«Ամենադժվարը սեփական անձիդ հաղթելն է». Դիոգո Ռինկո

«Ինձ համար հաղթանակը՝ ևս մեկ օր ապրելն է՝ հավատարիմ մնալով աստվածաշնչյան արժեքներին»:

Երեք անգամ հաղթել Ուկրաինայի առաջնությունում, արժանանալ չորս Գավաթի և երկու Սուպերգավաթի՝ կիևյան Ֆուտբոլային «Դինամո» ակումբի ֆուտբոլիստներին օգնել է բրազիլացի կիսապաշտպան Դիոգո Ռինկոն: Նա սկսում է խաղալ ակումբում 2002թ-ին և 5 տարիների ընթացքում մասնակցում 166 խաղի՝ 46 անգամ գրավելով դարպասը: Մասնագետների կարծիքով՝ Ռինկոն «Դինամո»-ի պատմության մեջ լավագույն բրազիլացի կիապաշտպանն է եղել:

Սակայն 2009թ-ին նա վերջ է դնում ակումբի հետ պայմանագրին, իսկ 2012թ-ին վերջնակետ դնում իր ֆուտբոլային կարիերային:

Հիմա նա կրկին Ուկրաինայում է և «LIFE» ակումբի հետ զրույցում կիսվում է, թե ինչպես է փոխվել իր կյանքը մեծ ֆուտբոլից հետո:

«Խոստովանում եմ, որ երազում էի Ուկրաինա վերադառնալ, բայց երբեք չէի մտածում, որ Աստված իմ վերադարձը այս կերպ կկարգավորի: Հիմա ես ունեմ լիովին այլ առաքելություն և նպատակներ: Վերադարձել եմ՝ որպես այլ մարդ: Իմ խնդիրը Քրիստոսին քարոզելն է ֆուտբոլի միջոցով: Ինձ համար մեծագույն սերն այժմ ֆուտբոլը չէ, այլ՝ Քրիստոսը:

Ես խաղում էի չեմպիոնների Լիգայում և նվաճել եմ ոչ քիչ գավաթներ ու մրցանակներ և, վերջիվերջո, ճանաչում ձեռք բերել: Բայց այն ժամանակ ես շատ երիտասարդ էի և չէի կարողանում ազատվել սեփական անձիս հանդեպ չափազանց ուշադրություն դարձնելուց:

Ես երազում էի փառքի մասին և ես ստացա այն: Իսկ հետո այդ փառքի հետ ունեցա բազում խնդիրներ:

Իմ ներսում դատարկություն էր: Փորձում էի լցնել այն ալկոհոլով:

Ալկոհոլ օգտագործել սկսել էի դեռ պատանի հասակից: Փառք, կոչումներ և հարստություն ձեռք բերելուն զուգընթաց, սակայն, ավելի ու ավելի ընկա հարբեցողության մեջ:

Խմիչքը կործանարար մեծ զորություն ունի: Երբ ես երիտասարդ էի, արագ էի ուշքի գալիս, բայց տարիների հետ իմ օրգանիզմը սկսեց ավելի բարդ ձևով արձագանքել իմ ապրելակերպին:

Ունեի այլ կախվածություններ ևս: Ես շատ գոռոզ էի, ուշադրություն չէի դարձնում, թե ինչ էին ինձ ասում մտերիմներս, չափազանց հպարտ էի:

Ալկոհոլը կործանեց ընտանիքս. ես միայն իմ ձեռք բերած փառքն էի արժևորում, իսկ իմ ամենահարազատ մարդկանց անտեսում էի:

Ի վերջո, ընկա խորը փոսի հատակին և հասկացա, որ առանց արտաքին օգնության այնտեղից դուրս չեմ գա: Երբ կինս ասաց, որ պատրաստվում է բաժանվել ինձնից, հասկացա, որ ավելի մեծ բան եմ կորցնում, քան այն, ինչ կարող էի կորցնել ֆուտբոլային դաշտում:

Բաժանության հաջորդ օրը գնացի հորս մոտ, և իմ հիասքանչ հայրը մի անհավանական խորհուրդ տվեց: Նա ասաց. «Որդի՛ս, դու բուժման կարիք ունես: Ժամանակն է եկել գնալու վերականգնողական կենտրոն»:

Վերականգնողական կենտրոնը, որում ես հայտնվեցի, հիմնվում էր քրիստոնեական արժեքների վրա: Եվ այնտեղ մնալուս երրորդ օրը գնացի ծառայության: Քահանան կարդում էր Հովհաննեսի Ավետարանից. «Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8.32): Լսելով այս խոսքերը՝ զգացի, թե ինչպես ներսիս դատարկությունը, որը փորձում էի խմիչքով մոռանալ, ասես լցվեր:

Եվ Աստված հստակ ասաց ինձ. «Միայն Իմ ճշմարտությունը իրապես կարող է լցնել քո դատարկությունը»:

Իմ բուժման ընթացքը տևեց 9 ամիս: Ես ծանր ժամանակներ ունեցա, անգամ ընկճախտի օրեր: Ինձ շրջապատում էին հարբեցողներ, թմրամոլներ և հասարակությունից լքված այլ մարդիկ: Այնտեղ ես հասկացա, որ սխալ ճանապարհով էի գնում: Մյուս կողմից, այդ մարդիկ, ովքեր բուժվում էին տարբեր կախվածություններից, օգնում էին ինձ, այդ պատճառով էլ ես սկսեցի ինչ-որ բան անել նրանց համար:

Իմ ողջ կյանքը փոխվեց: Բայց ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ հանդիպեցի իրական Դիոգոյին: Ես հանդիպում ունեցա ինքս ինձ հետ: Հանդիպեցի այն տղային, ում գիտեի մանկությունից սկսած՝ մի հասարակ տղայի, ով գնահատում էր իր ընտանիքը և աստվածաշնչյան սկզբունքները: Վերադարձա կնոջս մոտ և վերականգնեցի ընտանիքս: Այսօր իմ հիասքանչ որդին մեծանում է լիարժեք ընտանիքում:

Ես չեմ կարող խոսել ապաշխարությանս մասին առանց հուզմունքի. այն փոխել է ողջ կյանքս:

Ինձ համար հաղթանակը ևս մեկ օր ապրելն է և աստվածաշնչյան արժեքներին հավատարիմ մնալը: Հաղթանակը սեփական ընտանիքիդ հավատարիմ մնալն է, ամեն օրը երեխաներիդ ու կնոջդ սիրելը: Հաղթանակը զոհաբերությունն է: Հաղթանակն այն է, երբ քնելիս մտորում ու  հասկանում ես, որ արել ես ամենը, ինչ Աստված տվել էր քեզ այդ օրվա համար: Իսկ առավոտյան արթնանալով՝ հաղթանակը պայքարը շարունակելն է:

Երջանկությունն ու ուրախությունը սրտումդ Քրիստոսին ունենալն է:

Ինձ համար Հիսուսն իմ սուրպերհերոսն է: Նա իմ մրցանակն ու իմ գավաթն է: Ես ցանկանում եմ նմանվել Նրան, բայց, իհարկե, չեմ կարող մինչև վերջ անել դա: Նա համար մեկն է իմ կյանքում: Ինձ համար երջանկությունը՝ հասկանալն է, որ Հիսուսը մահացել է ինձ համար, ահա այսպիսի մեկի՝ իր խնդիրներն ու կախվածություններն ունեցող մի մեղավորի համար: Ամեն բան աշխարհում գալիս է և ամբողջանում մեկ անձնավորությամբ, Ում անունը Հիսուս է, և դա իրական երջանկությունն է»: