Պողոսը գիտեր Աստծո զորության դրսևորման գաղտնիքը. Կետրին Կուլման

Հոգու պարգևները ունակություններ են ծառայության համար, և այդ ծառայությունը կայանում է նրանում, որ մարդկանց բերի Քրիստոսի՝ Աստծո Որդու, փրկարար ճանաչողությանը:

Պողոս առաքյալը գիտեր իր զորության աղբյուրը. «Որովհետև միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին՝ և այն էլ խաչվածին» (Ա Կորնթացիս 2.2):

Նա չէր փորձում վերլուծել Աստծուն կամ աստվածային ուժը: Նա քարոզում էր Հիսուս և միայն Հիսուս:

Ի հավելումն բոլոր ունակությունների, որ նա ուներ, և այն ամենի, ինչ նա սովորել էր, Պողոսը գիտեր, որ առանց Աստծո ուժի դրսևորման ոչ ոք դարձի չի գա, և չի լինի ոչ մի փոխված կյանք, և մեղքի ուժը ջախջախված չի լինի մարդկանց կյանքերում: Ոչինչ տեղի չի ունենա, եթե չլինի Սուրբ Հոգու հանդիմանող ու փոփոխություն բերող զորությունը:

Որտեղի՞ց Պողոսը գիտեր սա: Նա գիտեր, որովհետև Հիսուսն Ինքն էր ասել. «Բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհաննես 16.7):

Եվ դա այն էր, ինչ կատարվեց: Մենք գիտենք, որ Հիսուսը երբ երկինք բարձրացավ, Նա նստեց Հայր Աստծո աջ կողմը՝ Քահանայապետի տեղը: Ինչպե՞ս մենք կարող ենք վստահ լինել, որ Նրա խոստացածը կատարվել է: Կարող ենք, որովհետև Աստծո ծրագիրը տեղի է ունենում՝ ըստ ժամանակացույցի: Սուրբ Հոգին եկավ Պենտեկոստեի օրը, ինչպես որ Հիսուսն ասել էր, որ Նա կգա ու կսկսի Իր գործը՝ կհանդիմանի աշխարհին մեղքի համար. «Եվ նա երբ որ գա՝ աշխարհքին կհանդիմանի մեղքի համար, և արդարության համար, և դատաստանի համար։ Մեղքի համար, որովհետև ինձ չեն հավատում։ Արդարության համար, որովհետև ես իմ Հոր մոտ եմ գնում, և ինձ այլևս չեք տեսնի, և դատաստանի համար, որովհետև այս աշխարհքի իշխանը դատապարտված է։ Տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Բայց երբ որ նա՝ ճշմարտության Հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև իր անձիցը չի խոսի, այլ ինչ որ կլսի՝ կխոսի, և գալու բաները կպատմի ձեզ։ Նա ինձ կփառավորի, որովհետև իմիցը կառնի և կպատմի ձեզ» (Հովհաննես 16.8-14):

Երբեմն մենք անգիտակցաբար փառաբանում ենք ամեն բան, ինչ կա երկնքի տակ, բացի Տեր Հիսուսից: Անկախ ձեր հոգևոր փորձից՝ եթե դուք ձեր կյանքում փառավորում եք մեկ այլ անձնավորության, բացի Հիսուս Քրիստոսից՝ Աստծո Որդուց, ուրեմն Սուրբ Հոգին չէ իրագործում այդ փառաբանությունը: Ինչի՞ համար եմ ես սա ասում ձեզ. որովհետև Հիսուսն Ինքը դա ասաց. «Սուրբ Հոգին ինձ կփառավորի»:

Սուրբ Հոգին երբեք չի կենտրոնացնի ուշադրությունը մեկ այլ անձնավորության վրա, Նա երբեք չի կենտրոնացնի ուշադրությունը որևէ տղամարդու կամ կնոջ վրա: Որքան հոգևոր է դառնում մարդը, այնքան նա ցրում է ուշադրությունն իրենից, որպեսզի բարձրացնի Հիսուսի անունը: Ոչ մի անգամ Սուրբ Հոգին Պողոսի վրա չկենտրոնացրեց ուշադրությունը: Խոսելով իր մասին՝ Պողոսը նայում էր ինքն իրեն՝ որպես փոքրագույնը փոքրերից, առաջինը մեղավորներից, բայց մենք նայում ենք այսօր որոշ քրիստոնյաների ու տեսնում, թե ինչպես են նրանք բառացիորեն տարված իրենց հոգևորությամբ:

Մի մոռացեք Հիսուսի խոսքերը, մեզ համար չկա ավելի մեծ հեղինակություն. «Նա ինձ կփառավորի, որովհետև իմիցը կառնի և կպատմի ձեզ: Ամեն ինչ որ Հայրն ունի՝ իմն է. դրա համար ասացի ձեզ, թե իմիցը կառնի և կպատմի ձեզ» (Հովհաննես 16.14-15):

Թույլ տվեք ինձ կրկնել այն, ինչն արդեն նախկինում ասել եմ. ամենը, ինչ անում է Սուրբ Հոգին, լրացնում է Հիսուսին: Եթե դուք ստացել եք պարգև Հոգուց, ուրեմն այդ պարգևը, որը Նա վստահել է ձեզ, կմեծարի ու կփառավորի Հիսուսին, ԵԹԵ դա Հոգուց է: Դա կօգտագործվի Իր իսկ առաջնորդությամբ և վերահսկմամբ: Եթե այդ պարգևը բացահայտվի հավաքույթում կամ եկեղեցում, այն կօգտագործվի միայն նրա համար, որպեսզի մեծարի ու փառավորի Հիսուսին:

Հոգու պարգևները ունակություններ են ծառայության համար, և այդ ծառայությունը կայանում է նրանում, որ մարդկանց բերի Քրիստոսի՝ Աստծո Որդու, փրկարար ճանաչողությանը: