Աստծո տասը պատվիրանը. Մարտին Լյութեր

Առաջին պատվիրան

«Ես եմ Եհովան` քո Տեր Աստվածը. բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենաս»:

Ի՞նչ է սա նշանակում:

Մենք պետք է ամենից առավել երկյուղենք Աստծուց, սիրենք ու ապավինենք միայն Աստծուն:

Երկրորդ պատվիրան

«Քո Աստծո անունը դատարկ տեղը չhիշես, որովհետև Եհովան իր անունը դատարկ տեղը հիշողին անպատիժ չի թողնի»:

Մենք պետք է սիրենք Տիրոջը ու աստվածավախություն ունենանք այնպես, որ Նրա անունով չանիծենք, չերդվենք, չստենք և չխաբենք, այլ կանչենք Նրան ամեն կարիքի մեջ, աղոթենք Նրան, գոհանանք Նրանից և փառաբանենք Նրան:

Երրորդ պատվիրանը

«Հիշիր հանգստության օրը՝ նրան սուրբ պահելու համար»:

Մենք պետք է աստվածավախություն ունենանք ու սիրենք Նրան այնպես, որ չանտեսենք քարոզությունն ու Աստծո Խոսքը, այլ սրբությամբ պատվենք Նրան, պատրաստակամությամբ լսենք ու ճանաչենք Նրան, պատշաճ ժամանակ տրամադրենք Նրա մեջ և Նրա հետ հանգիստ վայելելու:

Չորրորդ պատվիրանը

«Պատվիր քո հորը և քո մորը, որ քո օրերը երկարանան այն երկրի վրա, որ քո Եհովա Աստվածը կտա քեզ»:

Մենք պետք է աստվածավախություն ունենանք ու սիրենք Նրան այնպես, որ չատենք և չբարկացնենք մեր ծնողներին ու տերերին, այլ հարգենք նրանց, ծառայենք ու հնազանդվենք նրանց, սիրենք ու գնահատենք:

Հինգերորդ պատվիրան

«Սպանություն մի՛ արա»:

Երկյուղիր և սիրիր Աստծուն այնպես, որ չվնասես քո մերձավորի կյանքը և տառապանք չպատճառես նրան, այլ օգնես նրան, հոգ տանես նրա մասին՝ բոլոր կենցաղային կարիքներում:

Վեցերորդ պատվիրան

«Շնություն մի՛ արա»:

Մենք պետք է երկյուղենք Տիրոջից ու սիրենք Նրան այնպես, որ մեր մտքերում, խոսքերում ու գործերում լինենք մաքուր ու առաքինի, սիրենք ու պատվենք յուրաքանչյուրս մեր ամուսնուն/կնոջը:

Յոթերորդ պատվիրան

«Գողություն մի՛ արա»:

Աստվածավախություն ունենանք ու սիրենք Նրան այնպես, որ մեր մերձավորից չխլենք գումար կամ ունեցվածք և սեփականացնենք դրանք անազնիվ վաճառքով կամ խաբեությամբ, այլ օգնենք նրան պահպանելու ունեցածը և իր գոյության միջոցները:

Ութերորդ պատվիրան

«Քո դրացու դեմ սուտ վկայություն մի արա»:

Մենք պետք է աստվածավախություն ունենանք ու սիրենք Նրան այնպես, որ չստենք մեր մերձավորի դեմ և չուրանանք նրան, չվարկաբեկենք և նրա մասին վատ խոսքեր չտարածենք, այլ պաշտպանենք նրան, լավ խոսենք նրա մասին և ամեն բան դեպի բարին դարձնենք:

Իններորդ պատվիրան

«Մի՛ ցանկացիր քո դրացու տունը»:

Աստվածավախություն ունենանք ու սիրենք Նրան այնպես, որ նենգությամբ չհավակնենք մեր մերձավորի ժառանգությանը կամ մեր մերձավորի տանը և չսեփականացնենք դրանք մեզ համար՝ օրենքի կամ իրավունքի շղարշի ներքո, այլ օգնենք մեր մերձավորին՝ պահպանելու իր սեփականությունը:

Տասներորդ պատվիրան

«Մի՛ ցանկացիր քո դրացու կնոջը կամ նրա ծառային, կամ նրա աղախնին, կամ նրա եզին, կամ նրա էշին և քո դրացու ոչ մի բանը»:

Մենք պետք է աստվածավախություն ունենանք ու սիրենք Նրան այնպես, որ չգայթակղվենք, չսեփականացնենք և չհեռացնենք մեր մերձավորից նրա կնոջը, ծառաներին, այլ պահանջենք նրանցից ու դրդենք, որ այդ բոլորը մնան իր տեղում ու ջանասիրաբար կատարեն այն, ինչ պարտք են անելու:

Ի՞նչ է Տերը ասում պատվիրանների մասին.

«Ես՝ քո Եհովա Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրենությունը որդիների վրա՝ մինչև նրանց երրորդ ու չորրորդ ազգը, որ ատում են ինձ։ Եվ կողորմեմ նրանց մինչև հազար ազգը, որ սիրում են ինձ և իմ պատվիրանքները պահում»:

Ի՞նչ է սա նշանակում:

Աստված սպառնում է պատժով բոլոր նրանց, ովքեր խախտում են իր պատվիրանքները, և այդ պատճառով մենք պարտավոր ենք վախենալ Նրա բարկությունից և չխախտել Նրա պատվիրանները: Բայց բոլոր նրանց, ովքեր պահում են այդ պատվիրանները, Նա խոստանում է ողորմություն և ամեն բարիքներ, իսկ այդ պատճառով էլ մենք պարտավոր ենք նաև սիրել Նրան, ապավինել Նրան և պատրաստակամությամբ վարվել Նրա պատվիրանների համաձայն:

Մարտին Լյութեր. Համառոտ կատեխիզիս