Հավատքի համար ազատազրկված չինացի քարոզչի կնոջ օրագրից

Երբ ես տղայիս դեռ կրծքիս տակ էի կրում, ամուսինս երկարատև ծոմապահության մեջ էր բանտում: Մեր որդու՝ Իսահակի կյանքի առաջին չորս տարիներին նրա հայրը գտնվում էր անազատության մեջ: Ես կարծում եմ, որ երկնային Հայրն ինչ-որ իմաստով դարձավ Իսահակի հայրը նրա երկրավոր հոր փոխարեն, ով տառապում էր կապանքների մեջ Քրիստոսի համար: Երբ Յունը երկար ժամկետներով դատապարտվում էր ազատազրկման, իսկ Իսահակին արգելում էին դպրոց գնալ, նրա դաստիարակությամբ ու ուսուցմամբ զբաղվում էր Աստված Ինքը:

Ուսուցիչներն ու աշակերտները վիրավորում էին Իսահակին, և նա ստիպված էր անցնել այնպիսի դժվարությունների միջով, ինչպիսին նրա տարիքում շատ քչերին է վիճակվում անցնել: Սկզբում նա մեզ հետ միասին թաքնվում էր ոստիկանությունից, իսկ հետո հատեց սահմանն ու եկավ մի երկիր, որտեղի լեզուն նա չէր հասկանում:

Երբ մենք ժամանեցինք Մյանմա, երեխաները բիրմայերեն չգիտեին: Այդ լեզուն ընդհանրապես նման չէ չինարենին: Աստված նրանց օգնեց արտասովոր արագությամբ յուրացնել այդ նոր լեզուն, և այդ երկիր գալուց ընդամենը մեկ ու կես տարի հետո Իսահակը դարձավ դպրոցի լավագույն աշակերտներից մեկը: Նրան հատուկ գովասանագիր տվեցին և նրա մասին տպագրեցին թերթում, ինչը մեզ շատ անհանգստացրեց, քանի որ ոչ ոք չպետք է իմանար, որ մենք այդ երկրում էինք: Մենք աշխատում էինք ուշադրություն չգրավել:

Զարմանալի է, որ այդքան դժվարություններից հետո նա նորմալ երեխա մնաց: Նա այսօր կարողանում է խոսել չինարեն լեզվի մանդարին ու սյան բարբառներով, բիրմայերեն, լիսու, յինգպո ու գերմաներեն լեզուներով: Նա այդքան զարգացած է միայն այն պատճառով, որ նրա ուսմամբ զբաղվել է անձամբ Աստված՝ ի պատասխան օգնության համար Նրան ուղղված մեր հուսահատ աղոթքների: Իսահակն Աստծուն սիրում է իր ողջ սրտով: Սուրբ Գրոց դպրոցն ավարտելիս նա ասաց. «Ես Աստծուն կծառայեմ իմ ողջ կյանքում»:

Իսկ ինչ վերաբերում է Յուլյինին, ապա նա Աստծո հատուկ պարգևն է: Նա բարի սիրտ ունի և մեծ սեր Տիրոջ հանդեպ: Բացի դրանից, Յուլյինը ձևավորվում է՝ որպես մի կրակոտ և ուժեղ անհատականություն: Նա միայն մի բան է ուզում՝ ծառայել Հիսուսին: Յուլյինը կարեկցող է մարդկանց հանդեպ: Նա ցանկանում է ապրել ճշմարտության մեջ՝ առանց փոխզիջումների գնալու:

Իմ և Յունի համար Աստծո ամենամեծ պարգևները մեր երեխաներն են:

Դելին