Տերը բարի է. Ջոն Բիվեր

Պատմությունն այն մասին, թե ինչպես սատանան խորամանկությամբ խաբեց Եվային, սթափեցնող է: Երբ Եվան խաբվեց՝ հավատալով, թե Աստված ինչ-որ բարի բան էր պահել իրենից, նա չէր գտնվում իր հիասթափությունները հաղթահարելու փուլում: Նա չէր սգում վերջերս ունեցած կորստի պատճառով կամ չէր վերականգնվում իր հանդեպ ցուցաբերված անարդար վերաբերմունքից: Նա ապրում էր կատարյալ միջավայրում, որտեղ չուներ ոչ մի կարիք և ամեն օր վայելում էր շփումն Աստծո հետ:

Աստծուն բարու սկզբնաղբյուրը համարելու համար մենք պետք է անխախտ համոզվածություն ունենանք, որ Աստված բարի է: Նույնիսկ Եդեմի պարտեզում սատանային հաջողվեց վիճարկել այս ճշմարտությունը: Այսօր մենք բախվում ենք ավելի շատ գործոնների, որոնք կարող են վիճարկել մեր հավատքն Աստծո բարության հանդեպ:

Ի տարբերություն Եվայի՝ դուք, անկասկած, վերապրել եք հիասթափություն, կորուստ, սխալ վերաբերմունք, շփոթություն, կարիք կամ ցավ: Մենք կարող ենք չնկատել այս բաների ազդեցությունը, քանի դեռ մեր ցանկությունները չեն հակառակվում Աստծո հրահանգներին: Բայց երբ որևէ գայթակղություն է գալիս, մեր ներսում բոլոր կասկած հարուցող հարցերը, որոնք դեռ պատասխանված չեն, սկսում են շշնջալ մեր մտքերում: Մենք մտածում ենք, որ միգուցե Աստված ինչ-որ բան է պահում մեզնից, և սկսում ենք կասկածել, որ օգուտ կստանանք, եթե վարվենք Նրա Խոսքով: Բայց հիշեք Առակաց 14.12-ը. «Կա ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նրա վերջը մահվան ճանապարհներ են»։

Աստված կամք ունի մեզ համար, և ոչինչ՝ դրանից դուրս, չի պարգևի մեզ տևական կյանք, ուրախություն, բավականություն կամ օրհնություն՝ անկախ այն բանից, թե որքան լավ է դա թվում:

Ես խրախուսում եմ ձեզ անկեղծորեն որոշել ինքներդ ձեզ համար, թե որքանով եք դուք հավատում Աստծո բարությանը: Հարցրեք Սուրբ Հոգուն, թե արդյոք ձեզանում որևէ հիշողություն կամ համոզմունք կա՞, որի պատճառով դուք կարող եք չվստահել կամ չհնազանդվել Աստծուն: Երբ պարզեք դա, գտեք խոսքեր Աստվածաշնչից, որոնք հայտնում են Աստծո ճշմարտությունը ձեր իրավիճակի մասին, և հռչակեք դրանք: Խոնարհաբար խնդրեք Աստծո Հոգուն՝ նորոգել ձեր միտքն Իր Խոսքով: Նրա ճշմարտությունը դուրս կբերի ձեզ ազատության մեջ:

«Գոհացեք Տերիցը, որ բարի է. որ հավիտյան է նրա ողորմությունը» (Սաղմոս 107.1):