10 հզոր աղոթք, որ մեզ սովորեցնում է Գործք Առաքելոց գիրքը

Աղոթքը շատ կարևոր դեր էր կատարում առաջին դարի եկեղեցու կյանքում: Գործք Առաքելոց գրքում Ղուկասը նկարագրում է բազում դեպքեր, երբ հավատացյալները աղոթում էին Աստծուն՝ Հիսուսի անունով: Ես համոզված եմ, որ դրանք ընդամենը առանձին հատվածներ են վաղ շրջանի եկեղեցու աղոթքի կյանքից, բայց մենք կարող ենք շատ բան սովորել դրանցից:

Աղոթեք ամեն ինչի մասին և միշտ:

Չկա ավելի լավ ժամանակ, քան հենց հիմա, որ սովորեք դառնալ աղոթող զինվոր: Ահա տասը ուժեղ աղոթքներ, որոնք մենք տեսնում ենք Գործք Առաքելոցում:

  1. Սպասման աղոթք. Գործք Առաքելոց 1.14

«Սրանք ամենքը միշտ միաբան աղոթք  և աղաչանք էին անում կանանց հետ, և Հիսուսի մայր Մարիամի և նրա եղբայրների հետ»:

Առաջին աղոթքը Գործք Առաքելոցում՝ ընդհանուր աղոթքն է: Առաքյալներն ու կանայք, ովքեր հետևում էին Հիսուսին, հավաքվում էին միասին սենյակում, որտեղ մշտապես կենում էին ու աղոթում: Նրանք լցվում էին Տեր Հիսուս Քրիստոսի խոստումներով՝ սպասելով Սուրբ Հոգուն, որը Նա խոստացել էր իրենց:

Երբ մենք սպասում ենք մի բանի, որ Աստված խոստացել է մեզ, լինի դա մեր անձնական կյանքում, թե բոլոր հավատացյալների համար՝ Սուրբ Գրքի խոստումներով, մենք պետք է մեր մեջ աղոթելու սովորություն զարգացնենք:

  1. Աղոթք՝ առաջնորդների և ուսուցիչների ընտրության համար. Գործք Առաքելոց 1.24.25

«Եվ աղոթք անելով ասացին. Դու, Տեր, ամենի սրտագետ. այս երկուսից մեկը հայտնիր, որին ընտրեցիր,  որ այս պաշտոնի և առաքելության վիճակն առնի, որից Հուդան ընկավ՝ իր տեղը գնալու համար»:

Աստված գիտի մարդկանց սրտերը, և Նա գիտի, թե ով է համապատասխան Իր ծառայության համար՝ որպես Իր ժողովրդի առաջնորդ և հովիվ: Նա մեզ օգնում է, երբ մեր առջև կա անհրաժեշտություն՝ առաջնորդության վերաբերյալ կարևոր որոշում կայացնելու:

Արդյոք մենք պե՞տք է նախևառաջ աղոթենք Նրան այդ մասին: Իհա՛րկե:

  1. Աղոթք՝ Աստծո Խոսքը ավետարանելու խիզախության համար. Գործք Առաքելոց 4.29-30

«Եվ հիմա, Տեր, նայիր նրանց սպառնալիքին և տուր քո ծառաներին՝ բոլոր համարձակությունով քո խոսքը խոսել. որ քո ձեռքը մեկնես, որ բժշկություն, և նշաններ և հրաշքներ լինեն՝ քո սուրբ Որդի Հիսուսի անունովը»:

Այն բանից հետո, երբ Պետրոսին և Հովհաննեսին խստորեն արգելվեց խոսել Հիսուսի անվան մասին, հավատացյալները աղոթում էին՝ բարձրացնելով իրենց ձայներն առ Աստված, աղաղակելով Նրան, խնդրելով՝ զորացնել իրենց, որպեսզի կարող լինեին շարունակելու հռչակել Հիսուսի մասին լուրը:

