Աղոթքի գործոնը. Սեմի Թիփիթ

Աղոթքի գործոնը. Սեմի ԹիփիթՄարդու կյանքում տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունները աղոթքի արդյունք են: Աղոթքը կարող է մարդու խորունկ մտքերն ու զգացումները տանել Արարչին՝ միաժամանակ Աստծո բնությունը, նկարագիրն ու ծրագրերը բերելով մարդու սրտի մեջ:

Աղոթքը կարող է վերագծել և փոփոխել մարդկային պատմության ողջ ընթացքը: Այն կարող է խաղաղեցնել փոթորկված սրտերը ու նորոգել կյանքի պայքարում հոգնած սրբերին:

Աղոթքը բացում է այն բոլոր հնարավորությունները, որ երկինքն առաջարկում է մարդուն: Չի կարելի անլրջորեն վերաբերվել այդ կյանքին, քանի որ երբ մտնում ենք աղոթքի կյանքի մեջ, սկսում ենք քայլել սուրբ գետնի վրայով՝ մտնելով կենդանի Աստծո ներկայության մեջ:

Շատերը երբեք չեն մտել այդ կյանքի մեջ՝ աղոթքի ճշմարիտ բնության մասին իրենց ունեցած թյուր ըմբռման պատճառով: Հավանաբար հենց այդ պատճառով էին աշակերտները քնել, մինչ Հիսուսն աղոթում էր:

Եվ հավանաբար հենց այդ պատճառով է, որ ներկայումս եկեղեցին քնած է, մինչդեռ աշխարհն ավելի է ընկղմվում անբարոյականության ու Աստծո դեմ ապստամբության մեջ:

Աղոթքը Հոր սրտի և մարդու սրտի հաղորդակցությունն է, որի ժամանակ Հոր սիրտը շնորհ ու ողորմություն է ցողում մարդու սրտի վրա՝ նրա մեջ առաջացնելով ամբողջ սրտով Աստծո սիրտը ճանաչելու փափագ: Աղոթքն ըստ էության երկու սրտերի հաղորդակցությունն է:

Մենք ապրում ենք «վայրկենական» սերնդում, այնպիսի տեխնոլոգիական հասարակարգում, որն անմիջապես գոհացում կարող է տալ մեր ցանկություններին՝ հապշտապ ուտեստեղեններից սկսած մինչև հապշտապ զեկույցները իրողություն են այսօր մեր կյանքում:

Սակայն Աստծո հետ հաղորդակցությունը վայրկենական չի կարող լինել: Անհնար է հապշտապ մտնել Աստծո ներկայության մեջ և դուրս գալ: Աղոթքը ժամանակ է պահանջում: Ինչպես Սաղմոս 46.10 – ն է ասում՝ մենք պետք է սովորենք հանդարտ մնալ և ճանաչել Նրան՝ որպես Աստված:

Աստծո հետ հաղորդակցման երկու կարևոր տեսանկյուն կա:

Առաջին՝ մենք պետք է հստակ գիտակցենք, որ հնարավորություն ունենք Հիսուսի միջոցով հաղորդակցվելու Հոր հետ:

Երկրորդ՝ պետք է սովորենք Տիրոջը սպասել և Տիրոջ Խոսքի մասին խոկալ: