Փորձված զենք՝ սրբության համար պայքարում

Երբ Պողոսը կոչ է անում մարմնի գործերը «հոգով» սպանել (Հռոմեացիս 8.13), ես ենթադրում եմ, որ նա նկատի ունի, որ մենք պետք է օգտագործենք միակ զենքը հոգևոր սպառազինության մեջ, որը կիրառվում է սպանելու համար, այսինքն խոսքը սուրի մասին է, որը «Աստծո խոսքն է» (Եփեսացիս 6.17):

Եվ այսպես, հենց որ մարմինը սկսում է վախի կամ մեկ այլ գայթակղության ազդեցության տակ մեղքի մեջ ընկնել, մենք պետք է վերցնենք Հոգու սուրը և սպանենք այդ վախը կամ այդ ձգտումը: Ըստ իմ փորձառության՝ դա նշանակում է վերին խոստմունքի զորությամբ վերացնել մեղքի ամեն նշույլ:

Օրինակ, երբ իմ ներսում որևէ անթույլատրելի սեռական հաճույքի ցանկություն է առաջանում, սուրի հարվածը, որ հասցվում է այդ ցանկությանը, այսպես է հնչում. «Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն» (Մաթևոս 5.8): Ես հիշում եմ այն ուրախությունը, որ վերապրել եմ՝ ավելի հստակ տեսնելով Աստծո դրսևորումներն իմ ներսում, ինչպես նաև հիշում եմ մեղքի անցողիկությունը և մակերեսայնությունը, և արդյունքում՝ Աստված վերացնում է մեղքի ամեն զորություն իմ կյանքում:

Դա հիասքանչ է՝ լինել գործիք, որը սպառազինված է Աստծո Խոսքի զորությամբ, որն ունակ է սպանելու մեղքը:

Մեղքի դեմ հաջող պատերազմի բանալի գործոններից մեկը՝ ձեռքի տակ այն խոստմունքներն ունենալն է, որոնք վերաբերում են այն փորձությանը, որով անցնում ենք: Բայց պատահում է, որ ձեռքի տակ (և մտքում) Աստծուց ոչ մի համապատասխան խոսք չի լինում: Եվ չկա ժամանակ, որպեսզի գտնենք Աստվածաշնչում խոստմունքը, որը հարմար լինի այդ դեպքի համար:

Այդ պատճառով բոլորիս մոտ պետք է լինի ընդհանուր խոստմունքների «զինանոց», որ պատրաստ կլինի կիրառության ցանկացած պահի, լինի դա վախ, թե անզուսպ ցանկություն, որոնք սպառնում են շեղելու մեզ ճանապարհից:

  1. «Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ».

«Մի վախենար, որովհետև ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ. Ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ. նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջովը» (Եսայի 41.10):

Ես իմ ներսում, երևի թե ամենաշատ հրեշների սպանել եմ հենց այս զենքով, քան ցանկացած այլ մեկով: Ինձ համար սա անգին զենք է:

  1. «Ինչպե՞ս… ամեն բան չի շնորհի մեզ».

«Որ իր Որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. էլ ինչպե՞ս նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ» (Հռոմեացիս 8.32):

Քանի՜ անգամ փորձության ժամին հենց այս խոսքն էր համոզում ինձ, որ անհնազանդության վարձքը չի կարող լինել ավելին, քան այստեղ հիշատակվող «ամեն բանը»:

  1. «Ես ձեզ հետ եմ ամեն օր».

«Ամեն իշխանությունն ինձ տրվեցավ երկնքումն և երկրումս… Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհքի վերջը» (Մաթևոս 28.18,20):

Քանի անգամ եմ ես իմ թուլացած ու տկարացած հոգին ամրացրել վստահությամբ, որ երկնքի ու երկրի Աստվածն այսօր նույնպես ինձ հետ է, ինչպես և այն ժամանակ աշակերտների հետ էր:

  1. «Ես կազատեմ քեզ».

«Եվ կանչիր ինձ նեղության օրումը. և ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ» (Սաղմոս 50.15):

Այն, ինչն այս զենքը դարձնում է առավել քան համոզիչ, ապա դա այն է, որ Աստծո օգնությունն ինձ համար ևս մեկ առիթ է մեծարելու Նրան: Զարմանահրաշ գործարք: Ես օգնություն եմ ստանում, իսկ Նա փառք է ստանում:

  1. «Իմ Աստվածը լրացնի ձեր ամեն կարոտությունը»

«Եվ իմ Աստվածը լրացնի ձեր ամեն կարոտությունն իր հարստության չափովը՝ փառքով Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպպեցիս 4.19):

Այստեղ համատեքստը ֆինանսական և նյութական է: Բայց սկզբունքը՝ ընդհանուր: Այն, ինչ մեզ իսկապես պետք է (ոչ թե պարզապես ցանկանում ենք ունենալ), կտրվի մեզ: Իսկ ի՞նչ է մեզ պետք: Կարիքն իրենից ներկայացնում է այն, ինչ մենք պետք է ունենանք, որպեսզի կատարենք Աստծո կամքը: Ի՞նչ է մեզ անհրաժեշտ մեր Փրկչի մեծարման համար. ահա հենց դա էլ կտրվի մեզ, եթե մենք վստահում ենք Նրան:

Մշտապես ձեր զինանոցը լցրեք խոստմունքներով: Բայց երբեք ու երբեք բաց մի թողեք ձեր տեսադաշտից մի քանի ընտրված խոստմունքներ, որոնցով Աստված օրհնել է ձեզ: Հաշվի առեք և՛ մեկը, և՛ մյուսը: Միշտ պատրաստակամ կանգնած եղեք ձեր հին պահեստով: Եվ ամեն առավոտ որոնեք նոր խոստմունքներ Նրանից, որպեսզի այն ձեզ հետ լինի ողջ օրվա ընթացքում:

Ջոն Փայփեր