Տատս հիջաբը հագնում էր, ձեռքս բռնած տանում եկեղեցի. Դիարբեքիրում ավերվող Սուրի վերջին հայերը պատմել են ցեղասպանությունից հետո վերապրածի մասին

Տատս հիջաբը հագնում էր, ձեռքս բռնած տանում եկեղեցի. Դիարբեքիրում ավերվող Սուրի վերջին հայերը պատմել են ցեղասպանությունից հետո վերապրածի մասինԴիարբեքիրի պատմական Սուր թաղամասում, որը 2015թ.-ին հայտնվել էր թուրք-քրդական նոր բախումների կիզակետում, այս օրերին ոչնչացվում են հարյուրավոր հնագույն կառույցներ։

Կառույցների ոչնչացման այս օրերին թուրքական dihaber.net կայքի լրագրողները գնացել են Սուրի հայկական անցյալի և մինչ օրս պատմական Սուրի հետ կապը պահող տեղացի հայերի հետքերով:

Սուրում մահմեդականացված հայ ընտանիքում մեծացած Այթեն Էքիջին տխրությամբ փաստել է, որ Սուրի ավերման հետ իշխանությունները հողին են հավասարեցնում մի ամբողջ պատմական անցյալ:

Իր ընտանիքի պատմությունը թուրքական լրատվամիջոցի հետ կիսած դիարբեքիրցի հայուհու հարցազրույցը միևնույն ժամանակ լույս է սփռում 1915-ից հետո Թուրքիայում և, մասնավորապես, Դիարբեքիրում իրենց կյանքը շարունակած հայ որբերի հետագա սերունդների ճակատագրի վրա:

«Հորական տատս կրոնափոխվելուց հետո իրեն կրոնին նվիրեց: Չնայած որ քրիստոնյա հայ ընտանիքի զավակ էր՝ Ղուրանը շատ լավ գիտեր: Նույնիսկ մեր թաղի երեխաներին տարիներ շարունակ Ղուրանի դաս է տվել: Բայց կիրակի օրերին հիջաբը քաշում էր վրան, դեմքը ծածկում, ձեռքս բռնում տանում էր եկեղեցի:

Կրպակից ինձ համար մի բուռ լեբլեբի էր առնում և երկու թխվածքաբլիթ: Ավելի ուշ հասկացա, որ դրանով սիրտս է շահում, որ ոչ ոքի չպատմեմ մեր՝ դեպի եկեղեցի ճանապարհորդության մասին:

Պատարագի ժամանակ ասում էի՝ տատիկ, ովքե՞ր են այս մարդիկ, սա ի՞նչ վայր է: Ձեռքով նշան էր անում, որ ձայն չհանեմ ու ասում. «Պապիկիդ ազգականներն են նրանք», – հիշում է Այթեն Էքիջին:

Նա պատմում է, որ իր ընտանիքում եղած այս հակասությունը ստիպել է նրան կորցնել իր հանգիստը:

«Ասացի՝ մենք ո՞վ ենք, ի՞նչ ենք: Մի կողմից եկեղեցի, մյուս կողմից՝ Ղուրան: Հայրս այս տարածքի առաջին ռեստորանը բացողն էր, ռեստորան, որտեղ կա խմիչք: Նման կրոնամոլ մի կնոջ զավակն այդպիսի ռեստորան է բացում, միմյանց շատ անհամապատասխան բաներ են սրանք», – շարունակում է Էքիջին:

Նրա մոր ընտանիքի պատմությունը նույնպես կապված է ցեղասպանության հետ: Այթենը տեղեկացել է, որ իր մորական պապիկը Դիարբեքիր է հասել 1915-ին՝ Էրզրումի Օթ շրջանից: Հիշում է, որ նրա անձնագրի մեջ, որը խնամքով պահել էր մայրը, գրված էր «Մուհթեդի», այսինքն՝ կրոնափոխ:

«Գաղթի ճանապարհին նրա հորն ու մորը սպանել են իր ու ավագ քրոջ աչքի առաջ: Պապիկիս դիարբեքիրցի մի քուրդ աղա է տարել, անունը Ներիփ էր: Հայ որբերին իրար հետ էին ամուսնացնում, պապիկիս համար էլ տատիս են գտնում: Հետագա տարիներին էլ պապիկս իմանալով, որ քրոջն առևանգողներն էլ են նրան բերել Դիարբեքիր, ամիսներ շարունակ փողոց առ փողոց անտունի պես սկսում է փնտրել քրոջը: Բայց քրոջը տարած աղան թույլ չի տալիս, որ հանդիպեն: Այդ հանդիպումն այդպես էլ չիրականացավ, և պապիկս մահացավ աղքատությունից: Տատիկս 5 երեխաներին պահելու համար տեղի հիվանդանոցի լվացքատանն է աշխատել: Օրերով տուն չէր կարողանում գալ: Մայրս միշտ ասում էր՝  «չոր հացը մեծ դժվարությամբ էինք գտնում»: Դրա համար մորս համար հացը միշտ սուրբ էր»,- պատմում է Էքիջին:

Աղբյուրը՝ tert.am