Իշխել կյանքում. Ջոն Բիվեր

Աստծո շնորհքն աներևակայելի է: Այս անարժանաբար տրված պարգևի շնորհիվ մենք ունենք փրկություն, ներում, նոր բնություն և զորություն՝ աստվածապաշտ կյանքով ապրելու համար: Այն նաև կարողություն է տալիս մեզ բազմապատկվելու, պտղաբեր լինելու և կյանքում իշխելու համար: Շնորհքը ճշմարտապես զարմանալի է: Ուշադրությամբ կարդացեք Պողոսի խոսքերը. «Նրանք, որ ընդունում են շնորհքի լիությունն ու արդարության պարգևները՝ կյանքով կթագավորեն այն մեկ Հիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռոմեացիս 5.17):

Այս խոսքի մեծությունը չափազանց ոչ ճշմարիտ է թվում՝ իրական լինելու համար, քանի որ դրանից բխող եզրակացությունները պարզապես ապշեցուցիչ են: Միգուցե հենց սա է պատճառը, որ շատերն անտեսել են այն: Աստծո շնորհով մենք պետք է թագավորենք՝ իշխենք կյանքում: Մենք զորացված ենք, որ հաղթահարենք ամեն մի խոչընդոտ, որն այս աշխարհը կփորձի կանգնեցնել մեր առջև: Կյանքն այս երկրի վրա չպետք է խլի լավագույնը մեզնից. փոխարենը՝ մենք պետք է իշխենք կյանքում: Մենք նշանակված ենք, որ մեծ հետք թողնենք մեր ազդեցության շրջանակում: Սա մեր առաքելությունն է:

Ինչպե՞ս է սա տեղի ունենում գործնականում: Մենք պետք է դուրս գանք մեր ներկա կարգավիճակից, գերազանցենք սահմանված նորմերը: Մենք կանչված ենք, որպեսզի ազդեցություն թողնենք և լինենք գլուխ, ոչ թե պոչ, լինենք բարձրում, ոչ թե ցածրում (Բ Օրինաց 28.13): Մենք ոչ միայն պետք է բարձրանանք կյանքի բացասական հանգամանքներից, այլև պետք է լինենք ավելի ակնառու, քան նրանք, ովքեր չունեն ուխտ Աստծո հետ: Մենք պետք է առաջնորդներ լինենք չլուսավորված աշխարհում: Գլուխը որոշում է ուղղությունը, ընթացքը և միտումները, իսկ պոչը միայն հետևում է: Մեր հասարակության բոլոր բնագավառներում մենք պետք է լինենք առաջնորդներ, ոչ թե հետևորդներ: Արդյոք ներկայումս այսպե՞ս է: Հնարավո՞ր է, որ մենք չենք համապատասխանում այն չափանիշին, որն Աստված բարի է անվանում:

Մեզնից ամեն մեկը կանչված է հասարակության տարբեր ոլորտներում: Որտեղ էլ գտնվենք, մենք պետք է լինենք առաջնորդներ և առաջատարներ: Մեր ձեռնարկությունները պետք է ծաղկունք ապրեն, նույնիսկ եթե մյուսները խնդիրներ ունեն: Մեր երաժշտությունը պետք է լինի թարմ և ինքնատիպ ու աշխարհիկ երաժիշտները պետք է ընդօրինակեն այն: Նույնը պետք է կատարվի մեր գրաֆիկական ձևավորման, տեսամոնտաժի կամ ճարտարապետական նախագծման բնագավառներում: Մեր ստեղծարարությունը պետք է ոգեշնչի մարդկանց և պահանջարկ ունենա բոլոր մակարդակների վրա:

Երբ իշխում են արդարները, մեր քաղաքներն ու երկրները պետք է ծաղկունք ապրեն: Երբ հավատացյալները ներգրավված են որևէ բանում, այդտեղ պետք է լինի ստեղծարարության, նորարարության, արդյունավետության, խաղաղության, ըմբռնողության և անկեղծության առատություն: Մենք՝ Հիսուսի աշակերտներս, պետք է լույս լինենք այս խավար աշխարհում: Ըստ էության՝ Աստծո շնորհքով մենք պետք է նախապատվություն ստանանք կամ աչքի ընկնենք մեր խավար հասարակության մեջ: