Մերօրյա մարտահրավերներ. «Համացանցային» հոգևոր սնունդ

Մերօրյա մարտահրավերներ. «Համացանցային» հոգևոր սնունդԳյուղի համակարգիչները նոր-նոր էին միացրել համացանցին: Բոլորն ուրախությամբ որոնումներ էին կատարում ու անընդհատ զարմանում Google-ի, Youtube-ի ու սոց. ցանցերի հնարավորությունների վրա:

Գյուղի հավատացյալներն էլ էին շատ ուրախացել. վերջապես կարող են իրենք էլ համացանցով ֆիլմեր դիտել, պատգամներ ու երգեր լսել: Համացանցը, ինչ խոսք, կարող է մեծ օրհնություն լինել:

Երիտասարդներից մեկը, անկեղծ փափագով ողողված, սկսեց լսել պատգամ պատգամի հետևից, լսում էր, օրհնվում, պատմում ուրիշներին…

Շաբաթներ անց նա արդեն շատերի մասին գիտեր, սակայն այդ փնտրտուքների մեջ նա չէր էլ նկատում, որ եկեղեցու հավաքույթներին սկսել է հաճախակի բացակայել, իսկ Աստվածաշունչ վաղո՜ւց չէր կարդացել…

Դե ի՞նչ կարիք կար, չէ՞ որ արդեն համացանցը լիովին բավարարում էր իր հոգևոր կարիքները…

Համացանցն այսօր յուրաքանչյուրի առաջ բացում է շատ լայն դռներ, և այո՛, այնտեղ կարելի է գտնել հրաշալի պատգամներ, վկայություններ ու նյութեր, սակայն այն երբեք չպետք է դառնա հոգևորի հիմնական ու միակ «կերակուրը»:

Խոսքը, բնականաբար, այն հատվածների մասին չէ, որտեղ չկա եկեղեցի, չկան ծառայություններ և հոգևոր սնունդի միակ աղբյուրը դառնում է համացանցը, արբանյակային հեռուստատեսությունն ու ձայնագրությունները:

Իսկ որտե՞ղ է կայանում մարտահրավերը:

Մարտահրավեր է, երբ հոգևորը կարող է կիրակի օրն արթնանալ ու գնալ եկեղեցի, սակայն դրա փոխարեն նախընտրում է մնալ տանը. չէ՞ որ հետո կարող է դիտել ծառայության տեսագրությունը:

Երբ մարդը սկսում է իր հոգևոր կարիքները բավարարել ամենատարբեր դիսկերով, հայտնի ու անհայտ քարոզիչներով՝ երբեմն անկարող լինելով տարբերել ճիշտն ու սխալը, ճշմարիտ վարդապետությունն ու շեղված մոլորությունը:

Երբ մարդը կարդում է հոգևոր նյութեր, հոդվածներ, վերլուծություններ և այլևս կարիք չի ունենում Աստվածաշունչ ընթերցելու:

Երբ այլևս Աստվածաշնչյան համարներ անգիր սովորելու կարիք չի զգում, որովհետև յուրաքանչյուր պահի կարող է համացանցից կամ հեռախոսից գտնել անհրաժեշտ աստվածաշնչյան համարը:

Համացանցն այսօր կարո՛ղ ենք և պե՛տք է օգտագործենք Աստծո փառքի և մեր շինության համար, և, փառք Աստծո, որ ապրելով Հայաստանում, կարող ենք հետևել համաշխարհային իրադարձություններին, դառնալ «մասնակիցը» կարևոր համաժողովների, լսել զորավոր մարդկանց պատգամներ, սակայն ուզում եմ քաջալերել քեզ, որ երբեք չտարվես դրանցով, և թող այն երբեք քեզ համար առաջնային չլինի:

Երբեք չկարևորես DVD-ով կամ համացանցով պատգամ լսելը եկեղեցում նստելուց, հոգևոր երգը՝ եկեղեցում անցկացվող փառաբանությունից… Աստված միաբանության Աստված է, և եթե ունես հնարավորություն, ձգտիր միշտ լինել միաբանության մեջ, լսել պատգամը միաբանության մեջ, աղոթել ու փառաբանել Աստծուն միաբանության մեջ:

Ունեցիր կենդանի հաղորդակցություն Աստծո հետ աղոթքի ու Աստվածաշնչի միջոցով, հարցերիդ պատասխանը փորձիր ստանալ քո հովիվներից, քո առաջնորդներից, մարդկանցից, ովքեր քո կողքին են, որոնց կյանքը քո աչքի առաջ է, ովքեր կարգված են՝ ծառայելու քեզ:

Եվ յուրաքանչյուր վկայություն, մարգարեություն կամ պատգամ, որ կլսես համացանցում, մի շտապիր ընդունել ու տարածել, այլ քննիր Աստծո Խոսքով, խոսիր քո առաջնորդների հետ և նրանցից ևս կարծիք հարցրու:

Վերջերս լայնորեն տարածվում են նաև ինտերնետային եկեղեցիները, երբ մարդիկ համակարգչով անդամագրվում են որևէ էլեկտրոնային եկեղեցու, ստանում նյութեր, մասնակցում քննարկումների:

Վստահ եմ՝ այս ամենը կարող է օրհնություն լինել շատերի համար, սակայն այստեղ կարող է լինել նաև թաքնված մի վտանգ. միգուցե տարիներ անց ամեն մեկս փակվենք մեր տներում և սկսենք Աստծուն պաշտել մեր համակարգիչներով միայն:

Իսկ եթե մեկ օր համակարգիչն ու համացանցը վերանա՞ ու հանկարծ շատերս ցավով բացահայտենք, որ հոգևորապես մնացել ենք մերկ ու կույր…

Թող քո հոգևոր հիմնական սնունդը լինի Աստվածաշունչն ու քո՛ եկեղեցին, իսկ մնացած աղբյուրները՝ գրքեր, դիսկեր, համացանց, թող պարզապես լինեն լրացուցիչ օրհնության աղբյուր:

Արմեն Նիազյան