Հիշեցի, թե ինչպես էր մայրիկս աղոթքի մեջ ինձ նվիրաբերել… վկայություն

Մորս կյանքի յոթերորդ տասնամյակին նրան կաթված խփեց: Բուժզննումից հետո բժիշկները նրա վիճակը բնութագրեցին որպես անհույս ու ասացին, որ նա այլևս չի կազդուրվի: Երբ ինձ տեղեկացրին նրա անխուսափելի վախճանի մասին, ես գտնվում էի անազատության մեջ և ի վիճակի չեղա նրան այցելելու:

Նրան անգիտակից վիճակում հիվանդանոցից ուղարկել էին տուն՝ մահանալու: Նրա շուրջը հավաքվել էին հավատացյալներն ու աղոթել էին նրա ապաքինման համար: Նա այդ պահին մարդկանցով լցված սենյակում ուշքի էր եկել ու սկսել էր փառավորել Աստծուն: Նա աստիճանաբար կազդուրվեց, ամրացավ ու անգամ կարողացավ ինձ տեսակցության գալ բանտում: Նրա խոսքերով՝ մեր այդ հանդիպումն Աստծո մեծ ողորմությունն էր:

Մի քանի տարի անց, 1996թ-ի սեպտեմբերին, երբ ես քարոզում էի Խենանի տարածքից դուրս, ինձ հեռախոսով տեղեկացրին, որ մայրիկս նորից հիվանդանոցում է և նորից մասնակիորեն կաթվածահարված է:

Ես անմիջապես թողեցի ժողովն ու գնացքով շտապ մեկնեցի Խենան: Հիվանդանոց հասնելով՝ տեսա մորս ծռմռված ու մահացու հիվանդ դեմքը:

Նա բացեց աչքերն ու շշնջոցով ասաց, որ ուզում է սպիտակ շորեր հագնել, քանի որ պատրաստվում է Հիսուսի հետ հանդիպել: Սակայն այդ հանդիպման ժամանակ Տերն ինձ հստակ հասկացրեց, որ նա չի մահանա: Ես ջերմեռանդորեն աղոթում էի նրա համար՝ Հիսուսի անունով դեմ կանգնելով հիվանդությանը: Նա զորության ալիք զգաց իր ողջ մարմնով մեկ, վեր կացավ անկողնուց ու քայլեց հիվանդասենյակում: Նրա դեմքը նորից վերականգնվեց: Բժիշկները, հիվանդասենյակ ներս մտնելով, մի պահ կորցրեցին խոսելու ընդունակությունը:

1998թ-ին, երբ ես արդեն Եվրոպայում էի, մայրս հիվանդության երրորդ ուժեղ հարվածը կրեց: Այս անգամ արդեն ոչ ոք չէր կասկածում, որ նա կմահանա: Անգամ իմ հարազատներն էին կորցրել իրենց հույսն ու նրան հուղարկավորության սպիտակ հագուստներ էին հագցրել: Նրանք անգամ դագաղ էին գնել ու դրել էին մեր տան մոտ:

Ես և մայրս միշտ մտերիմ ենք եղել իրար հետ: Մենք միասին շատ նեղություններ ու օրհնություններ ենք տեսել: Երբ ինձ հայտնեցին նրա հերթական նոպայի մասին, ես երկրագնդի մյուս կողմում էի գտնվում. քարոզում էի Շվեյցարիայում: Ես զանգեցի Չինաստան՝ տուն, ու խնդրեցի լսափողը դնել մորս ականջին: Ահա թե ինչ ասացի ես նրան այդ ժամանակ. «Մայրի՛կ, դու ինձ լսո՞ւմ ես: Հիսուսը սիրում է քեզ, Նա կբժշկի քեզ»:

Հենց որ նա լսեց այդ բառերը՝ «Հիսուսը սիրում է քեզ», անմիջապես վեր կացավ մահճակալից ու սկսեց ցնծալով պարել: Տերը նորից պահեց նրան՝ հետ խլելով մահվան ճանկերից:

Եվ միայն դրանից երկու տարի անց մայրս տեղափոխվեց հավիտենություն: Ես գոհություն հայտնեցի Աստծուն մորս համար: Հիշեցի, թե ինչպես 26 տարի առաջ Տերը հպվեց մեր սրտերին ու օրհնեց նրան, թեև մենք աղքատ էինք ու զազրելի և ապրում էինք մի համեստ, Չինաստանի ոչ ճանաչված անկյուններից մեկում:

Հիշեցի, թե ինչպես էր մայրիկս, երբ ես դեռ պատանի էի, աղոթքի մեջ ինձ նվիրաբերել համաշխարհային ավետարանչությանը: Այդ ժամանակ դա անհնարին էր, քանի որ Չինաստանի բոլոր սահմանները կողպված էին, բայց նա հավատում էր, որ Աստված ի վիճակի է անհնարինը կատարել, և նրա աղոթքն անպատասխան չմնաց:

Չինացի քրիստոնյա Յուն եղբոր «Երկնային մարդը» ինքնակենսագրական գրքից