Գործք Առաքելոց գիրքը սովորեցնում է մեզ աղոթել խիզախության համար, երբ մենք բախվում ենք վախի կամ ցանկացած տեսակի գրաքննության: Մենք պետք է աղոթենք, որպեսզի Աստված տա մեզ շնորհ՝ խիզախ լինելու, երբ հասնի մեր ժամանակը՝ կանգնելու Նրա անվան համար:

  1. Աղոթք նրանց համար, ում ընտրում են եկեղեցում ծառայություն մատուցելու համար. Գործք Առաքելոց 6.6

«Նրանց կանգնեցրին առաքյալների առաջին. և աղոթք անելով ձեռք դրին նրանց վրա»:

Առաքյալները տեսնելով աճող եկեղեցում ծառայողների անհրաժեշտությունը, ընտրում են մարդկանց: Ընդ որում՝ նրանք ընտրում են արժանավորներին և աղոթում Աստծուն, որ Նա օրհնի նրանց:

Արդյոք մենք բավական աղոթո՞ւմ ենք մեր որոշումների համար: Արդյոք մենք աղոթո՞ւմ ենք եկեղեցու ծառայողների համար:

Աղոթեք նրանց ուժերի նորոգության համար՝ այն ծառայության մեջ, որի համար Աստված ընտրել է նրանց:

  1. Աղոթք նրանց համար, ովքեր վատ են վարվում մեզ հետ և հետապնդում են մեզ. Գործք Առաքելոց 7.59

«Եվ ծունկ դրավ և բարձր ձայնով աղաղակեց.  Տեր, այդ մեղքը մի համարիր դրանց համար. և այս ասելով՝ ննջեց»:

Իր կյանքի վերջին րոպեներին Ստեփանոսն աղոթում էր, որ Աստված հայտնի Իր ողորմութունն ու ների նրանց, ովքեր մեղավոր էին իր մահվան մեջ: Որքա՜ն զարմանահրաշ սեր ենք տեսնում Ստեփանոսի վարքի մեջ:

Նա ցույց է տալիս Քրիստոսի կերպարը, որը մենք բոլորս պետք է ձգտենք արտացոլել նրանց համար, ովքեր մեզ չարիք են ցանկանում, և նրանց, ովքեր ցավ են պատճառում մեզ: Անհրաժեշտ է ունենալ սեր, որպեսզի կարող լինենք մեր մյուս այտը շրջելու, և մենք պետք է սովորենք աղոթել նրանց ապաշխարության համար, ովքեր հետապնդում են մեզ:

  1. Աղոթք բժշկության ու հրաշքների համար, որոնք միայն Աստված կարող է կատարել. Գործք Առաքելոց 9.40

«Եվ Պետրոսը ամենին դուրս հանեց, ծունկ դրեց՝ աղոթք արեց. և դարձավ դեպի մարմինը և ասաց. Տաբիթա, վեր կաց. և նա աչքերը բաց արեց. և Պետրոսին, որ տեսավ՝ ուղիղ նստեց»:

Այն մարդկանց օրինակները, ովքեր վերադառնում են ֆիզիկական կյանքի, շատ չեն, անգամ Սուրբ Գրքի մեջ: Բայց այդ պատմությունները գրի են առնված այս գրքում, որպեսզի սովորեցնեն մեզ վստահել Աստծուն անհնարինի համար: Նա ունակ է բժշկելու հիվանդներին, կյանքի վերադարձնելու մեռածներին, վերականգնելու սրտով կոտրվածներին: Նա կարող է չեղյալ հայտարարել մահը: Նա ընդմիշտ չեղյալ է հայտարարել մահը նրանց համար, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին:

Աստված կարող է անել բաներ, որոնք անհնար են մեզ համար՝ համապատասխան Իր կամքի և մեր ունեցած հավատքի: Արդյոք մենք պե՞տք է աղոթենք անհնարինի համար: Արդյոք մենք պե՞տք է աղոթենք, երբ բժիշկները մեր մտերիմ մարդուն ասում են, որ իրեն մի քանի օր է մնացել ապրելու: Իհա՛րկե:

