Երրորդ անգամը կարող է և չլինել…

Նա, ում գլխավերևում սուլել են փամփուշտներ, ով տեսել է մահացող մարդկանց, լսել մահվան մահճում գտնվողների ճիչը, զգացել, թե ինչպես է գետինը ցնցվում ռումբի պայթյունից, տեսել հրդեհով բռնված մեքենաներ, գիտի, թե ինչ բան է պատերազմը: Այդ ամենը կատարվել է մեր աչքերի առջև Բենդեր քաղաքում՝ զինված հակամարտության  ժամանակ:

Մի քանի փամփուշտներ ծակեցին պատուհանների ապակիները և խրվեցին սենյակի պատի մեջ, այն տան, որտեղ մենք այդ օրը հավաքվել էինք՝ աղոթելու: Պատուհաններից նայելը վտանգավոր էր, այդ պատճառով մենք տեղավորվեցինք գետնին: Քաղաքի հրապարակը դարձել էր մարտի դաշտ, և այդ ամենը մեր աչքերի առջև էր: Երկաթգծի կայարանի կողմից մոլդովական զորքերն էին, մյուս կողմից՝ հակառակորդը: Կրակահերթը գնալով ուժգնանում էր, և այդ տնից մոտավորապես 500 մետր հեռավորության վրա այրվում էր լցակայանը:

Գիշերը ժամը մեկին մոտ մեկը թակեց բնակարանի դուռը:

Երբ տան տիրուհին բացեց այն, դռան շեմին մի տղամարդ էր կանգնած:

– Կարո՞ղ եմ ձեզ մոտ մինչև առավոտ մնալ:

– Խնդրե՛մ, ներս մտեք:

Ես հրավիրեցի նրան տեղավորվելու ինձ հետ գետնին:

Տանկի մեկ այլ կրակոց լսվեց. տունը ցնցվում էր, ապակիները՝ դողում: Ռումբն ընկել էր առաջին հարկի բնակարան՝ այն վերածելով փլատակների: Այդ իրավիճակում փրկության միակ հույսն Աստված էր: Մեր ապավինությունը «սնուցվում էր» Նրա խոստմունքների ու աղոթքների «զինամթերքով»:

Մեր նոր ընկեր Անատոլին, լսելով Աստծո զորության մասին խոսակցությունները, լուռ համաձայնում էր ամեն ինչի հետ: Բացվեց առավոտը: Այժմ փամփուշտների սուլոցներին ու կրակոցներին փոխարինել էին շտապօգնության ազդանշանները:

Անծանոթին հաջողություն ասելով՝ ես առաջարկեցի նրան գրի առնել իմ հասցեն ու հեռախոսը, ինչին վերջինս պատասխանեց. «Ես լավ գիտեմ այդ հասցեն. Լիպկանսկի 8, ջարդած կտուրով տուն, չորս սենյակ»:

-Դե՛, հրաշալի է,- ասացի:

-Ես արդեն եղել եմ այդ տանը, երբ մենք ոստիկանության հետ եկել էինք ձեր հավաքույթները ցրելու…

-Դե՛, Անատոլի… հիշի՛ր՝ Աստված քեզ շատ է սիրում: Պատահական չէ, որ Նա քեզ բերել էր հավաքույթի հենց իմ տուն: Բայց դու ականջ չդրեցիր Նրա ձայնին: Այժմ էլ Նա բերեց քեզ այստեղ, էլի ինձ մոտ. սա նույնպես պատահական չէ: Նայի՛ր… երրորդ անգամը գուցե և չլինի…

Դանիիլ Ումնով