Ի՞նչ է աղոթքը. հովիվ Արարատ Պողոսյան

հովիվ Արարատ ՊողոսյանՈմանց մոտ թյուր կարծիք կա, թե աղոթքը մենախոսություն է միայն: Մենք գիտենք, որ աղոթքը զրույց է Աստծո հետ: Սա է աղոթքի սահմանումը:

Հիսուսն ասաց՝ չկարծեք, թե հեթանոսները ճիշտ են մտածում. նրանց նման չմտածեք,  թե որքան շատ խոսեք, այնքան շատ կլսվեք:

Ոմանց մոտ թյուր կարծիք կա, թե աղոթքը մենախոսություն է միայն: Մենք գիտենք, որ աղոթքը զրույց է Աստծո հետ: Սա է աղոթքի սահմանումը: Հիսուսն ասաց՝ չկարծեք, թե հեթանոսները ճիշտ են մտածում. նրանց նման չմտածեք,  թե որքան շատ խոսեք, այնքան շատ կլսվեք:

Իրականում՝ ես իմ խնդրանքը, աղաչանքը, իմ էությունն եմ դնում աղոթքի մեջ, աղոթելիս՝ ես իմ սիրտն եմ բացում իմ Արարչի առջև:

Ի՞նչ օգուտ ունի իմ աղոթելը, իմ խնդրելը, եթե պատասխան չեմ ստանում:

Չէ՞ որ մենք ակնկալում ենք պատասխան:

Մի՞ թե ականջներ ստեղծողը ականջ չունի: Ինչո՞ւ է տպավորությունն այնպիսին, որ եթե ես կարող եմ խոսել, Նա չի կարող խոսել, կամ եթե ես լսում եմ, ուրեմն Նա չի կարող լսել:

Ինչո՞ւ ենք այդպես մտածում:

«Ասացի թե. անօրենությունս խոստովանեմ Տիրոջը, և դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը» (Սաղմոս 32.5):

Այս սաղմոսի մինչև 7-րդ խոսքը Դավիթն է խոսում Աստծո հետ, իր սիրտը բացում, բայց ուշադրություն դարձրեք՝ 8-րդ խոսքում անմիջապես Բարձրյալ Տերը Իր զորավոր միջամտությամբ ներխուժում է այդ աղոթքի մեջ, որովհետև 7-րդ խոսքը, երբ վերջանում է՝ գրված է «Սելա»:

Գիտե՞ք, թե ինչ է նշանակում «Սելա»՝ «դադար»: Երբ աղոթում ես, պահեր կան, երբ դադարելու կարիք ունես:

Տո՛ւր դադար և ականջներդ բացի՛ր. գուցե Տերը խոսի:

Տեսեք՝ Դավիթը խոսելուց հետո տալիս է դադար՝ «Սելա»: Եվ այդ պահին Տերը սկսում է խոսել: «Իմաստուն կանեմ քեզ և կօրհնեմ քեզ»: Խոսողը խնդիր չունի, այլ լսողները խնդիր ունեն:

Երբ Տերը խոսում է քեզ հետ, հիշի՛ր, Նա այն լեզվով է խոսում, որ դու լավ հասկանաս: Այդ մենք՝ մարդիկս ենք իրար հետ խոսում տարօրինակ լեզուներով: Մենք ենք, որ իրար հետ խոսում ենք և հաճախ իրար չենք հասկանում: Կես ժամ, մեկ ժամ վիճում ենք ու հետո ասում. «Հա՜, ես էլ ասում եմ՝ հետաքրքիր է՝ այդ ի՞նչ էիր ուզում ասել»:

Հավատացեք՝ Աստված մեզ նման չի խոսում: Երբ որ Նա խոսում է, հստակ գիտի, թե ինչ է խոսում և երբեք խնդիր չունի խոսելու, այլ մենք խնդիր ունենք լսելու:

«Եվ երբ որ աղոթք անես, չլինես ինչպես կեղծավորները, որովհետև նրանք սիրում են ժողովարանների մեջ և հրապարակների անկյուններում կանգնած աղոթք անել, որ մարդկանց երևան։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրանք իրենց վարձքն առած են» (Մաթևոս 6.5):

Աղոթքը զրույց է Աստծո հետ: Աղոթքը զրույց չէ մարդկանց հետ: Փարիսեցիները կեղծում էին աղոթքի բնույթը: Աղոթքը երկինք է գնում: Եվ երբ աղոթքը օգտագործում ես մարդկանց երևալու համար, դու քո աղոթքը պղծում ու կեղծում ես, ինչը գարշելի ու զզվելի երևույթ է:

Փարիսեցիները մարդաշատ վայրերում, հրապարակներում կանգնում էին ու սկսում էին աղոթել, որ մարդկանցից տեսնվեն, ոչ թե Աստծուց: Մի՛ փոխեք տեղերը: Մի՛ պղծեք ձեր աղոթքը: Յուրաքանչյուրը փափագում է իր աղոթքի պատասխանը ստանալ: Եթե ուզում եք ստանալ, ուրեմն մի՛ պղծեք ձեր աղոթքը:

Ինչպիսի՞ն պետք է լինի մեր աղոթքը.

«Բայց դու, երբ որ աղոթք անես, մտիր քո սենյակը և դուռդ փակած աղոթք արա դեպի քո Հայրը, որ ծածուկումն է, և քո Հայրը, որ ծածուկ տեղը տեսնում է, հայտնապես կհատուցանի քեզ» (Մաթևոս 6.6):

Շատ է պատահել, երբ գիշերը պարզապես արթնանում ենք, բայց ոչ աղմուկից, կամ մեկ այլ ձայնից, ուղղակի արթնանում ենք, բայց այնքան թարմ ու կայտառ: Ու միանգամից հարց է առաջանում, թե ինչու ենք արթնացել, ու միտք է ծագում՝ վեր կաց, գնա աղոթք արա…

Աղոթքը հոգիների միաձուլում է, երբ քո հոգին ձուլվում է Աստծո Հոգու հետ, որովհետև Հիսուսն ասաց՝ Աստված հոգի է, և Նրան երկրպագողները պետք է երկրպագեն հոգով և ճշմարտությամբ: Սա է աղոթքը, մնացած արտաքին ծեսերը զուր են:

Եթե քո էությունը փոխված չէ, եթե քո կյանքը փոխված չէ, Աստված ի՞նչ պատասխան պետք է տա քեզ: