Բջջային հեռախոսի «աստվածաբանությունը»

Մեզնից ամեն մեկը որոշակի իմաստով նման է հեռախոսի: Մենք ստեղծվել ենք, որպեսզի մնանք աշխարհի մեծագույն Օպերատորի՝ այդ հեռախոսը Ստեղծողի հետ, կապի մեջ: Նա կարիք չունի ռոումինգի՝ Նրա ծածկույթը անսահմանափակ է:

Խնդիրը նրանում է, որ ծնունդից սկսած մենք զրկված ենք աստվածային SIM քարտից: Իր ժամանակին մարդկությունը, լսելով չարին, ընտրեց կյանք՝ առանց Արարչի հետ կապի, և, չցանկանալով կախված լինել Նրանից՝ զրկվեց Աստծո սիրո ներկայությունը ապահովող քարտից:

Արդյունքում մենք վերածվել ենք նյութական կազմության մի կույտի՝ նախկինի պես գեղեցիկ ու զարմանահրաշ ձևով նախագծված, բայց լիակատար անիմաստ: Եվ ոչնչով՝ ո՛չ աշխատանքով, ո՛չ սեփականությամբ, ո՛չ էլ անգամ ամենաանիմաստ երկրային կյանքով, մենք ունակ չենք վճարելու կորսված աստվածային սկզբի համար՝ «եթե մի մարդ իր տան բոլոր կայքը տա սիրո տեղ, անարգելով կանարգեն նրան» (Երգ Երգոց 8.7):

Բարի լուրը նրանում էլ կայանում է, որ Քրիստոսը տվել է մեզ Իր, չվնասված «SIM-քարտը», որպեսզի մենք չմնանք կորսված: Մեր հանդեպ սիրուց դրդված՝ Նա գնաց Երկնային Հոր հետ Իր սեփական կապը կորցնելու քայլին: Այդ պատճառով էլ Գողգոթյան խաչից հնչում են Սաղմոսերգուի խոսքերը. «Իմ Աստված, իմ Աստված, ի՞նչի համար ես թողել ինձ. հեռու ես իմ փրկությունիցը և իմ հառաչանքի խոսքերիցը» (Սաղմոս 21.2):

Եվ Հայրը, ով սիրում է Որդուն, վերականգնեց Նրա քարտը՝ հարություն տալով Նրան մեռելներից: Բնօրինակում հունարեն «anastasis» բառը, որ ավանդաբար թարգմանվում է՝ որպես «հարություն», նաև ունի «վերականգնում» իմաստը: Եվ հիմա յուրաքանչյուրը, ով ընդունում է Հիսուս Քրիստոսի պարգևը, ստանում է Օպերատորի կողմից սերտիֆիկացված իր քարտի կրկնօրինակը, որի երաշխիքը Սուրբ Հոգու կնիքն է: Այդպես վերականգնվում է Արարչի հետ միանալու կորսված հնարավորությունը:

Այնուամենայնիվ, քարտի առկայությունը անհրաժեշտ պայման է, բայց ոչ՝ բավարար: Ձեր բջջայինի էկրանին կա կապի որակի ինդիկատոր՝ բաղկացած տարբեր բարձրության գծերից: Եվ այն նույնը չէ անգամ ծածկույթի գոտում. արգելքները կապը վատացնում են՝ այն անգամ  կորուստի հասցնելով: Հպարտությունը, կամակորությունը, ունայնությունը, բողոքը, անտարբերությունը, գոռոզությունը, վախը, անհավատությունը. երբ այս աղմուկները խլացնում են Աստծո սիրո ազդանշանները, Աստծո հետ կապի այդ հաճախականությունը ավելի ու ավելի է քչանում:

Նաև այդ կապը խաթարում են վատ ընկերակցությունները, քանզի «երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում, և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, և ծաղր անողների աթոռի վրա չի նստում» (Սաղմոս 1.1):

Եվ եթե մենք ստիպված ենք լինում լինելու նման վայրերում, մեր խնդիրը՝ բոլոր ջանքերը գործադրելն է, որպեսզի պահպանենք անհրաժեշտ կապն Արարչի հետ` «Խոսելով մեր մեջ սաղմոսներով և օրհնություններով և հոգևոր երգերով, երգեցեք և սաղմոսեցեք ձեր սրտերումը Տիրոջը։ Ամեն ժամանակ ամեն բանի համար գոհացեք Աստվածանից և Հորիցը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունովը: Իրար հնազանդ եղեք Աստծո վախովը» (Եփեսացիս 5.19-21):

Եվ դա էլ բավարար չէ. անհրաժեշտ է, որ հեռախոսի մարտկոցը միշտ լիցքավորված լինի: Նման լիցքավորող «սարք» էլ հանդիսանում է եկեղեցին. հավատարիմների հավաքը, որտեղ կենում է Սուրբ Հոգին, որից էլ մեր հոգու «մարտկոցը» ուժեր է ստանում: Մենք մեր «հոգևոր մարտկոցները» «լիցքավորում ենք»՝ ապրելով վաղ շրջանի եկեղեցու օրինակի պես՝  հետևելով «առաքյալների վարդապետությանը և հաղորդությանը և հացի կտրելուն և աղոթքներին» (Գործք Առաքելոց 2.42):

Սուրբ Գիրքը սովորեցնում է. «Եվ զգուշանանք իրար համար՝ դեպի սեր և բարի գործեր գրգռելով. և չթողնենք մեր իրար հետ ժողովելը, ինչպես ոմանց սովորություն է, բայց իրար հորդորենք, և այնքան ավելի՝ որքան տեսնում եք, որ օրը մոտեցած է» (Եբրայեցիս 10.24-25):

Սերգեյ Գոլովին