Երկինքը կիրականացնի բոլոր իղձերը. Ջոշ Մաք-Դաուել

Չիրականացած փափագը մեծ տխրության աղբյուր է: Երևի թե ամենատխուր երկերը, որ մենք կարդում ենք, անպատասխան սիրո մասին են, որտեղ մի տղամարդ կամ կին խորապես սիրում է և փափագում ամուսնանալ իր սիրելիի հետ, սակայն այդ երազանքը չի կատարվում հանգամանքների, մերժման կամ մահվան պատճառով: Իմանալով, որ չիրականացած երազանքները մեծ նեղություն են պատճառում, արևելյան պանթեիստիկ կրոնները բուն փափագը որպես չարիք են դիտում: Այս կրոնների էությունն այն է, որ պետք է ազատվել բոլոր տեսակի իղձերից, այնպես, որ մարդն իրականում այլևս ոչ մի բանի չձգտի: Նրանք հույս ունեն հասնել մի վիճակի, երբ նրանք բացարձակապես ոչ մի փափագ չունենան և միայն այդ ժամանակ կկարողանան դուրս գալ այս չար գոյությունից և ի մի դառնալ իրենց ինքնություն չունեցող աստծո հետ՝ դադարելով գոյություն ունենալ որպես գիտակցական անհատներ:

Ի՜նչ տխուր գոյություն է առաջարկում պանթեիզմը: Ինչքան ողբերգական է տեսնել այս աշխարհը և մեր սեփական գոյությունն այնքան չար և թշվառ, որ մեր կյանքի նպատակն է դառնում ամբողջությամբ խուսափել գոյությունից:

Քրիստոսնեությունը ճիշտ հակառակն է առաջարկում: Քրիստոսնյաների համար ամբողջ արարչագործությունը բարի է: Ամեն բան ստեղծված է սիրող Աստծո կողմից, Ով փափագում է մարդկության հետ հաղորդակցվել և ստեղծել է մեզ՝ հավիտյան ապրելու Իր հետ երանավետ ուրախության մեջ:

Մեր փափագները մեզ տրված են, որպեսզի մենք կարողանանք վայելել այն ուրախությունը, որ Նա ծրագրել է մեզ համար: Նախքան Անկումը՝ մեր մեծագույն փափագն ուղղված էր անձամբ Աստծուն, և Նրա հետ հաղորդակցությունը մեր մեծագույն ուրախության աղբյուրն էր: Չարությունը մեզ հետ է, քանի որ մի չարամիտ գայթակղեց մեր առաջին ծնողներին՝ դուրս գալու Աստծո կամքից: Այդ ժամանակից ի վեր մեր իղձերն ուղղվեցին դեպի ներս, և մենք, ըստ էության, դրանք օգտագործեցինք ինքներս մեզ հաճո լինելու համար:

Սակայն, չնայած ներխուժող չարությանը, որը բերում է խառնաշփոթ, ավերածություն և ցավ ամբողջ արարչագործությանը, վերջինիս մեջ բարության առկայությունը դեռևս մնում է: Եվ Աստված զարմանալի քայլեր է ձեռնարկել՝ արմատախիլ անելու չարիքը և վերականգնելու բարին: Մենք բնականից փափագում ենք բարուն, քանի որ բարին ծրագրված է եղել մեզ համար: Բարու հանդեպ փափագը, եթե ճիշտ հասկացվի և դիտվի տիեզերական տեսանկյունից, մեզ մղում է ձգտել այն Աստծուն, Ով մեզ տվել է բարին և ուզում է, որ մենք հավիտյան փորձառենք միայն բարին: Այսպիսով, քրիստոնյաների համար փափագը չարիք չէ: Բարու հանդեպ երազանքը ճիշտ է և տեղին: Բարու հանդեպ իղձը մեզ պետք է մղի ձգտել Աստծուն, ինչպես սկզբում Ադամն ու Եվան: Աստված բոլոր ուրախությունների ու բարիքների միակ աղբյուրն է:

Երազանքի մեր խնդիրն այն է, որ մենք, երկար ապրելով անկումային աշխարհում, հեշտությամբ կարող ենք շփոթել, թե ինչն է իրականում բարի: Մենք կարող ենք փափագել բարի բաներ, սակայն մեր անկումային վիճակի պատճառով մեր անկառավարելի իղձերը կարող են պատճառ դառնալ սխալ օգտագործելու Աստծո առաջարկած բարիքները: Մենք կարող ենք անհամբեր դառնալ բարին ունենալու հարցում և այն ավելի շուտ վերցնենք, քան պետք է: Մենք կարող ենք բարին սխալ օգտագործել: Մենք հակված ենք ինչ-որ մի բարիքից չափազանց շատ ակնկալել (ագահություն), կամ ուզել բարի մի բան, որ ուրիշին է պատկանում (նախանձ), կամ ինչ-որ բան ցանկանալ, որպեսզի մենք լավ տեսք ունենանք (հպարտություն), կամ դա ուզենք ընդամենը եսասիրական հաճույքի համար, որ այն մեզ տալիս է՝ առանց ուշադրություն դարձնելու ուրիշների հանդեպ պատասխանատվության կամ հոգատարության վրա (կիրք):

Բայցևայնպես, յուրաքանչյուր փափագ, որ մենք ունենք, ունի իր օրինական բավարարումը: Աստված մեզ ոչ մի ապօրինի փափագ չի տվել: Մենք ենք դրանք դարձնում անօրինական, երբ օգտագործում ենք վերը նշված սխալ նպատակներով ու ձևերով: Բոլոր ձգտումները ստեղծված են բավարարվելու համար, վերջնական արդյունքում՝ երկնքում կամ անձամբ Աստծո մեջ:

Մենք կարող ենք բացարձակ վստահ լինել. Աստված մեզ ստեղծել է սքանչանալու համար: Նա երկիրը ստեղծել է մեր հիացմունքի և հաճույքի համար: Չնայած այն փաստին, որ բոլոր հաճույքները հիմա ապականված են պարտեզում տեղի ունեցած Անկման պատճառով, Նա, միևնույնն է, տրամադրված է, որ դրանցից ոչ մեկը չկորչի: Այն ամենը, ինչ ստեղծվեց, նորից կվերականգնվի: Եվ քանի որ Նա մեզ այդքան խորն է սիրում, Նա ուզում է, որ մենք փորձառենք այն բոլոր հաճույքները, որ սկզբում նախատեսել էր մեզ համար, երբ ստեղծեց մեզ Իր սիրո համար: