Հիսուսը ավազահողմի մեջ հայտնվում է մի խումբ զինյալների

Արաբ մահմեդականների մի խումբ, ովքեր հետապնդում էին քրիստոնյաներին, պատմում են, որ այդ ժամանակ իրենց ճանապարհին առաջացած ավազահողմը ստիպում է նրանց դադարեցնել հետապնդումը, ինչից հետո այդ ավազահողմի մեջ նրանց Հիսուսն է հայտնվում ու «հզոր ձայնով» խոսում նրանց հետ. տեղեկացնում է gospelherald.com-ը՝ հղում անելով bible4mideast.com կայքին:

Խարունը (իրական անունը չի նշվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով) պատմում է, որ իրեն և 19 այլ մահմեդական զինյալների տեղեկացնում են, որ մի խումբ քրիստոնյաներ պատրաստվում են մկրտություն անցկացնել: Նրանք նստում են իրենց մեքենաներն ու շտապում հավաքույթի վայրը՝ բոլորին սպանելու նպատակով:

«Մեր նպատակը ողջ աշխարհով մեկ քրիստոնյաների շրջանում վախ սերմանելն է և նրանց ստիպելը՝ դադարեցնել Մերձավոր Արևելքում մահմեդականներին Ավետարանը հասցնել»,- ասում է Խարունը:

Երբ նրանք գալիս են մկրտության վայրը, տեսնում են, որ քրիստոնյաներն արդեն այնտեղ չեն, այլ հետդարձի ճանապարհին են: Զինյալները որոշում են կայացնում՝ մինչև վերջ հասցնել ձեռնարկած գործը, և արագորեն նստում են մեքենաներն ու սկսում հետապնդել քրիստոնյաների ավտոբուսը:

Ռիզվանը, ով այդ օրը մկրտվածների թվում էր, պատմում է, որ բոլորը մտածում էին, թե դա իրենց կյանքի վերջին օրն է լինելու:

«Չգիտես ինչու՝ մենք ծառայությունն ավարտեցինք ավելի շուտ և շտապեցինք հետ վերադառնալ,- ասում է նա:- Երբ վարորդը մեծացրեց արագությունը, զինյալները հետ չէին մնում և շարունակում էին կրակել մեզ վրա»:

Հետո հանկարծակիորեն ավազահողմ է գոյանում և մի քանի րոպեում ծածկում շուրջը ամեն բան՝ ավտոբուսը կորցնելով զինյալների տեսադաշտից:

Ռիզվանն ասում է, որ իրենք զգում էին՝ ասես Հիսուսը հայտնվեր այդ հողմի մեջ, որպեսզի փակեր ճանապարհն ու պաշտպաներ իրենց զինյալներից, ովքեր, վերջիվերջո, դադարեցնում են հետապնդումը: Փրկված քրիստոնյաները փառաբանում են Աստծուն և ողջ-առողջ վերադառնում են եկեղեցի:

Խարունը պատմում է, որ ավազահողմի պատճառով նրանք ստիպված էին կանգնեցնել մեքենաները, որովհետև ճանապարհը չէին տեսնում: «Մենք չէինք կարողանում առաջ շարժվել,- ասում է նա:- Մենք բոլորս դուրս եկանք մեքենայից և շարունակում էինք կրակել՝ չնայած ոչինչ չէինք տեսնում»:

Հանկարծ այդ հողմի մեջ նրանք տեսնում են Հիսուսին: Խարունը ասում է, որ նրա աչքերը ասես «կրակի բոց» լինեին:

«Ինչո՞ւ եք հալածում ինձ»,- հարցնում է Նա:

«Նրա ձայնն այնքան զորեղ էր, որ երբ խոսեց, քամու ուժգին հոսանքը բառացիորեն մեզ գետնին տապալեց և մի կողմ նետեց մեր «զենքերը»: Խարունն ասում է, որ դա «սարսափելի վերապրում էր»»:

Նրանք փորձում են ոտքի կանգնել, սակայն հայտնաբերում են, որ խոսել անգամ չեն կարողանում: Նրանք սարսափ են վերապրում, վախ և, միևնույն ժամանակ, մի փորձառություն, որը նոր էր նրանցից ամեն մեկի համար:

Խարունի խոսքերով՝ Հիսուսն ասել է նրանց, թե Ինքը «չի եկել այս աշխարհը կործանելու, այլ՝ փրկելու», և Նա նաև ասել է. «Գնացեք խաղաղությամբ»: Հետո Նա անհետանում է, իսկ հողմը՝ դադարում:

Նրանցից բոլորը, բացառությամբ երկուսի, մեծարում են Աստծուն, բայց հետո իրար մեջ վիճում են՝ հասկանալու՝ Աստծո՞ւց էր դա, թե՞ ոչ: Դեպքից հետո Խարունի խումբը այլևս չի մասնակցում ռազմական գործողությունների:

Չնայած որ պատահածը Խարունի ներսում բազում հարցեր է առաջացնում Հիսուսի մասին, նա դեռևս չի ընդունում Հիսուսին: Սակայն այն, ինչ պատահում է օրեր անց, ստիպում է նրան Աստծուն դառնալ:

Օրեր անց Խարունի քույրը հիվանդանոցում է հայտնվում, քանի որ օձը կծել էր նրան:

Հիվանդանոցում մահամերձ վիճակում, երբ աղջիկը քնած էր, երազում նրան հրեշտակ է հայտնվում և պատմում Հիսուսի՝ «Փրկչի և Բժշկի» մասին: Խարունի քույրը եղբորը պատմում է իր երազի մասին, և նրանք աղոթում են ու խնդրում Հիսուսին՝ փրկել իրենց:

Եվ ի զարմանս բոլորի՝ նրանց այցելության է գալիս հովիվ Փոլը՝ «Աստվածաշունչ Մերձավոր Արևելքի համար» ծառայությունից, ով եղել էր այն ավտոբուսի մեջ, որ Խարունը մի խումբ զինյալների հետ հետապնդում էր:

Նա ասում է, որ հրեշտակ է հայտնվել ու ասել իրեն, որպեսզի այցելի հիվանդանոցում Խարունին ու իր քրոջը, հրեշտակն անգամ նրան ասել էր վերջիններիս անունները:

Հովիվ Փոլը Ավետարանով կիսվում է նրանց հետ, Խարունն ու իր քույրը ապաշխարում են և իրենց կյանքերը Քրիստոսին հանձնում: Իսկ քույրը լիովին բժշկվում է օձի խայթոցից:

Երբ նրանց հայրը իմանում է պատահածի մասին, նա նույնպես իր կյանքը Քրիստոսին է հանձնում: Բայց ոչ միայն Խարունի ընտանիքն է փրկվում, այլև զինված խմբավորման մեջ ևս 17 զինյալներ են փրկվում: Նրանք հիմա աղոթում են մահմեդականների համար, որպեսզի վերջիններս էլ դառնան Քրիստոսին: