Երբ Աստված գթասրտաբար քանդում է մեր ծրագրերը

Երբ Աստված գթասրտաբար քանդում է մեր ծրագրերըԲոլորդ, հավանաբար, գիտեք Բաբելոնի աշտարակի պատմությունը:

«Եվ ասեցին. եկեք մեզ համար մի քաղաք շինենք և մի աշտարակ, և նրա գլուխը մինչև երկինքը լինի, և մեզ համար անուն ստանանք, որպեսզի չցրվենք բոլոր երկրի երեսի վրա» (Ծննդոց 11.4):

Մարդիկ մեկ նպատակ ունեին՝ անուն ստեղծել իրենց համար: Աստված ներկա չէր նրանց նպատակներում: Նրանց նպատակը սեփական անձերին հռչակ բերելն էր:

Հնագույն ժամանակներում ապրող այս բաբելոնցիների մեջ կարող ենք նաև մեզ գտնել: Այժմ նրանց նման մենք էլ մեղավորներ ենք, ովքեր շատ հաճախ լցված են հպարտությամբ և կեղծ ձգտումներով՝ չափից շատ մտածելով, թե ինչ են ուրիշները մտածում մեր մասին, և որը կլինի այս երկրում մեր ժառանգությունը: Նրանց նման մենք էլ շատ հաճախ ունենք ինքներս փառավորվելու ծիծաղելի, չափազանցված ցանկություն և կարող ենք մեծ ջանքեր ներդնել դրան հասնելու համար:

Աստված Իր մեծ գթությունից ելնելով՝ խոչընդոտում է մեր նպատակների իրականացմանը:

Եվ ահա թե ինչպես է Աստված պատասխանում մարդկային հպարտության այդ վեր գոյացող աշտարակին:

«Եհովան իջավ մարդկանց որդիների շինած քաղաքը՝ իր աշտարակը տեսնելու» (Ծննդոց 11.5):

Այն փաստը, որ Աստված «իջավ»` տեսնելու, թե ինչ են մարդիկ կառուցում, ամենը իր տեղն է դնում:

«Եվ Եհովան ասեց. ահա մեկ ազգ է և մեկ լեզու նրանց ամենի համար, և ահա սկսեցին շինել, և հիմա նրանց համար դժվար չի լինի ինչ որ խորհեցին շինելու։ Եկեք իջնենք և այնտեղ նրանց լեզուն խառնակենք, որ իրար լեզու չհասկանան։ Եվ Եհովան այնտեղից նրանց ցրեց բոլոր երկրի երեսի վրա, և քաղաքը շինելուց դադարեցին» (Ծննդոց 11.6-8):

Փառահեղ ու վայելուչ Աստծուն չէր սպառնում մարդկանց հավաքական հնարամտությունը: Ավելին, այն, ինչ Աստված գիտեր, և ինչ այդ քաղաքը շինողները չգիտեին, այն կործանումն էր, որ մեղքը կարող էր բերել, եթե մարդկային հպարտությանը թույլ տրվեր անարգել կերպով առաջանալու:

Մենք, ովքեր ունենք հազարավոր տարիների արձանագրված պատմությանը հետևելու առավելությունը, պետք է ավելի իմաստուն լինենք, քան մեր նախահայրերը: Տեխնոլոգիապես հարուստ 20-րդ դարում հազարավորներ զոհվեցին պատերազմներում, որոնց հիշատակները հարգում ենք այսօր: Սակայն այդ զոհերը նաև վկայում են, թե ինչպիսի մեծ չարիքի կարող է հանգեցնել այն, երբ լավագույն և ամենափայլուն ուղեղները միավորվում են իրենց «Բաբելոնը» կառուցելու համար:

«Կա ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նրա վերջը մահվան ճանապարհներ են» (Առակաց 14.12):

Աստված խառնում է նրանց լեզուները ու ցրում նրանց: Եվ սա մեծ ողորմության դրսևորում էր Աստծո կողմից:

Աստծո գթառատ նպատակները մեր շփոթ հիասթափություններում.

Աստված նույն տեսակ գթասիրտ վերաբերմունք է դրսևորում նաև մեր հանդեպ: Եվ դա շատ ավելի մեծ գթասրտություն է, քան կարող ենք պատկերացնել ու իմանալ, անշուշտ ավելի՝ քան մենք կարծում ենք, երբ շփոթության մեջ ենք հայտնվում:

Մենք հաճախ չգիտենք էլ, թե ինչ ենք իրականում կառուցում, երբ սկսում ենք գործի դնել մեր ձեռքբերումները: Մենք հաճախ տեղյակ չենք անգամ, թե որքան խորը, տարածվող ու խանդավառող է մեր հպարտությունը: Մեզ հաճախ կուրացնում է մեր անվան փառքը փայփայելու ցանկությունը: Եվ Աստված գիտի դա: Նա Իր գթառատությամբ մեզ շփոթության է մատնում, արգելում է և հնազանդեցնում: Եվ այս բոլորը ողորմածություն է, սա Աստծո մեծ գթության դրսևորումն է:

«Աստված հպարտներին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս» (Ա Պետրոս 5.5): Երբ խոսքը Իր զավակների՝ մեր մասին է, Աստված տալիս է շնորհ՝ մեր հպարտությանը հակառակ կենալու ընթացքի մեջ, որովհետև դա մեզ խոնարհ է դարձնում:

Քանզի Տերը գիտի. որքան մենք հնազանդ ենք, այնքան ավելի երջանիկ ենք: Հպարտներին կործանում է սպասվում (Առակաց 16.18), բայց խոնարհները Տիրոջ հետ  կբնակվեն (Եսայի 57.15):

Բաբելոնյան աշտարակի պատմության մեջ Ավետարանի գանձերից մեկն է պարփակված. սեփական անունը հնչեղ դարձնելու հետ կապված մեր խառնաշփոթ հիասթափությունները և ձախողումներն անգամ ունեն փրկող նպատակ: Աստված սիրում է մեզ և գիտի, թե ինչն է լավագույնը մեզ համար, և Իր գթասրտությունից ելնելով՝ Նա մեզ թույլ չի տալիս սեփական փառքը որոնելու ճանապարհին որևէ ձեռքբերումների հասնել՝ վնաս համարելով դրանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտությանը հասնելու հարցում (Փիլիպեցիս 3.8):

Մեր անունը ճանաչված դարձնելու մեջ ոչ մի վաստակ չկա: Միակ իրական շահը Քրիստոսն է: Եվ այսպես, Աստված գթասրտաբար քանդում է մեր հպարտությունից ծնունդ առած ծրագրերը մեզ իրապես երջանիկ դարձնելու համար:

Ջոն Բլում