Տասը օրենք՝ հաջողակ և երջանիկ կյանք ապրելու համար

Ամենամեծ պարգևը, որ Մովսեսը փոխանցեց մարդկությանը, տասը պատվիրաններն էին: Հազարավոր տարիների ընթացքում գրեթե բոլոր մեծ հասարակություններն օգտագործել են այս պարզ կանոնները՝ իրենց քաղաքացիների համար հաջող և երջանիկ կյանք կառուցելու նպատակով:

Ես եմ Եհովան՝ քո Աստվածը… Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս

Աստված չէր փորձում ապացուցել Իր գոյությունը. ի վերջո, մենք կերկրպագենք կա՛մ Ստեղծողին, կա՛մ ստեղծագործությանը, և կդառնանք նրա նման, ինչին երկրպագում ենք: Երբ  դառնում ենք մեր կյանքի բացարձակ հեղինակությունը, մեր արժեքները հիմնվում են այն  ամենի վրա, ինչը «ժողովրդականություն է վայելում»: Իսկ արժեքները որոշիչ դեր են խաղում մեր կյանքի և մարդկային որակների գործում:

Քեզ համար կուռք մի՛ պատրաստիր.

Մենք սահմանափակ բարոյականությամբ արարածներ ենք, իսկ Աստված ավելի մեծ է, քան կարող ենք պատկերացնել: Այն ամենը, ինչ կարող ենք «պատրաստել» երկրպագելու համար, կուռք է և ոչ՝ Աստված: Մեր կուռքերը միշտ օժտված են մարդկային հատկանիշներով: Կռապաշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ մարդ որևէ արժեք, գործունեություն կամ առարկա Աստծուց բարձր է դասում:

Քո Եհովա Աստծո անունը դատարկ տեղը չհիշե՛ս.

Երբ Աստծո անունը թեթևամտորեն ենք օգտագործում, այդկերպ Նրա նկատմամբ հարգանքի պատշաճ վերաբերմունք չենք ցուցաբերում: Աստծո անունը անեծքի մեջ օգտագործելով՝ մեղադրում ենք Նրան այն ամենի մեջ, ինչը վշտացրել է մեզ: Աստծո անունը դատարկ տեղն ենք հիշում, երբ երդվում ենք ինքներս մեզնով՝ եսասիրաբար փորձելով ազդել մարդկանց վրա: Սխալ է, նաև այն, որ փորձում ենք մեր ցանկությունները կատարելու համար շահագործել Աստծուն՝ կրոնական ուխտեր անելով:

Հիշի՛ր շաբաթը՝ այն սուրբ պահելու համար.

Ժամանակն Աստծո կողմից տրված սուրբ պարգև է: Շաբաթվա մեկ օրը սրբությամբ անցկացնելու պատգամը տրվեց Իսրայելի՝ ստրկությունից ազատվելուց անմիջապես հետո: Որպես ստրուկներ՝ նրանք ժամանակ չունեին հանգստանալու, Աստծուն պատվելու կամ իրենց կյանքին անդրադառնալու համար: Շաբաթը ոչ թե աշխատանքից ազատ լինելու ժամանակ էր, այլ սուրբ ժամանակ: Շաբաթը Երկիր մոլորակի վրա Ադամի և Եվայի առաջին ամբողջական օրն էր: Եթե Աստված սրբացրեց այն, ուստի մեր խնդիրն է՝ պահել հենց այդպես:

Պատվի՛ր քո հորն ու մորը.

Ծնողներն իրենց երեխաների համար նույնն են, ինչ Աստված՝ աշխարհի համար: Պատվում ենք Աստծուն՝ կյանքի Արարչին, և պատվում ենք ծնողներին, ովքեր մեզ ծնունդ են տվել: Պատվել նշանակում է բարձր գնահատել, հարգանք ցուցաբերել: Չենք երկրպագում մեր ծնողներին, բայց հարգանքի պարտք ունենք նրանց վճարելու, որովհետև նրանք մեզ ծնունդ են տվել:

Սպանություն մի՛ գործիր.

Կյանքն Աստծուց տրված սուրբ պարգև է: Եվ քանի որ մենք  Աստված չենք, ուստի իրավունք էլ չունենք վերցնելու կամ կրճատելու որևէ մեկի կյանքը: Սա վերաբերում է նաև սեփական կյանքն ինքնասպանությամբ ավարտելուն: Չծնվածին կամ արատավորին սպանելը դաժանության հետևանք է և միանշանակ՝ անթույլատրելի:

Շնություն մի՛ գործիր.

Դավաճանությունն ամուսնալուծության առաջնային պատճառն է, իսկ ամուսնալուծությունը՝ ընտանիքի մահը: Ամուսնական ուխտից դուրս գտնվող յուրաքանչյուր սեռական հարաբերություն մեղք է: Ամուսնության միջոցով է, որ սրբացվում են մարդկային ինտիմ հարաբերությունները:

Մի՛ գողացիր.

«Ամեն աշխատանքի մեջ շահ կա»: (Առակաց 14:23)

Աշխատանքից ստացված շահերից մեկն էլ ստացվածքն է: Աստված յուրաքանչյուր մարդու  պարգևներ է տալիս և՛ կյանքում, և՛ հավիտենության մեջ: Ուստի պետք է հարգել սեփականատիրոջ իրավունքը, իսկ ուրիշի ունեցվածքը ոչնչացնելը ոտնձգություն է  այդ անձի դեմ: Անձնական սեփականություն ունենալու իրավունքն արդյունավետ հասարակություն կառուցելու համար  լավ հիմքի մի մասն է: Եվ սա առիթ է տալիս ջանասիրաբար աշխատելու և վայելելու աշխատանքի պտուղը:

Սուտ վկայություն մի՛ արա.

Անգլերենում «ճշմարտություն» և «վստահություն» բառերն ունեն միևնույն արմատը: Սատանան «խաբեբա է և ստության հայրը», բայց Հիսուս խոստացավ տալ Սուրբ Հոգին, որ «Ճշմարտության հոգին է»: Անկեղծությունն արտահայտում է բառի ճշմարտացիությունը, բայց սա չի նշանակում, որ պետք է ասել այն, ինչ ճիշտ է, քանի որ պետք է հետևել նաև, որ պատահաբար այդ «ճիշտ խոսքից» մարդիկ չվիրավորվեն:

Մի՛ ցանկացիր.

Աստծո բոլոր պատվիրանները կարելի է դասել երեք խմբի՝ գործողություն, խոսք և սիրտ: Իսկ այս պատվիրանը գործ ունի սրտի հետ: Բոլոր տեսակի մեղքերը սկսվում են որպես միտք, հետևաբար՝ և՛ գործերը, և՛ բառերը գալիս են սրտից: Եթե սիրտը մաքուր է, ապա այլևս կարիք չկա անհանգստանալու Աստծո պատվիրանները խախտելու շուրջ: Իսկ Հիսուս զգուշացրեց՝ «Զգուշացի՛ր ագահությունից, որովհետև մարդու կյանքը կախված չէ նրա ստացվածքի առատությունից»…

                                                                                                                                              Դեյլ Էրտոն