Ապրել հույսով լցված իրականությունում. Ջոշ Մաք-Դաուել

Ապրել հույսով լցված իրականությունում. Ջոշ Մաք-ԴաուելՄինչ Հիսուսը երկրի վրա էր, «Աստված էր Քրիստոսումը, որ աշխարհքը հաշտեցրեց իրեն հետ, և նրանց հանցանքները չհամարեց նրանց» (Բ Կորնթացիս 5.19):

Հիմա Քրիստոսը մեր մեջ է, և Պողոսն ասում է, որ Աստված մեզ հանձնարարեց հաշտության պատգամը. «Հաշտության խոսքը մեր միջումը դրեց։

Արդ՝ Քրիստոսի կողմից պատգամավորություն ենք անում, իբրև թե Աստված է հորդորում մեզանով. աղաչում ենք Քրիստոսի տեղ հաշտվեցեք Աստծո հետ» (Բ Կորնթացիս 5.19-20):

Նա ուզում է մեզ ներգրավել մարդկանց դեպի Իրեն ձգելու ծառայության մեջ, հատկապես հակառակության և նեղությունների ժամանակներում: Պողոսն առաջ է գնում՝ ասելով. «Ոչ մի բանով ոչ մի գայթակղություն չենք տալիս, որ պաշտոնը չնախատվի» (Բ Կորնթացիս 6.3):

Աստված ոչ միայն օգնում է մեզ իրականացնել մեր նպատակը՝ մեզ ավելի ու ավելի նմանեցնելով Քրիստոսին, այլ նաև մարդկանց ձգում է դեպի Իրեն մեր միջոցով: Որովհետև «Եթե իրար սիրենք՝ Աստված մեզանում է բնակվում, և նրա սերը կատարյալ է մեզանում» (Ա Հովհաննես 4.12):

Մենք հաճախ, թվում է, մեր առաքելությունն ավելի արդյունավետ ենք կատարում, երբ հաղթահարում ենք ճգնաժամեր, դժվարություններ և հալածանքներ: Մեզնից շատերը կարող են ցուցաբերել սեր, ուրախություն, խաղաղություն և համբերություն, երբ քամին մեր թիկունքից է փչում, և մենք արագ նավարկում ենք առաջ: Բայց քանի՞սս ենք արտահայտում երախտագիտություն, քաջություն և լավատեսություն փոթորկի մեջ: Երբ ողբերգությունը հարվածում է մեզ, երբ մեզ վիրավորում են կամ վատ վերաբերվում, սակայն մենք, միևնույնն է, ուրախ ենք, մարդիկ ստիպված են լինում ուղղվել և ուշադրություն դարձնել:

Հենց սա է եզրակացրել Ֆրանսիս Քոլլինսը՝ երկրի առաջատար գենետիկներից մեկը, քրիստոնեության մասին խորհրդածելիս: 1976թ-ին Քոլլինսն իր բժշկական պրակտիկայի ժամանակ ցնցված էր իր մի քանի հիվանդների անխռովությամբ, որոնք մահացու հիվանդ էին:

Նա որոշեց ուսումնասիրել Աստծո գոյության ապացույցները: Նրան համոզեց Ք. Ս. Լյուիսի «Պարզապես քրիստոնեություն» գիրքը, հատկապես Լյուիսի փաստարկները՝ հիմնված բարոյական օրենքի ակնհայտության վրա: Եվ եթե փաստարկները համոզեցին նրա միտքը, տառապող հավատացյալների հույսը գրավեց նրա սիրտը:

Աստված այնքան ամբողջական է քեզ լցնում ուրախությամբ ու օրհնությամբ քո դժվարությունների ժամանակ, որ դու իրականում դառնում ես երախտապարտ քո փորձառությունների համար, որ կրում ես: Եվ երբ մարդիկ տեսնեն, թե ինչքան համարձակ ու լավատես ես դու փորձության ժամանակ, նրանք կգան դեպի Քրիստոսը, ինչպես Քոլլինսը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հանգուցյալ քահանա Հենրի Նոուենը ասում էր, որ իր կյանքի ամենաուրախ պահերն ունեցել է լուրջ զգացմունքային և ֆիզիկական ցավերի ժամանակ, երբ «ստիպված» է եղել ապավինել Աստծուն՝ որպես իր հույսի և ուրախության աղբյուրի:

Որպես Քրիստոսի մարմին՝ մենք կանչված ենք ապրելու այս հույսով լցված իրականությունը և այն բացահայտ դարձնելու դրսի աշխարհի համար: