Ես սիրում եմ լսել քո աղոթքները. Չորս խոսք, որ կամրացնեն քո աղոթքի կյանքը

Չորս խոսք, որ կամրացնեն քո աղոթքի կյանքըԵրբեմն դու աղոթում ես ու տարակուսում, թե արդյոք Աստված լսո՞ւմ է քո աղոթքները, հատկապես, երբ ստիպված ես լինում երկար սպասել աղոթքներիդ պատասխաններին:

Բայց Աստված հաստատ լսում է քո յուրաքանչյուր աղոթքը: Իրականում Նա սիրում է լսել, թե ինչպես ենք մենք աղոթում, և ուզում է, որ մենք շարունակենք աղոթել: Ահա չորս մարգարեական խոսքեր, որ կքաջալերեն ու կամրացնեն քեզ աղոթքի մեջ. Աստված ասում է.

1. Ես սիրում եմ լսել քո աղոթքները:

Իմ ամենասիրած պահերն են, երբ առավոտյան արթնանալով՝ դու սկսում ես արտաբերել քո սերը Իմ հանդեպ, դա հպվում է Իմ սրտին: Երբ դու հարցնում ես ինձ, խնդրում ինչ-որ բան, ինձ հաճելի է քեզ պատասխանելը: Երբ դու խոսում ես Իմ սրտի հետ, Ես էլ խոսում եմ քո սրտի հետ: Ես լսում եմ քո ձայնը անգամ այն ժամանակ, երբ դու չես լսում Իմը՝ կյանքի այս հախուռն տեմպերի մեջ: Դրա համար շարունակիր բարձրացնել քո ձայնը և աղոթել քո Հորը: Շարունակիր ասել ինձ քո պայքարների մասին, քո վախերի, քո երազանքների և հաղթանակների մասին: Ես լսում եմ քեզ համակ ուշադրությամբ:

«Տիրոջ աչքերը արդարների վրա են, և նրա ականջները նրանց աղաղակի վրա» (Սաղմոս 34.15):

2. Մնա միշտ ինձ աղաղակող, մի՛ հանգցրու կրակդ:

Երբեմն, երբ դու ամուր կառչած կլինես ճշմարտությանը, քո շրջապատի մարդիկ քեզ խելագար կհամարեն՝ ասելով, թե դու շատ խորն ես գնացել: Բայց ճշմարտությունը մնում է ճշմարտություն, և դու կանչված ես այն հռչակելու: Հետ մի՛ կանգնիր ճշմարտությունը հռչակելու ճանապարհից, մի դադարիր պատմել Հիսուսի գերբնական ու քաղցր ներկայության մասին: Թույլ մի տուր որևէ մեկին հանգցնել քո սրտի կրակը: Այդ կրակը Ինձ դուր է գալիս:

«… Եվ լսելով, թե Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել և ասել. Հիսուս՝ որդի Դավթի, ողորմիր ինձ։ Եվ շատ մարդիկ սաստում էին նրան, որ լուռ կենա, բայց նա էլ ավելի էր աղաղակում…» (Մարկոս 10. 46-52):

3. Դու կարող ես պատմել ինձ ամեն բան:

Դու կարող ես վստահել Ինձ: Ես քո վստահված Անձն եմ: Ես քո Խորհրդատուն եմ: Կիսվիր քո երազանքներով ինձ հետ, և Ես կօգնեմ քեզ իրագործելու դրանք: Կիսվիր Ինձ հետ քո վախերով, և Ես կօգնեմ քեզ հաղթահարել դրանք: Ես քո կողմից եմ, այլ ոչ՝ քեզ դեմ:

«… եթե Աստված մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ, որ իր Որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան. Էլ ինչպե՞ս նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ» (Հռոմեացիս 8.31-32):

4. Ես կարող եմ անել ավելին, քան դու մտածում ես:

Մի կողմ քաշիր քո սահմանափակումները: Դու հասկանո՞ւմ ես, որ այն ուժը, որը հարություն տվեց Քրիստոսին մեռելներից, քո մեջ է բնակվում: Դու գիտե՞ս, որ ես կարող եմ անել շատ, շատ ավելին, քան դու կարող ես պատկերացնել: Դու գիտե՞ս, թե ինչ եմ Ես ուզում. որ դու հավատաս ինձ այնպես, ինչպես Ես եմ քեզ հավատում: Ջնջիր սահմանափակումներդ: Երազիր Ինձ հետ միասին: Թույլ տուր քո աչքերին տեսնել, քո ականջներին՝ լսել և քո սրտին՝ հասկանալ, թե ինչ եմ Ես պատրաստել քեզ համար: Լավագույնը դեռ առջևում է: Միայն հավատա:

«Բայց նրան, որ կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ խնդրում ենք և իմանում, այն զորության չափովը, որ մեզանում ներգործում է» (Եփեսացիս 3.20):

«Այլ ինչպես գրված է. ինչ որ աչք չտեսավ և ականջ չլսեց և մարդու սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրեն սիրողների համար» «Ա Կորնթացիս 2.9»:

                                                                                                                    Ջենիֆեր Լեկլայր