Քրիստոնյաներ, որոնց Աստված «չի կարող» գործածել

Քրիստոնյաներ, որոնց Աստված «չի կարող» օգտագործելՇատ տարիներ առաջ եկեղեցում ես մի «վտանգավոր» աղոթք արեցի. կրկնում էի Եսայի 6.8 խոսքերը. «Ահա ես, Տե՛ր, ինձ ուղարկիր»:

Եվ հանկարծ շփոթություն վերապրեցի՝ գիտակցելով, որ Աստված կկործանի իմ սովորական դարձած աշխարհը, նախքան որ կկարողանա օգտագործել ինձ, որպեսզի իմ միջոցով հպվի մարդկանց կյանքերին:

Ես ցանկանում էի, որ Աստված օգտագործեր ինձ, և կյանքի իմ փորձից գիտեի, որ մենք հենց այնպես չենք սկսում ծառայել՝ մեր պայմաններով:

Աստված կոտրում ու «տաշում» է նրանց, ովքեր խոսում են Իր անվան մասին: Նա լիակատար հնազանդություն է պահանջում: Ես պետք է ազատվեի իմ վախերից և փոխեի իմ վերաբերմունքն ու առաջնահերթությունները:

Այսօր նորաձև է պնդելը, որ Աստված կարող է բոլորին օգտագործել: Սա ճիշտ է, որ Աստված երեսպաշտ չէ և չի դատում մեզ՝ ըստ տարիքի, անցյալի փորձառության, անցյալի սխալների կամ ֆինանսական կարգավիճակի:

Բայց նրա չափանիշները չեն զիջում իրենց տեղը. Աստված օգտագործում է խոնարհներին, հնազանդներին, սրբագործված հետևորդների:

Շատ քրիստոնյաներ երբեք օգտակար չեն լինի Աստծո Արքայության համար իրենց մտածելակերպի կամ վարքի պատճառով, որոնք սահմանափակում են Սուրբ Հոգու շարժը, և ինչպես ասում է Պողոս առաքյալը Գաղատացիս 2.21-ում՝ «անարգում» են շնորհը:

Ես երբեք չեմ ցանկանում անարգել շնորհը: Եթե դուք ցանկանում եք լինել գործիք Աստծո ձեռքերում, համոզվեք, որ չեք հայտնվում հետևյալ կետերից որևէ մեկի տակ.

  1. Քրիստոնյաներ, ովքեր սիրում են «ղեկին լինել»

Հիսուսը միայն Փրկիչը չէ, այլև մեր Տերը, և Նա ցանկանում է ղեկավարել մեր որոշումները, ուղղորդել մեր ճանապարհները և հաղթել՝ գերազանցելով մեր եսասիրական ցանկություններն ու ընտրությունները: Շատերը օգտվում են Աստծո շնորհից, բայց իրենց կյանքի վերահսկողությունը այդպես էլ Քրիստոսին չեն հանձնում: Եթե ցանկանում եք, որ Աստված օգտագործի ձեզ, ապա տեղափոխվեք ուղևորի նստարանին և թույլ տվեք Հիսուսին՝ նստել ղեկին:

  1. «Բազմոցային» քննադատներ

Կան նրանք, ովքեր երեսի քրտինքի մեջ ծառայում են Աստծուն, և նրանք, ովքեր որպես զբաղմունք՝ ընտրել են քննադատությունը և «գետնին են հավասարեցնում» նրանց, ովքեր կատարում են Աստծո գործը: Սատանան մեղադրող է, և եթե դուք քննադատում եք մարդկանց, ապա իմացեք, որ այդտեղ գործում է սատանայի ոգին: Սուրբ Հոգին չի գործում «դառնացած», չարացած, փնթփնթացող մարդկանց միջոցով:

  1. Վատատեսներ՝ «բաժակը կիսով չափ դատարկ է» գաղափարին հետևողներ

Շատ քրիստոնյաներ անհանգստացած են այն բանով, թե ինչ են անում մեղավորները, և որոշները շատ ժամանակ են ծախսում՝ փորձելով կանխատեսել, թե երբ հակաքրիստոսը կհայտնվի, կամ երբ կգա աշխարհի վերջը: Մինչդեռ այլ քրիստոնյաներ կենտրոնանում են Քրիստոսի համար հոգիներ շահելու և այն բանի վրա, որ դրսևորվի Նրա ողորմությունը: Ո՞վ ավելի շատ պտուղ կբերի` վատատե՞սը, թե՞ հույսով կլցված ավետարանիչը:

  1. Մարմնավոր քրիստոնյաներ

Այսօր ընդունելի է բարոյության չափանիշներն իջեցնելը՝ հասցնելով «արա՝ ինչ ուզում ես» կարգախոսին: Չամուսնացած քրիստոնյաները միասին են ապրում, և որոշ հարանվանություններ ընդունում են համասեռամոլությունը: Մի՛ խաբվեք: Միայն որովհետև բոլորը ավելի ու ավելի են հետևում այդ հոսանքին, չի նշանակում, որ Աստված փոխել է Իր հավիտենական խոսքը:

Մարդիկ, ովքեր մեղքի մեջ են ապրում, չեն կարող Սուրբ Հոգու գործիք լինել: Բ Տիմոթեոս 2.21-ում ասվում է. «Եթե մեկը իր անձը մաքրի այդպիսիներից, նա պատվական անոթ կլինի՝ սրբված և իր Տիրոջն օգտակար՝ ամեն բարի գործերի համար պատրաստված»: Այն, թե որքանով եք անհրաժեշտ Աստծուն, հիմնվում է այն բանի վրա, թե հնազա՞նդ եք արդյոք սրբագործման ընթացքին: Սրբությունը պարտադիր է:

  1. «Ետ նահանջած» քրիստոնյաներ

Նրանք, ովքեր լքել են եկեղեցին, չեն կարող Աստծո գործիք լինել: Եկեղեցին Աստծո «Ա» ծրագիրն է, և Նա չունի այլընտրանք: Եթե ցանկանում ենք, որ Աստված օգտագործի մեզ, պետք է կառչենք եկեղեցուց և սովորենք եկեղեցու առաջնորդական խմբում:

  1. Վախկոտ քրիստոնյաներ

Վախը կաթվածահար է անում: Պողոսը գրում է Տիմոթեոսին վախի կապանքների դեմ. «Ուրեմն ամոթ մի համարիր մեր Տիրոջ վկայությունը» (Բ Տիմոթեոս 1.8): Աստծո կանչվածները պետք է պահպանեն իրենց հավատքը, վտանգի ենթարկեն հեղինակությունը, անհրաժեշտության դեպքում՝ կրեն անարգանք, գուցեև հալածանքներ:

  1. Պասիվ դիտորդներ

Այսօր շատ քրիստոնյաների համար Աստծուն հետևելը նշանակում է մեկ ու կես ժամ ծառայությանը նստել՝ լճի մոտ պիկնիկի մեկնելուց առաջ:

Մենք հաճախ կորցրել ենք Քրիստոսին հետևելու ճշմարիտ նշանակությունը այս աղմկոտ 21-րդ դարում:

Քրիստոսին հետևելու համար դուք պետք է դառնաք ջանասեր աշակերտ, ով կենտրոնացած է Նրա Խոսքի վրա և նախաձավոր աղոթող է: Առաջին դարի քրիստոնյաները հռչակում էին. «Իսկ մենք աղոթքին և խոսքի պաշտամունքին հետևենք» (Գործք Առաքելոց 6.4):

Կիսով չափ քրիստոնյաները երբեք չեն փոխել աշխարհը: Դուք պետք է դառնաք նվիրյալ և նախանձավոր, եթե ցանկանում եք գերագույնս արդյունավետ լինել:

Ջեյ Լի Գրեյդի