Աստված քեզ հե՞տ է. Բիլլ Ջոնսոն

Աստված քեզ հե՞տ է. Բիլլ Ջոնսոն Շատ անգամ Աստվածաշնչում Տերը խոսում է Իր ծառաների հետ՝ ասելով, որ իրենց հետ կլինի: Երբեմն Նա անգամ այսպես է ասում. «Եվ Աստծո Հոգին եկավ նրանց վրա»:

Ես մեկ անգամ Սուրբ Գրքում նման գրվածքների մի ցուցակ կազմեցի և հայտնաբերեցի մի հետաքրքիր ճշմարտություն. ամեն անգամ, երբ Աստված ասում է, որ կլինի մեկի հետ, դա նշանակում է, որ այդ մեկին տրվել է մի անիրական թվացող հանձնարարություն:

Աստված նման խոստում տվեց Մովսեսին: Դա կապված էր Իսրայելի ժողովրդին ստրկությունից դուրս բերելու հանձնարարության հետ: Նույն խոսքն ասվեց նաև Հեսուին, ով հանձնարարություն ստացավ առաջնորդելու և հասցնելու նրանց դեպի իրենց ժառանգությունը՝ չնայած Երիքովի հսկաներին և այլ սարսափելի թշնամիներին:

Նույն խոստումը տրվեց Գեդեոնին, ով պետք է թուլացած Իսրայելին ազատեր հզոր մադիանացիներից: Եվ նորից նույն խոստումը տրվում է աշակերտներին Մաթևոսի Ավետարանի 28 գլխում: Դա արդեն ազգերին Ավետարանը հասցնելու մեծ հանձնարարականն էր:

Խոստացված ներկայության ենթատեքստը ցնցող է: Աստծո ներկայությունը մեզնից մեկ բան է պահանջում՝ մուտք գործել անհնարինի դաշտ:

Եթե Աստված հայտնում է, որ մեզ հետ կլինի, ուրեմն կա մի բան, որ պետք է իրականացնենք: Եթե կարծում եք, որ Սուրբ Հոգին մեզ հետ է՝ պարզապես հանգստացնելու և ոգեշնչելու համար, ապա սխալվում եք. Նա մեզ հետ է անհնարինը հնարավոր դաձնելու նպատակով:

Գործք Առաքելոց 10.38-ում գրված է. «Այն Հիսուսին, որ Նազարեթիցն է, թե ինչպես նրան Աստված Սուրբ Հոգով և զորությունով օծեց, որ ման եկավ բարիք անելով և սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր»:

Նկատե՛ք, որ այստեղ նշվում է՝ «Որովհետև Աստված Նրա հետ էր»: Հիսուսը հավիտենական Աստված է, բայց երկրի վրա աստվածային ծրագիրն իրականացնելու համար Նրան նույնպես, ինչպես որ Հին Կտակարանի մարդկանց, վերաբերում էր այդ խոսքը:

Երբ Աստված մարդու հետ է, վերջինս կարողություն է ստանում մտնելու անհնարինի դաշտ և դարձնելու այն հնարավոր: Մենք կարողություն ենք ստանում վերցնելու Աստծուց տրված հանձնարարությունը և բացահայտելու Նրա ներկայությունը մեր կյանքերում, ինչն էլ անհնարինը դարձնում է հնարավոր:

Հիսուսը սկսեց Իր ծառայությունն այս խոսքերով. «Աստծո Հոգին Ինձ վրա է, ընդ որում Նա օծել է ինձ…» (Ղուկաս 4.18):

Խոստովանությունը, որով Նա սկսեց Իր ծառայությունը, բացահայտեց Նրա ծառայության էությունը. դա մարդկանց ազատություն բերելն էր, և դրա պատճառն այն էր, որ Աստծո Հոգին Նրա վրա էր: