  1. Հետևեք Աստծո աշխատանքին ձեր ամուսնու կյանքում:

Աստված ձեր ամուսնուն կամ կնոջը սիրում է ձեզնից ավելի շատ: Նա աշխատում է, որ մտերմացնի ձեզ երկուսիդ էլ Իր հետ: Նա ավելի լավ գիտի, թե որտեղ է նա տկար, ինչ արգելքներ պետք է հաղթահարի, և ինչը կգրավի նրա սիրտը: Երբեմն Աստված թույլ է տալիս իրավիճակներին կոտրել մարդուն, որ դուռ բացվի Սուրբ Հոգու համար, իսկ ձեր խառնվելը կարող է երկարացնել այդ ընթացքը: Ահա թե ինչու անհրաժեշտ է ձեր սերը, որ Նա դրսևորի Իրեն այդ սիրո միջոցով:

Երբ ամուսինը հարցեր է տալիս, մի պատասխանեք հարձակվելով, այլ պարզորեն կիսվեք, անգամ ձեր տառապանքների, վախերի, հաղթանակների, հույսերի և, իհարկե, հավատքի մասին:

  1. Շարունակեք աղոթել

Աղոթքը գործում է: Որքա՞ն դա կարող է տևել. միայն Աստված գիտի: Եվ միայն Նրան է հայտնի ելքը:

Աղոթեք Աստծուն նաև ձեր բնավորության, իմաստության, խիզախության և համառության համար: Աղոթեք ձեր ամուսնության համար, աղոթեք ձեր ամուսնու/կնոջ համար, որ Սուրբ Հոգին չդադարեցնի Իր աշխատանքը նրա սրտում, ինչ արժեք էլ դա ունենա:

Քերոլ Փիթեր-Թենքսլի