Փողոցային հանցախմբից ուղիղ եկեղեցի. իրական պատմություն

Փողոցային հանցախմբից ուղիղ եկեղեցի. իրական պատմությունԳիտեք, երբ ես երեխա էի, այնքան վիրավորանք ու բարկություն ունեի հորս հանդեպ: Ինչպե՞ս կարող է մարդը չցանկանալ իր երեխայի ծնունդը՝ մտածում էի ես:

Այժմ ես նույնպես հայր եմ ու այնքան եմ սիրում իմ հնգամյա զավակին: Ուրախանում եմ նրա ամեն մի նոր քայլով, փոքրիկ ձեռքբերումներով:

Հեռախոսիս մեջ ունեմ նրա նկարները, որոնք միշտ ցույց եմ տալիս իմ ծանոթներին, պատմում, թե ինչպես ենք մենք միասին խաղում, գնում զբոսանքի և այլն:

Իսկ երբ ես ծնվեցի, հայրս արդեն լքել էր մեզ: Իմ մայրը շատ վաղ հասակում է ինձ ծննդաբերել: Եվ հայրս նրան ասել էր մինչ այդ, որ եթե նա արհեստական վիժեցման գնա, ապա նրանք կշարունակեն միասին լինել: Մայրս հրաժարվել էր ու որոշել ինձ լույս աշխարհ բերել: Այդպես, ես դեռ չծնված, արդեն հայր չունեի, իսկ մայրս էլ՝ ամուսին:

Ես մեծանում էի ու անընդհատ իմ մեջ հնչում էր այս հարցը՝ ո՞ւր է իմ հայրը, ինչո՞ւ ես հայր չունեմ: Ինձ ընդունում էին միայն հանցագործ շրջապատի տղաները՝ փողոցային հանցախմբերը: Նրանք գողություն էին անում, տարբեր անկարգություններ և այլն: Նրանց մեջ ես զգում էի ինձ բավականին լավը:

Մի անգամ վիճեցի մեկ այլ հանցագործ խմբի տղաներից մեկի հետ: Եվ երբ վեճից հետո եկա այն տղաների մոտ, ում հետ մշտապես շփվում էի ու մանր հանցագործություններ կատարում, նրանք ինձ ասացին, որ պետք է ես վրեժխնդիր լինեմ այն տղայից, ում հետ վիճել եմ, պետք է ծեծեմ նրան ու իր ընկերներին, որպեսզի մեր խմբում հեղինակություն ձեռք բերեմ:

Ես հրաժարվեցի՝ ասելով, որ առանց այն էլ ես դժվար դաստիարակվող պատանիների դպրոց եմ հաճախում: Մոռացեք այդ մասին:

Բայց երեք օր հետո հենց իմ հանցակից ընկերներից երեք մեծահասակ տղաներ ինձ այնպես ծեծեցին, որ ատամներս թափվել էին, մարմնիս վրա արյան հետքեր էին ամենուր:

Դա այն օրն էր, որ ես փոխվեցի: Ոչ ոքի պետք չէի, կարծես մի դեն նետված կատու լինեի: Անգամ դպրոցում ոչ ոք այլևս չէր ցանկանում ինձ հետ շփվել, ոչ ոք կողքիս չէր նստում: Ես լքված էի:

Մայրիկս հաճախում էր եկեղեցի, և այդ ժամանակ այդ եկեղեցուց մի տղա ինձ պատմեց, որ իրենց մոտ լինելու է երիտասարդական ծառայություն: Նա հրավիրեց ինձ: Ես շատ բան չէի հասկանում նրա ասածներից, բայց գնացի:

Մարդիկ այնտեղ ծափահարում, երգում և ուրախանում էին: Հիշում եմ, որ նրանց նայելով՝ մտածում էի, թե հիմարություն է նրանց ուրախությունը, ինչի՞ համար են այսքան ուրախանում: Ինչո՞ւ են այսպես ծափահարում: Հնարավոր չէ, որ մարդն այսքան երջանիկ լինի: Բայց ներքուստ ես ինքս ցանկանում էի ունենալ այն, ինչ նրանք ունեն, ինչի համար նրանք այդքան երջանիկ են:

Հանկարծ ես նույնպես բարձրացրեցի ձեռքերս ու սկսեցի աղոթել, սկսեցի լացել, շատ ուժեղ լացել. այդպես շատ վաղուց լաց չէի եղել: Բայց դրանք հիասթափության ու բարկության արցունքներ չէին, այդ արցունքներն ինձ թեթևություն բերեցին, թեթևություն, որ գտել էի վերջապես ինքս ինձ Աստծո ձեռքերում:

Ես զգում էի, որ Նա պահում է ինձ, բռնել է ինձ, գրկել, և դա այն գրկախառնությունն էր, ինչի կարիքը ես այնքան ունեի: Այդ օրը ես տվեցի իմ սիրտը Հիսուս Քրիստոսին: Ես դարձա լիովին այլ մարդ: Սկզբում մարդիկ ինձ նայելով անգամ չէին հավատում, որ դա ես եմ, այնքան փոխվել էր իմ պահվածքը:

Ստացվեց այնպես, որ իմ դպրոցի սրճարանում փոքրիկ ծառայության նման մի բան կազմակերպեցի: Պարզապես կիսվեցի մյուսների հետ նրանով, ինչ իմ սրտում կար: Անգամ հրավիրեցի աստվածաշնչյան ակումբ, որ նոր-նոր էր բացվել մեր եկեղեցում: Եվ մեկ շաբաթվա ընթացքում այդ ակումբի այցելուների թիվը 6-ից աճեց մինչև 60-ը:

Գիտեք շատ բան է փոխվել այդ օրերից: Եվ այսօր, նայելով ինքս ինձ հայելու մեջ, գոհանում եմ նրանից, թե ինչ և ում եմ տեսնում այնտեղ: Այլևս չեմ ցանկանում համապատասխան լինել ինչ-որ խմբերի, չեմ զգում ինձ մերժված ու միայնակ: Ես պարզապես սիրված եմ Աստծո կողմից, և դա ամեն ինչ է ինձ համար:

Այժմ ես իմ երեխաներին ձգտում եմ մեծացնել այնպես, որ նրանք սիրեն Աստծուն: Ուզում եմ նրանք իմանան, որ բացի երկրային հորից, որ իրենց շատ սիրում է, գրկում, ոգևորում, հավատում նրանց, նրանք ունեն նաև Երկնային Հայր, Ով ցանկանում է մտերիմ հարաբերույթուններ ունենալ նրանց հետ, ուղղորդել կյանքի տարբեր իրավիճակներում, բարձրացնել ու զորացնել:

Գեյբ Սալազար