Ամերիկացի զույգը, ով երկու տարի առաջ ավտովթարից կորցրել էր երկու որդիներին, լույս աշխարհ է բերել երկվորյակների

Ամերիկացի հովիվն ու նրա կինը, ում երկու երեխաները մահացել էին ողբերգական ավտովթարի ժամանակ 2015 թվականին, օրեր առաջ լույս աշխարհ են բերել երկվորյակ տղաների:

Ջենթրին, ով Շառլոթի (քաղաք ԱՄՆ-ում) ամենամեծ եկեղեցիներից մեկի երկրպագության առաջնորդն է, ընտանիքի հետ վերադառնում էր քրոջ հարսանիքից, երբ նրա մեքենային հարվածում է բեռնատար մեքենա, որի վարորդը 28-ամյա Մեթյու Դինն էր: Վթարը խլում է նրանց երկուամյա որդու կյանքը:

Կինը՝ Հեդլին, 8-ամսական հղի էր այդ ժամանակ: Նրանց երկրորդ որդին կնոջ ստացած վնասվածքների պատճառով ժամանակից շուտ է ծնվում և մահանում երեք օր անց:

Ջենթրի և Հեդլի Էդդինգսները նվիրյալ քրիստոնյաներ են և երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից օրեր անց նրանք հանրային հրապարակմամբ իրենց ներումն են արտահայտում բեռնատարի վարորդի հանդեպ, ում պատճառով էլ այդ վթարը կատարվել էր. գրում է Christian Today-ը:

«Մեր սրտում մենք ներել ենք այն մարդուն, ով պատճառն է մեզ հետ կատարվածի: Դա հեշտ չէր, բայց որոշ չափով մենք արեցինք դա, որովհետև Հեդլին և ես գիտենք, որ Հիսուս Քրիստոսը ներել է մեզ մեր պարտքերը: Այնպես որ, մյուս կողմից մեզ համար շատ հեշտ էր ներել մարդուն, ով վթարի պատճառն էր եղել»,- ասել էր Ջենթրին երեխաների թաղման արարողության ժամանակ:

Նա ներկաներին նույնպես խնդրել էր ներել այդ վարորդին և «յուրաքանչյուրին, ում դեմ ինչ-որ բան ունեն»:

Վարորդը դատապարտվում է 1-3 տարվա ազատարզկման: Իր դատալսման ժամանակ նա ներողություն է խնդրում զույգից նրանց պատճառած այդ մեծ ցավի համար:

Դրանից հետո զույգը հանրային հրապարակմամբ ներում է վարորդին: Նրանք հետագայում ասում են, որ այդ դեպքերից հետո սովորել են որոշակի բաներ «այլ կերպ անել» և շարունակում են հավատալ Աստծուն:

Երբ նրանց հարցնում են, թե ինչպես կարողացան անցնել այդ սարսափելի ընթացքը, Հեդլին պատասխանում է. «Միակ բանը, որի մասին կարող եմ մտածել, սա է. եթե Աստված թողել է մեզ այստեղ, Նա անշուշտ չի ավարտել Իր գործը մեզ հետ: Սա միակ բանն է, որի մասին կարող եմ մտածել:

Աստված ունի ծրագիր: Այս իրավիճակը սարսափելի է մեզ համար: Մենք չենք ցանկանում այստեղ լինել: Այս կորուստը վհատեցնում է մեզ: Բայց մենք գիտենք, որ Աստված բարի է, և Նա ունի ծրագիր. մենք հավատում ենք դրան»,- մեջբերում է Daily Mail-ը Հեդլիի խոսքերը:

Այս տարվա հունվարին զույգը հայտարարեց, որ սպասում է երեխաների, թեև ավտովթարից հետո նրանք ասում էին, թե չեն մտածում այլ երեխաներ ունենալու մասին:

Իսկ այս շաբաթ նրանք արդեն իրենց գիրկն են առել իրենց երկու նորածին որդիներին՝ Եսայիային և Ամովսին, ովքեր ծնվել են առողջ ու երջանիկ: