Կատարյալ սիրտ. Դեյվիդ Ուիլքերսոն

Գիտե՞ք արդյոք, որ հնարավոր է Աստծո առջև գնալ կատարյալ սրտով: Եթե դուք փափագում եք Հիսուսին, գուցե արդեն անկեղծորեն ջանում եք կատարել Աստծո հրամանը:

Ես ուզում եմ քաջալերել ձեզ. դա հնարավոր է, այլապես Աստված մեզ կոչ չէր անի նման սիրտ ունենալ: Կատարյալ սիրտ ունենալը ուխտի մի մասն էր այն ժամանակից, երբ Աստված առաջին անգամ խոսեց Աբրահամի հետ. «Ես եմ Ամենակարող Աստվածը. իմ առաջին վարվիր, և կատարյալ եղիր» (Ծննդոց 17.1): Ավելի ուշ Աստված Իսրայելի որդիներին հիշեցնում է նույն խոսքերը. «Քո Եհովա Աստծո հետ կատարյալ լինես» (Բ Օրինաց 18.13):

Նոր Կտակարանում էլ մենք տեսնում ենք, որ Աստծո պատվիրանը Իր ժողովրդի համար՝ կատարյալ լինելը, կրկին հայտնվում է Իր Որդու միջոցով: Հիսուսն ասում է. «Արդ դուք կատարյալ եղեք, ինչպես ձեր Հայրը, որ երկնքումն է, կատարյալ է» (Մաթևոս 5.48):

Լրջորեն ստանձնելով կատարելության հարցի լուծումը՝ մենք, նախևառաջ, պետք է հասկանանք, որ կատարելություն՝ չի նշանակում անարատ, մեղքից զուրկ գոյություն: Մարդիկ դատում են ըստ արտաքին դրսևորումների՝ ելնելով ամենից, ինչ տեսնում են: Բայց Աստված դատում է սիրտը, սրտի անտեսանելի շարժառիթները (Ա Թագավորաց 16.7): Դավիթն ուներ կատարյալ սիրտ Աստծո նկատմամբ իր կյանքի բոլոր օրերում և, այնուամենայնիվ, Դավիթը հաճախ էր սխալվում: Փաստացիորեն նրա կյանքը հավետ դրոշմված եղավ այն շնությամբ և տխրահռչակ սպանությամբ:

Բայց ո՛չ, Աստծո աչքերում անարատությունը լիովին այլ բան է: Դա նշանակում է հասունություն, ամբողջականություն: «Կատարելություն» բառի հունարեն և եբրայերեն նշանակությունները իրենց մեջ ներառում են «անզվություն, արատի կամ բծի բացակայություն, լիակատար հնազանդություն» իմաստները:

Ջոն Ուեսլին կատարելության հասկացությունը կոչում էր «մշտական հնազանդություն». այսինքն՝ կատարյալ սիրտը արձագանքող սիրտն է, որն արագ է՝ պատասխանելու և հնազանդվելու Աստծո մեղմ հրամաններին և նախազգուշացումներին: Նման սիրտը ամեն անգամ այսպես է պատասխանում. «Ասա՛ Տեր, քանզի Քո ծառան լսում է: Ցույց տուր ինձ ճանապարհը, որով պիտի գնամ, և ես կգնամ դրանով»:

Կատարյալ սիրտը ենթակա է քննության: Այն Դավթի նման աղաղակում է. «Փորձի՛ր ինձ, ով Աստված, և ճանաչիր իմ սիրտը. քննիր ինձ և ճանաչիր իմ մտածմունքները. և տես, թե որ չար ճանապարհում լինեմ, և առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհը» (Սաղմոս 139.23-24):

Եվ Աստված իսկապես քննում է մեր սրտերը, Նա ասում է Երեմիային. «Ես՝ Տերս, քննում եմ սիրտը՝ փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ և իր գործերի պտուղին համեմատ» (Երեմիա 17.10):

Այս բոլոր տեղերը սուրբ նախազգուշացում են մեզ համար: Դրանք ասում են մեզ. «Դու չես գիտակցում, թե որքան խորն են ազդում քեզ վրա չարի հետ ամեն կապերը: Եթե դու մնաս մեղքի ճանապարհին, ապա դա քեզ դժոխք կտանի»: Այս վերջին օրերում մեղքը սքողված է՝ շնորհիվ բարդության ու նենգության: Այն գալիս է՝ թաքնվելով արվեստի, մշակույթի և կրթվածության դիմակի տակ: Սուրբ Գիրքն ասում է. «Վա՜յ նրանց, որ խորհուրդը խոր տեղերում ծածկում են Տերիցը, և խավարում է լինում նրանց գործքը, և ասում են. ո՞վ է մեզ տեսնում և ո՞վ է մեզ իմանում» (Եսայի 29.15):

