Նախկին իմամ-ծայրահեղական. «Աստվածաշունչն իմ զենքը դարձավ»

Նախկին մահմեդական ծառայողը, ով մի ժամանակ հարձակվում էր եկեղեցիների ու քրիստոնյաների վրա, իսկ այժմ Քրիստոսին է դարձել, ասում է, որ այժմ իր զենքն Աստվածաշունչն է. գրում է Christian Today-ը:

World Watch Monitor-ի հետ հարցազրույցներից մեկում նախկին մահմեդականը՝ Ահմեդը (անունը հասկանալի պատճառներով փոխված է), պատմում է, թե ինչպես էր ինքը Արևմտյան Աֆրիկայում պատրաստություն անցնում՝ որպես ծայրահեղական մահմեդական ծառայող: Դեռ երիտասարդ տարիքում նրան սովորեցնում էին ատել քրիստոնեությունը ու բոլոր նրանց, ովքեր կապ ունեն դրա հետ: Այդ պատճառով նա և իր հետ սովորողները գնում էին հարևան քաղաք, այնտեղ հավատացյալներ գտնում, ծեծում ու քանդում եկեղեցիները:

«Մեր ուսուցիչները միշտ պատվիրում էին մեզ, որ նոր բացված եկեղեցի տեսնելով՝ մենք հարձակվենք մարդկանց վրա ու քանդենք շենքը, ինչը և մենք անում էինք»,- նշում է Ահմեդը:

Նրա ընկերները այրում էին գտած Աստվածաշնչերը, մինչդեռ իրեն ինչ-որ բան հետ էր պահում դրանից, անգամ երկար տարիներ շարունակ, ինքն էլ չհասկանալով, թե ինչու, իր մոտ էր պահում մի Աստվածաշունչ. «Հիմա ես հասկանում եմ, որ Աստված էր իմ ձեռքը բռնողը»,- վկայում է նա:

Նրա հետագա ուսուցումը անցկացվում էր Սաուդյան Արաբիայում: Հայրենիք նա վերադառնում է արդեն որպես հայտնի իմամ, ով ղեկավարում էր 16 նոր մզկիթների կառուցումը: Նա խոչընդոտում էր Ավետարանի քարոզությանը: Բայց միջդավանական նախագծի շրջանակներում նա ստիպված էր այլ կրոնների ներկայացուցիչների հետ միասին ծառեր տնկել: Հենց այդ ժամանակ էլ կատարվում է նրա անձնական հանդիպումը Հիսուսի հետ, որն էլ ընդմիշտ փոխում է նրա կյանքը:

Մի անգամ գիշերը նա տեսիլք է ունենում, որում Մեկը հրավիրում է նրան՝ Իրեն հետևելու: Նրա «ո՞վ ես դու» հարցին հետևում է պատասխան՝ «Հիսուս Քրիստոսը»:

Նորից քնելով՝ Ահմեդը մեկ անգամ ևս տեսնում է Հիսուսին: Քրիստոսը կրկնում է Իր կանչը՝ Իրեն հետևելու՝ ասելով. «Երբ սկսես Ինձ հետևել, դու գին ես վճարելու. քեզ սկսելու են հետապնդել: Բայց վերջում դու հաղթանակով դուրս կգաս: Ես քեզ հետ եմ»:

Քրիստոնեությանը դառնալուց հետո Ահմեդը սկսում է եկեղեցի հաճախել: Բայց նրա ընտանիքը չափից դուրս վախեցած էր՝ իրեն միանալու համար: Մահմեդականների համար հիմա նա միայն մեռած վիճակում էր պետք: Նրանք քանդում են, իսկ հետո էլ այրում նրա տունը, քշում անասուններին: Ահմեդըը կատարվածից հետո որոշում է եկեղեցի հիմնել իր տան տեղում, բայց այդժամ նրան գտնում են ու ծեծում այնպես, որ նա գրեթե մահվան դուռն է հասնում:

Հիմա Ահմեդն ասում է, որ սովորել է ներել իրեն նեղացնողներին. «Աստվածաշունչն իմ զենքը դարձավ: Ես քարոզում եմ շատ տեղերում, սովորեցնում եմ քրիստոնեական հավատքի մասին,- ասում է նա:- Քրիստոսի ձայնն իմ տեսիլքի մեջ ասաց ինձ այդ հետապնդումների մասին, այնպես որ՝ ես գիտեմ, թե ինչ է լինելու, և ես պատրաստ եմ… Երբ բախվում եմ հալածանքների, ես գիտեմ, որ Աստված ինչ-որ նոր բան է անելու, և դա վերջը չէ»: