Թե ինչպես Աստված փոխեց իմ կյանքը…

Թե ինչպես Աստված փոխեց իմ կյանքը…Նույնիսկ եթե մարդը շատ վաղ տարիքից է հաճախել եկեղեցի, չկա ոչ մի երաշխիք, որ ապագայում էլ նա միշտ կշարունակի ապրել քրիստոնեական կյանքով: Չգիտեմ ում մոտ ոնց, բայց ինձ մոտ հենց այդպես է եղել:

Չնայած այն բանին, որ մանուկ հասակից գնացել եմ եկեղեցի, նույնիսկ մասնակցել եմ կիրակնօրյա դպրոցի դասերին, պատանեկան հասակում այն ամենը, ինչ ես գիտեի Աստծո մասին, մոռացել էի, ու դրանք ոչ մի նշանակություն չունեին ինձ համար:

Լինելով դեռահաս՝ ես սովորում էի մեկ այլ դպրոցում՝ «փողոցի դպրոցում», որտեղ ինձ սովորեցնում էին առօրյա գոյատևման սկզբունքները: Իմ ուսուցիչները իմ մեծահասակ ընկերներն էին:

Նրանք ինձ դասավանդում էին բոլոր անհրաժեշտ գիտելիքները, որոնք, ինչպես այն ժամանակ կարծում էի, կարող էին երբևէ պետք գալ. սկսած նրանից, թե ինչպես ընդունել թեթև թմրադեղեր, ալկոհոլ օգտագործել՝ հասնելով մարմնի ու մտքի անկառավարելի վիճակին, և վերջացրած նրանով, թե ինչպես աղջկա հետ ստեղծել այնպիսի փոխհարաբերություններ, որոնք ոչ մի պատասխանատվություն չէին ակնկալում: Այդ դասերի վրա ես վատնեցի իմ կյանքի թանկարժեք ժամանակի մեծ մասը:

Բայց Աստված երբեք չի դադարել կանչել ինձ դեպի Իրեն: Պարբերաբար ես վերադառնում էի եկեղեցի, քանի որ ինչ-որ բան, ավելի ճիշտ՝ ինչ-որ Մեկը ինձ ձգում էր դեպի այնտեղ: Միայն հիմա եմ հասկանում, որ Աստված այնքան շատ էր սիրում ինձ և ցանկանում էր փրկել ինձ անիմաստ գոյատևումից: Այդուհանդերձ, այն ժամանակ Աստծո կանչը մնում էր անպատասխան:

17 տարեկանում ես սկսեցի քոլեջում սովորել, հետո համալսարանում ուսանելու տարիներն էին: Ես համաձայն եմ մարդկանց մեծամասնության այն կարծիքի հետ, որ դրանք մարդու կյանքի լավագույն տարիներն են:

Միայն երրորդ կուրսում ես կողմնորոշվեցի Աստծո նկատմամբ իմ վերաբերմունքի և Նրա հետ կյանքս ապրելու հարցում: Այն ժամանակ, երբ հասարակության կործանիչ ազդեցությունը, որում ես ապրում էի, հասավ իր գագաթնակետին, և երջանիկ ընտանիք ունենալու իմ երազանքի իրականացումը ամեն անգամ ձախողվում էր, ես հասկացա, որ ունեմ Հիսուսի կարիքը:

Վերլուծելով անացած տարիները՝ ես տեսնում եմ, որ Աստված միշտ էլ եղել է ինձ հետ: Համալսարանում ես մի ընկեր ունեի, ով ճանաչում էր Աստծուն, և նա ինձ վրա, այսպես ասած, քրիստոնեական ազդեցություն էր ունենում: Նա ինձ իր հետ տանում էր եկեղեցի, և համոզված եմ, որ անդադար աղոթում էր ինձ համար:

Իմ անձնական դարձը դեպի Աստված նույնպես չիրականացավ առանց հավատացյալ երիտասարդների օգնության: Մեր քաղաքի երիտասարդ միսիոներ աղջիկներն ու տղաները, ովքեր հաճախ էին գալիս մեր համալսարան և պատմում Հիսուսի մահվան և Աստծո ներման մասին, գրավում էին ինձ իրենց ապրելակերպով ու մտածելակերպով:

Նրանք նման չէին բոլորին, նրանք երջանիկ էին ու ազատ, և այդ ազատությունը կայանում էր նրանում, որ կախված չէին շրջապատողների կարծիքներից, ինչպես մյուսները: Նրանք ունեին ինչ-որ այլ չափանիշներ, այլ հեղինակություններ ու հայացքներ:

Այժմ էլ ամեն օր ես շարունակում եմ սովորել, բայց այժմ արդեն Հիսուսի դպրոցում: Նա փոխեց իմ հայացքն ու վերաբերմունքը շատ բաների նկատմամբ: Աստված ինձ պարգևեց հրաշալի կին, ում հետ միասին փորձում ենք հասնել արդեն մեր ընդհանուր երազանքին՝ ունենալ երջանիկ ընտանիք: Եվ մենք վստահ ենք, որ դա հնարավոր է միայն Նրա մեջ:

Բացի այդ, ես շնորհակալ եմ իմ Փրկչին և ուրախ եմ այն բանի համար, որ իմ անձնական օրինակով կարող եմ ազդեցություն ունենալ երիտասարդների և ուսանողների վրա այն ծառայության միջոցով, որ ինձ տվել է Աստված: Փառք Նրան ամեն բանի համար:

Իգոր Յագոտին