Կատարյալ սիրտը ցանկանում է, որ Սուրբ Հոգին գա և քննի ներսի մարդուն՝ լուսավորելով բոլոր քողարկված անկյունները, որպեսզի ուսումնասիրի, ջրի երես հանի և արմատախիլ անի ամենը, ինչն Աստծունը չէ և Աստծուց չէ: Նրանք, ովքեր քողարկում են թաքուն մեղքը, չեն ցանկանում հանդիմանություն ստանալ, քննվել և լուսավորվել:

Հին Կտակարանում խորանի ծիսակարգը հստակ օրինակ է տալիս Աստծո հետ ընթացքի մասին, որը պետք է ունենա եկեղեցին: Խորանն ուներ արտաքին գավիթ, որտեղ զոհի ենթակա կենդանին մորթվում էր: Եվ այդ արյունով ծածկվում էր մեղքը: Բայց այնտեղ կար լվացարան, որտեղ մաքրման ընթացքն էր կատարվում: Ոչ մի քահանա չէր կարող մտնել ներքին գավիթ՝ Սրբության Սրբոց, և շփում ունենալ Աստծո հետ երես առ երես, նախքան մաքրվելը:

Ժամանակակից «ավետարանը» ասում է մեզ այսօր. «Մտի՛ր խորան և հավատքով ապավինիր Քրիստոսի թափած արյանը, իսկ հետո խիզախությամբ մտիր Սրբության Սրբոց: Քո Հայրիկը սիրում է քեզ, և Նա սպասում է քեզ: Նա միայն Հիսուսին է տեսնում քո մեջ: Դու կարիք չունես սիրտդ քննելու, քո մեղքը արդեն ծածկված է Նրա արյամբ: Մեղքի այդ քննությունը միայն մեղավորության ու դատապարտության զգացում է բերում»:

Նման մտածելակերպով քրիստոնյաները համարում են, թե կարող են խուսափել մաքրման ընթացքից՝ Խոսքի «ավազանով» լվացվելուց, որի կարիքը մենք ունենք: Նրանք համարում են, որ կարող են միանգամից մտնել Սրբության Սրբոց՝ խուսափելով Աստծուն նվիրումից: Երբ նրանց սիրտը եռում է մեղքով և տարված է մեղսավոր սովորություններով, կարծում են, թե այդպիսով կարող են պարզապես մտնել այնտեղ ու հետո գովել իրենց անձերը. «Ես Աստծով արդար եմ Քրիստոսի մեջ»: Նրանք մեղքերի ծածկումից զատ ոչինչ չեն ցանկանում. սա կարճ ճանապարհ է դեպի փառքը: Նրանք չեն ցանկանում վերապրել ցավ, խաչի ճանապարհը անցնել, մաքրագործման ընթացք անցնել և ամենուր ման են գալիս՝ ասելով. «Ես Քրիստոսի արյան տակ եմ, ես ապահով եմ»:

Բայց Հովհաննեսը պատասխանում է այս խոսքերին. «Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ, և խավարի մեջ ման գանք, սուտ ենք ասում և ճշմարտությունը չենք անում։ Բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից» (Ա Հովհաննես 1. 6-7): Մենք պետք է լույսի մեջ քայլենք, եթե հույս ունենք լինել մաքրված մեղքից: Հիսուսն ասում է. «Դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ հետ խոսեցի» (Հովհաննես 15.3): Հիսուսն այս խոսքերը աշխարհին չէր ասում, այլ եկեղեցուն: Հայտնություն 2.23-ում Հիսուսն ասում է. «Ես եմ երիկամունքները և սրտերը քննողը. և կտամ ձեզ ամեն մեկին իր գործերի համեմատ»:

Չխաբվե՛նք. կատարյալ սիրտը ձգտում է ավելիին, քան պարզապես ապահովությունն է կամ մեղքի քողարկումը: Այն ձգտում է գտնվել Աստծո ներկայության մեջ՝ հարատևել Նրա հետ շփման մեջ, փնտրել Նրա երեսը և ճանաչել Նրա ներկայությունը: Մեր մոտեցումը Աստծուն հետևյալ ընթացքը պետք է ունենա. մեղքերի ծածկում, մաքրագործում, նվիրում և շփում:

Աստծո կողմից սրտերի քննումը պատժամիջոց չէ, այլ՝ ուղղում: Նրա նպատակը մեզ մեղքի մեջ «բռնացնելը» չէ, ոչ էլ դատապարտելը, այլ մեզ պատրաստելը Իր սուրբ ներկայության մեջ մտնելուն՝ որպես մաքուր անոթներ:

«Ո՞վ վեր կգնա Տիրոջ սարը և ո՞վ կկանգնի նրա սրբության տեղում: Նա, որ սուրբ է ձեռքով և անարատ սրտով… Նա օրհնություն կստանա Տերիցը և արդարություն՝ իր փրկության Աստվածանից» (Սաղմոս 24.3-5):