Աղոթեք, որովհետև Աստծո համար անհնարին ոչինչ չկա:

  1. Փառաբանության աղոթք. Գործք Առաքելոց 11.18

«Եվ երբ որ լսեցին այս բաները, լռեցին և փառավորում էին Աստծուն՝ և ասում էին. ուրեմն հեթանոսներին էլ Աստված կյանքի համար ապաշխարություն տվեց»:

Երուսաղեմի հավատացյալները փառաբանում էին Աստծուն այն բանի համար, որ Նա շնորհում է փրկություն և՛ հրեաներին, և՛ հեթանոսներին:

Աստծուն ուղղված փառաբանությունը Նրա բարության համար, աղոթքի ձևերից մեկն է, որը մեզ սովորեցնում է Գործք Առաքելոցը: Մենք շատ պատճառներ ունենք Աստծուն շնորհակալություն հայտնելու ու փառաբանելու, և մեր աղոթքներում մենք պետք է ուրախանանք այն հիասքանչ շնորհով, որը Նա հայտնում է մեզ բոլորիս:

  1. Բարեխոսական աղոթք հալածվող քրիստոնյաների համար. Գործք Առաքելոց 12.5

«Եվ Պետրոսը բանտումը պահված էր, բայց նրա համար անդադար աղոթք էր լինում եկեղեցուցը դեպի Աստված»:

Պետրոսը բանտ էր գցվել Հիսուսի անվան պատճառով, և երբ նա այդ կապանքներում էր, գրված է, որ հավատացյալները անդադար աղոթում էին նրա համար: Եկեղեցին աջակից էր Պետրոսին աղոթքով: Բարեխոսությունը այլ մարդկանց համար, ովքեր հալածանքների մեջ են, ևս մեկ աղոթք է, որը մեզ սովորեցնում է Գործք Առաքելոցը:

Նախանձավորությամբ աղոթեք ողջ աշխարհում հալածվող քրիստոնյաների համար:

  1. Աղոթք միսիոներների համար, ում ուղարկում է եկեղեցին. Գործք Առաքելոց 13.3

«Այն ժամանակ ծոմ պահեցին և աղոթք արին, նրանց վրա ձեռք դրին՝ արձակեցին»:

Անտիոքի վարդապետները աղոթում էին Պողոսի և Բառնաբասի համար նախքան, որ վերջիններիս կուղարկեին իրենց առաջին միսիոներական ճամփորդությանը: Եկեղեցու  վարդապետները սովորեցնում են մեզ աղոթել նրանց համար, ովքեր կանչված են՝ տանելու Ավետարանը ազգերին:

Աղոթենք միսիոներների համար, այն Լուրի համար, որը նրանց է վստահված, և մարդկանց համար, ում հետ նրանք կիսվելու են այդ Բարի Լուրով: Մենք պետք է աղոթենք աստվածային պաշտպանության և հոգիների փրկության համար:

  1. Աղոթք, երբ ամեն բան մոտենում է ավարտին… Գործք Առաքելոց 59

«Եվ քարկոծում էին Ստեփաննոսին, որ կանչում էր և ասում. Տեր Հիսուս, ընդունիր իմ հոգին»:

Մեր վերջին աղոթքը հավիտենության այս կողմում, երբ արդեն ամեն բան ասված է ու արված, ու մենք պատրաստ ենք հանդիպելու Հիսուսի հետ Նրա փառքի մեջ, այսպիսին պետք է լինի. «Տե՛ր, խնդրում եմ, ընդունիր իմ հոգին»:

Որքա՜ն մեծ մխիթարություն ունենք մենք՝ իմանալով, որ Հիսուսը պատրաստ է ընդունելու մեզ՝ Իր հետ հավիտենական կյանքի մեջ:

Ֆլյորցտել

Աղբյուր՝ ieshua.org